ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ
Ֆրանսիան խաբեց հայությանն ու վաճառքի հանեց հայոց երազանքը
Այս շարքում, սակայն, առանձնահատուկ է Հայկական (Արևելյան) լեգեոնի դերակատարությունը ֆրանսիական բանակի կազմում: Առանձնահատուկ է, քանզի Հայկական լեգեոնը կազմավորվեց հենց Հայաստանի ազատագրման նպատակով և լիովին կանոնավոր բանակ էր:
Առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիայի դեմ պատերազմող Ֆրանսիան առանձնահատուկ շահեր էր հետապնդում Պաղեստինում և Կիլիկիայում: Հայությունը, ձգտելով ազատագրվել թուրքական լծից, ամեն կերպ աջակցում էր հակաթուրքական ուժերին: Թվում էր` Թուրքիան փլուզման եզրին է և հայության իղձերի իրականացումը մոտ է:
Հայրենիքի ազատագրման պայքարին նպաստելու նպատակով Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշան 1916 թ. հոկտեմբերին Լոնդոնում հանդիպում է Ֆրանսիայի և Անգլիայի ղեկավարների` Ժորժ Պիկոյի և Մարկ Սայքսի հետ, որոնց առաջարկում է Անտանտի զորաբանակների մեջ ստեղծել առանձին հայկական զորամիավորումներ. պայմանով, որ նրանք պետք է կռվեն բացառապես պատմական Հայաստանի տարածքում: Առաջարկը հետաքրքրում է Ժորժ Պիկոյին, և նա Պողոս Նուբարի հետ երկարատև քննարկումից հետո գալիս է համաձայնության, այն է` ֆրանսիական բանակի կազմում կազմավորվում է հայկական զորամիավորում, որը պետք է պատերազմի բացառապես Թուրքիայի դեմ: Պատերազմի հաղթական ավարտից հետո Ֆրանսիան պարտավորվում է իր հովանու ներքո ինքնավարություն տալ հայկական Կիլիկիային, իսկ Հայկական լեգեոնը հետագայում պետք է կազմեր Կիլիկիայի հանրապետության բանակի կորիզը:
Հայկական լեգեոնի կազմավորման աշխատանքները պիտի իրականացներ Եգիպտոսի Հայ ազգային միությունը` ֆրանսիացի գնդապետ Ռոմիոյի հսկողությամբ: Լեգեոնում կարող էին զինվորագրվել միայն հայեր և արաբներ, հրամանատարական կազմը պետք է համալրվեր ֆրանսիացիներից և թուրքական բանակում ծառայած հայ սպաներից:
Արդեն 1916 թ. նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի կառավարության հրամանագրով ստեղծվում է Հայկական լեգեոնը, որի պաշտոնական անվանումը «Արևելյան լեգեոն» էր:
Հայկական լեգեոնի ստեղծումը մեծ ոգևորություն առաջացրեց ոչ միայն եգիպտահայության և Կիլիկիայի հայության շրջանում, այլև հեռավոր սփյուռքում:
Ի դեմս Հայկական լեգեոնի` հայությունը տեսնում էր ապագա Կիլիկյան Հայաստանի բանակը, բացի այդ, սա եզակի գործնական քայլ էր հայության դաշնակիցների կողմից հայության իղձերն ի կատար ածելու ուղղությամբ:
Հազարավոր մարդիկ ցանկություն հայտնեցին զինվորագրվել լեգեոնին: Սակայն ընտրությունը խիստ էր անցկացվում: Հայության բոլոր ուժերը միահամուռ գործի անցան:
Շուտով արդեն համալրվեց առաջին վաշտը 600 մարտիկներով, հիմնականում` մուսալեռցիներով, թուքական բանակում ծառայած և գերված հայ զինվորականներով, եգիպտահայերով: Նրանում զինվորագրվեց նաև Մուսա լեռան հերոսամարտի ղեկավարներից Եսայի Յաղուբյանը:
1917 թ. ամռանը 1200 ամերիկահայ կամավորներ ձևավորեցին Հայկական լեգեոնի երկրորդ վաշտը:
1918 թ. լեգեոնում արդեն հաշվվում էր ավելի քան 5662 զինվորական, որոնցից արաբ էին 500-ը, մնացածը` հայեր: Լեգեոնի նախնական տեղակայման վայրը Կիպրոս կղզին էր, որտեղ հավաքագրվում էին զինվորները, հանդերձավորվում, պարենավորվում, զինվում, այստեղ էին անցկացվում դաշտային պարապմունքները:
1918 թ. մայիսին լեգեոնը տեղափոխվում է Պաղեստին, ուր Պաղեստինի ընդհանուր ճակատի հրամանատար Ալենբիի ղեկավարությամբ պետք է ստանար մարտական մկրտությունը:
1918 թ. սեպտեմբերին Պաղեստինում անգլո-ֆրանսիական ուժերն ընդհանուր ճակատով հարձակման անցան: Թեժ մարտեր էին ընթանում հատկապես իր անառիկությամբ աչքի ընկնող Արարա լեռան մատույցներում: Մինչ այդ անգլիական բանակի բազմաթիվ գրոհներ թուրքերը հաջողությամբ հետ էին մղել` օգտագործելով տեղանքի հարմարությունները:
Հայկական լեգեոնի առջև դրված էր հենց Արարայի բարձունքները գրավելու խնդիրը: Ի դեպ, չգիտես ինչու, այս դիրքերում պաշտպանվող թշնամին թվային առավելություն ուներ: Գրոհող 600 հայ զինվորների դեմ Արարայի բարձունքները պաշտպանում էր 1600 զինվորից բաղկացած զորաբանակ, որից 600-ը գերմանական բանակի զինվորներ էին: Այս զորաբանակը մինչ այդ հաջողությամբ հետ էր մղել անգլիական 3000-անոց զորաբանակի հարձակումը:
Արարայի բարձունքները շատ կարևոր էին ռազմաճակատի համար: Դրանք դուռ էին բացում դեպի Պաղեստին և գրավելով Արարան` կբեկվեր պատերազմի ընթացքը: Ահա այս դժվարին առաքելությունը պիտի իրագործեր հայկական լեգեոնը:
Սակայն ցասումը, վրեժի ծարավը հայ հերոսներին գրոհի տարավ: Տալով ընդամենը 23 զոհ և 76 վիրավոր` հայկական լեգեոնը գրավեց Արարայի բարձունքները: Գերմանական մարշալ Լիման ֆոն Սանդերսի «Իլդիրիմ» («Կայծակ») բանակը չդիմացավ հայոց ցասման հարվածներին:
Արարայի հաղթանակը մեծ փառք բերեց Հայկական լեգեոնին: Նրան վերապահվեց Բեյրութի ազատագրման պատիվը, ինչը հայ մարտիկները պատվով ու ոգևորությամբ կատարեցին:
1918 թ. աշունը շատ առումներով բեկումնային եղավ պատերազմում: Հայկական լեգեոնը կենտրոնացավ Կիլիկիայի շուրջ` նպատակ ունենալով ներխուժել և ազատագրել Կիլիկիան: Մասնավորապես, հայկական զորաբանակի մի ստվար մասը կենտրոնանում է Ալեքսանդրեթի (Իսոսի) մատույցներում, մյուս մասը` Մերսինում:
1918 թ. դեկտեմբերի 17-ին եկավ բաղձալի պահը, և Հայկական լեգեոնը հարձակման անցնելով` մուտք գործեց Կիլիկիա: Մինչև 1919 թ. մայիսի վերջը Հայկական լեգեոնը համառ մարտերով, ստանալով ազգաբնակչության աջակցությունը, ազատագրեց Կիլիկիան թուրքերից: Թվում էր` հայության իղձերի իրականացումը շատ մոտ է: Կիլիկիա վերադարձան տասնյակհազարավոր հայեր: Կիլիկիո շեներն ու քաղաքները դարձյալ սկսեցին ծխալ, ծաղկել: Հայ քաղաքական ուժերը միասնաբար Կիլիկիո ինքնավարության ուղիներն էին քննարկում:
Փառքով ազատագրելով Կիլիկիան` Հայկական լեգեոնը ոչ միայն ջախջախեց ու քշեց թուրքական զորամիավորումները երկրից, այլև հայոց ջարդերի վրեժնառավ թուրքերից: Հայոց զենքի ցասումից ահաբեկված` շատ թուրքական բնակավայրեր դատարկվեցին: Թշնամին ահաբեկված փախուստի դիմեց:
Սակայն Ֆրանսիան իր առանձին ծրագրերն ուներ: Իր դաշնակիցներից (հիմնականում` Անգլիայից) առանձին ու թաքուն Ֆրանսիան հարաբերություններ սկսեց Թուրքիայի հետ. հաշտություն կնքեց Թուրքիայի հետ և պարտավորվեց ոչ միայն Կիլիկիան ծախել հայի դարավոր ոսոխին, այլև իր նահանջից առաջ զինաթափել Հայկական լեգեոնը` հայության վերջին պահապանն ու հույսը:
1920 թ. օգոստոսի 19-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես լուծարեց Հայկական լեգեոնը, իսկ 1921 թ. դեկտեմբերին ֆրանսիական հրամանատարությունը զինաթափեց այն: Զինաթափվեցին նաև պաշարված Հաճընին ու հայոց այլ բնակավայրներին օգնության փութացող զորամիավորումները: Ֆրանսիան խաբեց հայությանն ու վաճառքի հանեց հայոց երազանքը: