Խորհրդային տարիներին 40 հազար բռնադատվածների տվյալները կհրատարակվեն 5 հատորում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ գրքերից մեկը վերաբերելու է Կիլիկիային:
«Նախատեսել ենք «Կիլիկիան 1918-1923 թվականներին» գրքի հրատարակումը: Երբ ֆրանսիացիները ազատագրեցին Կիլիկիան, հայ բնակչությունը վերադարձավ և ստեղծեց ինքնավարություն: Սակայն քեմալական զորքերի և Ֆրանսիայի դավաճանական քաղաքականության հետևանքով հայերը ստիպված նորից լքեցին Կիլիկիան՝ Ադանան և մյուս քաղաքները»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:
Եկեղեցուն նվիրված 4 հսկայածավալ հատորներ լույս կտեսնեն:
Ազգային արխիվը հինգ հատորով պատրաստվում է նաև հրատարակել Խորհրդային իշխանությունների տարիների բռնադատվածների տվյալները: Իսկ այդպիսի մարդկանց շարքում, պարոն Վիրաբյանի խոսքով, հայտնվում էին նախկին սպաները, Սպիտակ շարժման մասնակիցները, վաճառականները, ժանդարմները, ոստիկանները, կուլակները և այլն: Կար հատուկ ցանկ, ըստ որի մարդկանց ձերբակալում էին, ապա՝ գնդակահարում կամ աքսորում: Տվյալներ կան, որ պատժի տեսակը պայմանավորված էր տարիքով: Նրանք, ովքեր ծեր էին և չէին կարող ծանր աշխատանքներ կատարել Սիբիրի ճամբարներում, գնդակահարվում էին: Իսկ այն երիտասարդներից, ում ուղարկում էին Սիբիր, շատ քչերը հետագայում վերադարձան, քանի որ ծանր աշխատանքի պատճառով նրանք վաղ էին մահանում:
Վիրաբյանի խոսքով՝ բռնադատվածների մահվան վայրը հայտնի է, իսկ թաղման տեղը դեռ ենթադրությունների տեղիք է միայն տալիս.« Բոլորը գնդակահարվել են նույն վայրում՝ ներկայիս Ազգային անվտանգության շենքի նկուղում: Գնդակահարման վայրը հետագայում դարձել է հրաձգարան, որտեղ սովորում էին ապագա չեկիստները, որոնք մի մասն այսօր շարունակում է ծառայել: Նկուղում դեռևս պահպանվել են արյան հետքերը: Օրինակ, ռուսական բանտերում կա կոյուղի, որը արյունն անմիջապես Մոսկվա գետի միջոցով տանում էր: Մեզ մոտ այդպիսի բան չէին մտածել»,-նշեց նա:
Ենթադրվում է, որ դիերը թաղվել են «Հրազդան» ստադիոնի ներկայիս տարածքում:
«Սա իմ մանկության երազանքն է, և ես վերջապես հնարավորություն ունեմ իրականացնելու: Մենք 40 հազար մարդու մասին տվյալներ ունենք, որոնք բոլորը կներառենք հինգ հատորում: Գրքերը լույս կտեսնեն առաջիկա երեք տարվա ընթացքում: Բոլոր փաստաթղթերը ռուսերեն են»,- ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրենը: