Հայերեն   English   Русский  

ԳՐԻԳՈՐ Ե ՔԱՐԱՎԵԺ


  
դիտումներ: 6403

Որպեսզի խափաներ Լևոն Բ-ի արքայական թագ ստանալու գործընթացը՝ Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը գաղտնի համագործակցում էր հայոց երկրի թշնամիների հետ: Ավելի հեռուն գնաց նրան հաջորդած քրոջ որդին՝ Գրիգոր Ե-ն, որ բացահայտ ըմբոստացավ Կիլիկիո հզոր իշխանի դեմ:

Գրիգոր Ե Քարավեժի ծննդավայրն անհայտ է: Ծնվել է 1172 թ.: Ապագա կաթողիկոսի մկրտության ավազանի անունը Վահրամ էր: Նա Ներսես Շնորհալի կաթողիկոսի եղբայր Վասիլ Պահլավունի իշխանի թոռն էր՝ դստեր որդին:

Պահլավունիների տոհմի անդամները, գրավելով հայոց կաթողիկոսական աթոռը, ամեն կերպ ջանում էին միմյանց փոխանցել այն, որպեսզի տոհմը հայոց քաղաքական կյանքում իր ամուր դիրքերը պահպանի: Այդ նպատակով էլ հայոց Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը իր քրոջ որդուն, տակավին պատանի, օծեց եպիսկոպոս:

Գրիգոր Տղան մահացավ Սիս մայրաքաղաքում, և Լևոն Բ-ն պետք է ընտրություն կատարեր կաթողիկոսի նոր թեկնածուների միջև: Թեկնածուների թվում էին Գրիգոր Տղայի հորեղբայր Շահանի որդին՝ Գրիգոր Ապիրատը, որ Տարսոնի և Լամբրոնի, իսկ ավելի ուշ` Անտիոքի և անգամ Կեսարիայի արքեպիսկոպոսն է եղել, Ապիրատի քրոջորդին՝ Ներսես Լամբրոնացին, որ Տարսոնի արքեպիսկոպոսն էր այդ պահին, 40 տարեկան էր և մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն որպես հոգևորական, այլև աստվածաբան ու քերական, Սսի առաջնորդ արքեպիսկոպոս Հովհաննեսը, որ Կոստանդին Օշինյան իշխանի որդին էր և Ներսես Լամբրոնացու հորեղբորորդին, ինչպես նաև Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ազգական Սեբաստիայի Անանիա արքեպիսկոպոսը:

Սակայն վճռական եղավ հայոց արևելյան կողմի վարդապետների (հաղպատսանահինյան) կողմնորոշումը: Քանի, որ Գրիգոր Տղայի գահակալման ժամանակ թե՛ Ներսես Լամբրոնացին, թե՛ Գրիգոր Ապիրատը պաշտպանում էին կաթողիկոսի գիծը և հակված էին դավանաբանական զիջումների գնալու քաղկեդոնականներին և կաթոլիկներին, այլևս չէին վայելում արևելյան կողմանց վարդապետների համակրանքն ու վստահությունը: Իսկ հաղպատսանահինյան թիմը վճռական էր և զորեղ: Այնտեղ էր ամփոփված ժամանակի հայ կրոնադավանական միտքն ու գիտական ուժը: Նրանք էլ առաջ քաշեցին Գրիգոր Դ Տղայի զարմիկի՝ 21-ամյա Գրիգորի թեկնածությունը:

Ի դեպ, Լևոն Բ-ի ընտրությունը քմահաճ չէր: Կիլիկեցիները ցանկանում էին կաթողիկոսական գահին տեսնել հեղինակավոր Ներսես Լամբրոնացուն: Բայց ընտրելով Գրիգոր Ե-ին՝ Լևոն իշխանը ցանկացավ շահել հայ եկեղեցու արևելյան վարդապետների համակրանքը և նրանց նույնպես միավորել իր ու հայության համահավաք իղձի շուրջ, որն էր՝ Կիլիկիայում հայոց թագավորության հռչակումը:

Այդ պատճառով իշխան Լևոն Բ-ն պաշտպանեց նրա թեկնածությունը` Գրիգորն օծվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս:

Եվ այսպես, հայոց կաթողիկոսական գահ բարձրացավ Պահլավունյաց տոհմի երիտասարդ գործիչը: Բնականաբար, նրա ազգականները՝ կաթողիկոսական գահի երկու հավակնորդները՝ Գրիգոր Ապիրատն ու Ներսես Լամբրոնացին, թշնամական դիրք բռնեցին նորընծա կաթողիկոսի նկատմամբ:

Դրա փոխարեն Գրիգոր Ե-ն վայելում էր արևելահայ եկեղեցու՝ հաղպատսանահինյան դպրոցի երևելի վարդապետների աջակցությունը:

Լևոն Բ իշխանը Կիլիկիայում ամրապնդել էր իր իշխանությունը: Նա կարողացել էր ջախջախել հայոց երկրի թշնամիների զորությունը, դաշն էր կապել խաչակիրների հետ, որոնք էլ պատրաստակամ էին հայոց իշխանին ճանաչել արքա և թագադրել: Սույնով Կիլիկիայում կհռչակվեր հայոց թագավորություն:

Բնականաբար, հայոց տիրակալն արքայական իշխանության հասնելու համար պատրաստ էր դավանանքի առումով որոշ ոչ էական զիջումներ անել խաչակիրներին:

Հայոց իշխանն այս հարցում կարիք ուներ համախոհների և աջակիցների: Նրան հաջողվել էր միավորել հայոց երևելիներին Կիլիկիան հայկական թագավորություն հռչակելու գաղափարի շուրջ; Մնում էր հայոց եկեղեցին, որի ծրագրերում դա չէր մտնում… Եկեղեցուն պետք չէր արքայական իշխանություն, լիակատար անկախ պետականություն, որպեսզի հայությանը համախմբեր ոչ թե պետականության, այլ եկեղեցու և խաչի հովանու ներքո:

Եվ երիտասարդ կաթողիկոսը, փորձելով խափանել Լևոն Բ-ի ձեռնարկումները, հակառակվեց նրան՝ արևելահայ վարդապետների ցուցումով հրաժարվելով որևէ զիջման գնալ կաթոլիկ եկեղեցուն, թեկուզ հանուն հայոց թագավորության հռչակման գաղափարի:

Ուստի Լևոն Բ-ն կտրուկ ու խիստ միջոցների պետք է դիմեր: Նա հրավիրում է հայոց ազդեցիկ իշխաններին, Սիս մայրաքաղաքի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսին և հայտնում է իր որոշման մասին, այն է՝ կալանավորել ըմբոստ ու ապազգային կեցվածք բռնած երիտասարդ կաթողիկոսին: Լևոնի որոշումը պաշտպանեցին Ներսես Լամբրոնացին, Հովհաննես Սսեցին, Գրիգոր Ապիրատը, ևս վեց ազդեցիկ եպիսկոպոսներ:

Եվ հայոց արքայի մարդիկ, Սսի արքեպիսկոպոս Հովհաննեսի առաջնորդությամբ ուղևորվելով Հռոմկլա, տեղում կալանում են կաթողիկոսին, նրան տեղափոխում Սիս, ապա Լևոն Բ-ի հրամանով (1195 թ.) բանտարկում Կոպիտառ բերդում:

Արդյոք սա ծայրահեղ քայլ էր Լևոն Բ-ի կողմից: Ճիշտ է, Լևոն իշխանաց իշխանն աչքի էր ընկնում աննկուն կամքով, կտրուկ գործողություններով ու խստությամբ, բայց նա նաև նուրբ դիվանագիտական հմտություններ ուներ , և դժվար թե կաթողիկոսի չնչին զանցանքին այդպես կտրուկ արձագանքեր: Ամենայն հավանականությամբ, Լևոն Բ-ին հայտնի էր ավելին, քան պատմագիտությունն է մեզ փոխանցել:

Կաթողիկոսի կալանավորումն առաջացրեց հայաստանյան հոգևորականության զայրույթն ու ըմբոստությունը: Լևոն Բ-ն խոստացավ դիվան հրավիրել և բացեիբաց քննարկել երիտասարդ կաթողիկոսի վարքը, բայց գործը դրան չհասավ, և դրա մեջ մեղավորն ամենևին էլ Կիլիկիո իշխանը չէր:

Կաթողիկոսը փորձում է փախուստի դիմել բանտից: Նա հավանաբար հագուստից ու սպիտակեղենից պարան է հյուսում, կապում բանտի պատուհանների ճաղերից ու փորձում գիշերը իջնել ամրոցից: Սակայն պարանը չի դիմանում: Գրիգորի ջախջախված դիակն առավոտյան գտնվել է բերդապարսպի ստորոտում՝ մեջքին պարան… Այդ է պատճառը, որ վաղամեռիկ կաթողիկոսը հայոց կաթողիկոսների գահացանկ է մտել որպես Գրիգոր Ե Քարավեժ:

Պատմաբաններից ոմանք կարծում են, որ կաթողիկոսն ամենևին էլ փախուստի փորձ չի արել, այլ դա լավ քողարկված սպանություն էր և սպանության հեղինակը Լևոն իշխանաց իշխանն էր: Սա պնդելու համար բավարար հիմքեր իհարկե չկան, սակայն, ինչպես ցույց տվեց հայ եկեղեցու ընթացքը և դիրքորոշումը հայոց թագավորության հռչակման գործում, ինչը բնավ չէր բխում հայոց համահավաք շահերից, դա միայն արդարացի պետք է համարել, քանզի հայոց թագավորության հռչակումը խոչընդոտող յուրաքանչյուր քայլ պետք էր դիտարկել որպես ազգային և պետական դավաճանություն:

Կաթողիկոսի մահից հետո այլևս անիմաստ էր եկեղեցական ժողովի գումարումն ու նրան հետմահու դատապարտելը, մնում էր նրան պատվով ու շուքով թաղել:

Լևոն Բ-ն հրամայեց հանդիսությամբ հուղարկավորել կաթողիկոսին: Նրա դին ամփոփվեց Դրազարկի վանքում՝ Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի շիրիմի կողքին:

Գրիգոր Ե Քարավեժին հայոց կաթողիկոսական գահին հաջորդեց նրա ազգականը՝ Գրիգոր Զ Ապիրատը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: