Հայերեն   English   Русский  

Միայն էնտուզիաստներով գիտություն չես զարգացնի. երիտասարդ գիտնական


  
դիտումներ: 5134

«Որպեսզի գիտությունը Հայաստանում կայանա՝ տարիներ պետք կլինեն։ Մեր երկրի համար գիտության զարգացումն այլընտրանք չունի։ Մենք արդեն իսկ շատ բան ենք կորցրել։ Պետք է ժամանակին ճիշտ քաղաքականություն վարենք, որ մնացածն էլ չկորցնենք»,- ասում է ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳՊԿ «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող 2017» մրցույթի հաղթողներից Վռամ Մուղնեցյանը։

Երիտասարդ գիտաշխատողն ասում է, որ նանոկառուցվածքների ֆիզիկայի ոլորտն է ընտրել, քանի որ սա արդիական և բուռն զարգացող ոլորտներից է, որտեղ խաչվում են հիմնարար և կիրառական գիտությունները։ Նաև հավելում է, որ ճիշտ է, ինքը տեսությամբ է զբաղվում, սակայն առանց ժամանակակից լաբորատորիաների ու փորձերի անհնար է լիարժեքորեն զբաղվել գիտությամբ։

«Եթե տեսական հետազոտություններով զբաղվող գիտնականը հնարավորություն չունի առնչվելու նույն ոլորտում տեղի ունեցող փորձերին, մասնակցելու այդ փորձերին, որոշակիորեն ազդելու այդ փորձերի վրա, այլ որպես դիտորդ պետք է հետևի, թե արտասահմանում ով ինչ փորձ է արել ու մտածի դրա հիման վրա իր տեսական աշխատանքները զարգացնել, այդ դեպքում ես կարծում եմ՝ տվյալ ոլորտն արագ և արդյունավետ զարգանալու հեռանկարից զուրկ է։ Այո, ես տեսությամբ եմ զբաղվում, բայց իրոք շատ դժվար է նպաստել այդ ոլորտի զարգացմանը՝ առանց փորձարարական բաղադրիչի»,- ասում է նա։

Չնայած առկա դժվարություններին՝ Վռամ Մուղնեցյանն իր ապագան հենց գիտության ոլորտում է պատկերացնում. «Եթե ինձ գիտությունից դուրս պատկերացնեի, մոտ տասը տարի առաջ թողած կլինեի գիտությունը»։

Նրա համոզմամբ՝ գիտության յուրաքանչյուր ձեռքբերում անդրադառնում է մարդու կյանքի որակի վրա. որքան զարգանում է գիտությունը, այնքան ավելի պահանջված է դառնում մարդը որպես ռեսուրս։ «Հատկապես մեր երկրի համար, որը չունի բնական ռեսուրսներ, կարևոր է, որ գիտությունը զարգանա, որ ունենանք որոշակի համակարգված գիտական քաղաքականություն, որն էլ, իմ կարծիքով, կմեծացնի մեր երկրի դերը միջազգային ասպարեզում»։

Մուղնեցյանը նշում է, որ զարգացած երկրներում գիտնականի դերը շատ հստակ է տվյալ երկրի գիտական համակարգում, որոշակի գիտական միջավայր գոյություն ունի, որը նպաստում է գիտնականի կայացմանը և արդեն իսկ կայացած գիտնականից երկրի համար առավելագույն օգուտ քաղելու մեխանիզմներ ունի, մինչդեռ այդ ամենը չկա մեր երկրում։

«Գուցե կան կղզյակներ, բայց ընդհանուր միջավայրը, որը կնպաստի երկրում գիտության զարգացմանը և գիտնականի կայացմանը և հետո գիտնականի աշխատանքը կծառայեցնի ի նպաստ երկրի, այդպիսի մեխանիզմներ չկան մեզ մոտ,- ասում է նա։- Կամա թե ակամա մեզ մոտ գիտությունն իր դերը չի կատարում։ Այդ առումով անելիք ունեն թե՛ գիտնականները, թե՛ կառավարությունը»։

Մուղնեցյանը խնդրի լուծման մի քանի ուղիներ է մատնանշում․ «Նախ՝ պետք է հասկանալ, թե որ ուղղություններն են անհրաժեշտ մեր երկրին, ոչ միայն ներքին պահանջարկը բավարարելու համար, այլև որպեսզի մեր երկիրը որոշակի հանգույց դառնա միջազգային գիտական շղթայում»։

Որպես հաջորդ քայլ նա առաջարկում է արդյունավետ հիմքերի վրա դնել ֆինանսավորման բաշխումը. «Եթե ճիշտ քաղաքականություն վարվի՝Հայաստանն էլ կարող է ֆինանսավորել գիտությունը, դա անհնար չէ։ Բայց սոսկ ֆինանսավորելով արդյունքի չենք հասնի։ Անկախ ֆինանսավորման ծավալից՝ միջոցները պետք է ճիշտ ուղղորդել, հասկանալ, թե ինչին գումար հատկացնել գիտական արդյունք ունենալու ու երկրի շահերին ծառայեցնելու համար»։

Միաժամանակ գիտաշխատողը հիշեցնում է, որ գիտության զարգացումն երկարաժամկետ ծրագիր է, և XXI դարում գիտությունն առանց մեծածավալ ֆինանսավորման հնարավոր չէ պատկերացնել։

Հարցին, թե ֆինանսական խնդիրների լուծումն ինչքանով կապահովի երիտասարդների հոսքը դեպի գիտություն, Մուղնեցյանը պատասխանում է, որ դա կարևոր, բայց ոչ բավարար պայման է, նույնչափ կարևոր է նաև համապատասխան գիտական միջավայրի առկայությունը. «Ես ինքս ավելի բարենպաստ գիտական միկրոմիջավայրում եմ, ուստի այդ գործոնն ինձ վրա այդքան չի անդրադարձել, ինչն էլ ինձ գիտությամբ զբաղվելու հնարավորություն է տվել։ Բայց շատերը, հակառակ իրենց բուռն ցանկության, չեն կարողանում շարունակել գիտական աշխատանքը, քանի որ իրենց մոտ այդ միկրոմիջավայրն էլ է բացակայում։ Երիտասարդին որոշակի միջավայր է պետք կայանալու համար։ Հայաստանում նաև շատ թույլ է զարգացած տարբեր գիտական խմբերի միջև համագործակցությունը, որը ևս խնդիր է ստեղծում»։

Անդրադառնալով գիտաշխատողներին գիտությունում պահելու ուղղությամբ տարվող քաղաքականությանը՝ Մուղնեցյանն ասում է, որ արդյունավետ գիտաշխատողներին ուղղված խրախուսական ծրագրերը բավարար չեն, դրանք ընդամենը ժամանակավորապես նվազեցնում են գիտաշխատողների արտահոսքի տեմպերը։

Նա նաև հավելում է, որ տեղացի մասնագետները շատ բան չեն ակնկալում. ընդամենը բավարար վարձատրություն, որ երկրորդ աշխատանքի մասին մտածելու կարիք չունենան։

Մուղնեցյանը, որ նաև ԵՊԲՀ-ում է դասավանդում, ասում է, որ խնդիր է ոչ միայն մասնագետներին գիտությունում պահելը, այլև դեպի գիտություն գրավելը։ Ամփոփելով ուսանողների հետ շփման փորձը՝ ասում է, որ մեծ է անտարբերությունը գիտության նկատմամբ. «Ճիշտ է, միշտ էլ կան ուսանողներ, որոնք ռոմանտիկ են ու որոշում են, որ պետք է գիտությամբ շարունակեն, բայց ինձ թվում է՝ հույսը դնել էնտուզիաստների ու ռոմանտիկների վրա սխալ է, այդպես գիտություն չես զարգացնի»։ Նշում է, որ երիտասարդների համար գիտությունը գրավիչ դարձնելու համար պետք է դպրոցից սկսած համապատասխան արժեքներ սերմանել երեխաների մեջ, ինչպես նաև ապահովել գիտության պատճաշ ֆինանսավորում և միջավայր։

Անդրադառնալով ԿԳ նախարարի՝ վերջերս արած հայտարարությանը, թե լավ գիտնականը կարող է ինքնուրույն իր ֆինանսական խնդիրները լուծել, Մուղնեցյանն ասում է, որ ներկայումս կան գիտնականներ ու գիտական խմբեր, որոնք ինքնուրույն իրենց ֆինանսական հարցերը լուծում են։ «Բայց այդքանով հանդերձ նրանք չեն նպաստում Հայաստանում գիտության զարգացմանը, որովհետև աշխատում են միջազգային համագործակցությամբ՝ ամեն մեկն իր գլուխը պահելով։ Սա,փաստորեն,արտագնա աշխատանքի մի տարբերակ է։ Եթե չկա որոշակի քաղաքականություն, թե ինչպես կարելի է զարգացնել Հայաստանի գիտությունը, այդ համագործակցությունը մնում է որպես միջոց գիտնականների արտահոսքը նվազեցնելու համար։ Պետական մոտեցում է հարկավոր, որպեսզի միջազգային համագործակցությունը նաև երկրին ծառայի»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: