Արցախյան շարժումը ոչ մի կապ չունի ՀՀՇ կուսակցության հետ. Աշոտ Մանուչարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով Արցախյան շարժման 30-ամյակին:
Նա գտնում է, որ ԽՍՀՄ ԿԳԲ-ն փորձում էր միջամտել պայքարին բախումներ առաջացնելով երկու ժողովրդի միջև՝ ջոկատներ կազմելով Սումգայիթում և Կիրովաբադում, ինչ արդյունքում այնտեղ եղան հայերի ջարդերը:
Մանուչարյանի խոսքով՝ առանց անվտանգության ուժերի այդ ջարդերը տեղի չէին ունենա: Գործողության նպատակն ամբողջ ԽՍՀՄ համակարգի փլուզումը կանխելն էր: Արդյունքում Ադրբեջանում հաջողվեց այդ ջոկատները ստեղծել, իսկ Հայաստանում՝ ոչ: Այդ տիպի վերահսկողությունից դուրս մնաց Հայաստանը:
Նա պատմեց, որ շարժման առաջին հավաքը անցկացրել է իրենց՝ Մխիթար Սեբաստացի դպրոցը (նախկին համար 183 դպրոցը):
«Շարժման ավագ սերունդը փորձում էր պայմանավորվել ապարատային, այսինքն՝ դիմել Մոսկվա, Ղարաբաղում ինչ-որ քայլեր ձեռնարկել, իսկ երիտասարդները ավելի համարձակ էին հրապարակային գործողություններում, ավելի շատ ներգրավում էին զանգվածները»,-նշեց նա:
Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ շարժման ձեռքբերումներից էին հաղթանակը՝ պատերազմում, փախստականների մեծ հոսքի խնդրի հաղթահարումը: Մարդիկ տեսան, որ ի վիճակի են այդ ամենը հաղթահարել: Սխալներից մեկն այն էր, որ «Ղարաբաղ կոմիտեն» որոշում կայացրեց գնալ դեպի կառավարում:
«Ժողովրդի մեջ կարծիք կա, որ Ղարաբաղյան շարժումը ՀՀՇ-ն է իրականացրել, սակայն շարժումը ոչ մի կապ չունի ՀՀՇ-ի հետ: Ես միշտ եղել եմ շարժման ղեկավար շրջանակների մեջ, բայց չեմ եղել ՀՀՇ-ի կուսակցության մեջ: Համայն հայության շարժումն է հենց հաղթել»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերը միջազգային հարթակներում չեն դառնում Արցախյան հիմնախնդրի բաղկացուցիչ մաս, Աշոտ Մանուչարյանը նշեց, որ միջազգային հարթակները Համաշխարհային ֆինանսական համակարգի կառավարման ներքո են. «Մեր պատկերացումը, որ կան հուրի-փերի քեռիներ, որոնք փնտրում են արդարությունը, ճշմարտությունը էս աշխարհում և այլն, իրականության հետ որևէ աղերս չունեն: Էդ լուսապայծառ քեռիները, որ այստեղ՝ երևում են, նրանք ամենախոշոր դահիճներն են Երկիր մոլորակի: ԻՊ-ի գրոհայինները ոչինչ են նրանց համեմատությամբ»,-նշեց պարոն Մանուչարյանը: