Հայերեն   English   Русский  

ԳԱԳԻԿ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը


  
դիտումներ: 15043

Գագիկ Ա թագավորը (990-1020) Բագրատունյաց Հայաստանի թերևս ամենազորեղ տիրակալն էր: Նրա գերիշխանությունը, պատմական Հայաստանի տարածքում գտնվող առանձին թագավորություններից ու իշխանություններից զատ, ճանաչում էին նաև Վրաստանը, Աղվանքը: Գագիկ Առաջինի լրիվ տիտղոսը «Շահնշահ հայոց և վրաց» էր:

Գագիկ Առաջինի գահակալումը մշուշով է պատված: Նա հաջորդեց եղբորը` Սմբատ Բ Տիեզերակալին (977-990), որը, չնայած իր մեծադղորդ մականվանը, թուլակամ էր և իր թագավորության ընթացքում թերևս մեկ մեծագույն գործ կատարեց` Անիի ընդարձակումն ու Սմբատաշեն պարիսպների կառուցումը:

Գագիկ Բագրատունին, ենթադրաբար, Աշոտ Գ Ողորմած արքայի (954-977) կրտսեր որդին էր: Աշոտ Շահնշահի որդիներից երկուսը` Սմբատը և Կյուրիկե-Գուրգենը, թագ ունեին: Վերջինս հիմնադիրն էր Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության: Գագիկը հորից ժառանգություն չի ստացել: Նրա պատանեկության և երիտասարդության տարիների մասին պատմությանը ոչինչ հայտնի չէ:

Սմբատ Բ-ի գահակալման վերջին տարիները լի էին քաղաքական փոթորիկներով: Հայաստանին սպառնում էին արաբական էմիրությունները: Պատմիչները փաստում են, որ Սմբատը փորձում է պատերազմ սկսել արաբական էմիրությունների դեմ, սակայն նրան դավում է արքաեղբայր Գագիկը, որ արդեն Անիում էր հաստատվել:

Սմբատ արքայի դեմ մայրաքաղաք Անիում մեծ դժգոհություն կար: Նա ամուսնացել էր հարազատ քրոջ դստեր հետ, ինչը առաջացրել էր բնակչության և հոգևորականության դժգոհությունը: Գագիկ արքաեղբայրը, օգտվելով այդ դժգոհություններից, իր շուրջը հավաքեց հայոց ավագանուն և պետական հեղաշրջում կատարեց. սպանելով եղբորը` գրավեց հայոց գահը: Այդ մասին ակնարկում է Գագիկ Առաջինի պալատական պատմիչ Ստեփանոս Ասողիկը, որ ընդհանուր առմամբ գովաբանելով Գագիկ Առաջինին` գրում է. «Ավաղ, միում չարին, որ արգել զբանս գովեստի իւրոյ...»

Ինչևիցե, Գագիկ Առաջինը դավադրաբար սպանում է եղբորը և տիրանում հայոց գահին: Նրա այդ քայլն ընդվզում է առաջացնում երկրում: Քանի որ Սմբատ Բ-ն անժառանգ էր, նրանից հետո ավագության կարգով գահը պիտի ժառանգեր Լոռվա թագավոր Գուրգեն-Կյուրիկե Առաջինը (962-990) կամ նրա որդի Դավիթ Ա Անհողինը, որ թագավորեց Լոռիում 990-1048 թթ.: Սա էլ պատճառ դարձավ Լոռվա թագավորության ապստամբության: Գագիկի դեմ ապստամբեցին նաև Սյունիքի թագավորությունը և Վանանդը: Վանանդի թագավորության արքայազն Ծիթվասանը Հաղբատում թողած մի արձանագրության մեջ Դավիթ Անհողինին կոչում է ինքնակալ արքա: Սա նշանակում է, որ Վանանդի տունը ևս ճանաչում է Գագիկի անօրինությունը և Դավթի օրինական պահանջը:

Գագիկ Առաջինի դեմ մեծ հուզումներ առաջացան նաև Անիում: Ժողովուրդն ըմբոստանում է: Անգամ լուրեր են շրջում, թե Սմբատ արքան չի մահացել, ողջ է: Ժողովրդական հուզումները հանդարտեցնելու համար Գագիկ Առաջինը կարգադրում է բացել Սմբատ Բ-ի շիրիմը և ի ցույց դնել ժողովրդին, որ բոլորը համոզվեն արքայի մահվան հարցում և հանդարտվեն: Սա ևս մեկ վկայություն է, որ Գագիկը պետական հեղաշրջմամբ է տիրացել հայոց գահին, քանզի կարգադրել էր անհապաղ թաղել Սմբատի դին և արագ թագադրվել էր` առանց պաշտոնական արարողակարգի:

Գահ բարձրանալով` Գագիկ Առաջինը նախ և առաջ փորձեց ամրապնդել իր իշխանությունը: Նա ամրացրեց հայոց բանակը` թվաքանակը հասցնելով 100 հազարի: Մատթեոս Ուռհայեցին Գագիկի բանակի մասին գրում է. «Եւ յայնմ աւուր լինէր հանդէս զօրաց նորա հարիւր հազարաց վառելոց ընտիր արանց ի մարտ պատերազմաց անուանեաց և քաջ կորովեացէ վասն զի որպէս զկորիւնս առիւծուց կամ որպէս զձագս արծուեաց յուզէին զօր պատերազմին»։

Կառավարման առաջին տարիներն անցկացրեց շարունակական պատերազմների մեջ: 992 թ. նա արշավեց Սյունիք և մի շարք գավառներ գրավեց Սյունյաց թագավորությունից և Փառիսոսից: Ապա որոշ նվաճումներ ունեցավ Վասպուրականում` իր թագավորությանը միացնելով Ծաղկոտն և Կոգովիտ գավառները, գրավեց նաև Վայոց ձորը, Բասենը: Մի խոսքով, Գագիկ Առաջինն Անիի թագավորության տարածքն ընդլայնեց հայկական մյուս թագավորությունների տարածքների հաշվին:

Շուտով` 998 թ. Գագիկի թագավորությանը սպառնաց Ատրպատականի Մամլան ամիրան, որը մեծ զորքով շարժվեց Հայաստանի վրա: Գագիկը զորահավաք հայտարարեց, դաշինք կնքեց Տայքի զորեղ տիրակալ Դավիթ Կյուրոպաղատի, վիրա-աբխազական թագավորության հետ և Ծումբի ճակատամարտում ջախջախեց թշնամուն: Այս հաղթանակը ամրապնդեց Գագիկի դիրքերը:

1001 թ. Գագիկ Առաջինի դեմ ապստամբեց եղբորորդին` Լոռվա երիտասարդ թագավոր Դավիթ Ա Անհողինը, որն ուզում էր տիրանալ իր հայրական ժառանգությունը համարվող Անիին: Գագիկը մեծ զորքով շարժվեց Լոռի, սակայն երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո այդպես էլ չհանդիպեց Դավթի բանակին: Պատմիչներն առհասարակ մշուշոտ են ներկայացնում այս դեպքերը: Հավանաբար Դավիթն իր բանակով նույն միջոցին ներխուժել էր Շիրակ` Գագիկ Առաջինի տիրույթները: Ամեն դեպքում, գործը բախման չհասավ և կողմերը նստեցին բանակցությունների: Ցավոք, Շիրակավանի բանակցությունների մասին էլ շատ բան հայտնի չէ: Պարզ է մեկ բան. արդյունքում Գագիկ Առաջինը Լոռիում ձեռք բերեց Կայան և Կայծոն ամրոցները:

Արտաքին հարաբերություններում Գագիկ Առաջինն իրեն բավական ամուր էր զգում: Օրեցօր Բյուզանդիայի ճնշումը մեծանում էր հայոց թագավորությունների դեմ: Բյուզանդիան, ձգտելով դեպի արևելք, փորձում էր գրավել Հայաստանը: Այդ նպատակով 1000 թ. Արևելք է ժամանում բյուզանդական հզոր միապետ Վասիլ Բ Բուլղարասպանը: Շատ հայ գահակալներ և իշխաններ ընդառաջ գնացին և դիմավորեցին Բյուզանդիայի կայսերը: Բայց Գագիկ Առաջինն իր պատվից վեր համարեց դա և արհամարհեց Վասիլին:

Գագիկ Առաջինի թագավորությունը բավական ընդարձակ էր և ուժեղ: Անիի թագավորությունը միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն ուներ:

Նրա օրոք երկրում ծաղկում էր տնտեսությունը: Անիի փառքն ու գեղեցկությունը առավել մեծացան հենց Գագիկի թագավորության շրջանում: 1001 թ. նրա և Կատրամիդե թագուհու հովանավորությամբ Անիի կենտրոնում վեր խոյացավ Կաթողիկե տաճարը` Տրդատ ճարտարապետի գլուխգործոցը, որ կառուցել էր Կաթողիկեն Զվարթնոցի նմանությամբ: Բացի Կաթողիկե տաճարից, նրա օրոք Անիում ու թագավորության տարածքում այլ շքեղաշուք աշխարհիկ ու հոգևոր շինություններ էլ կառուցվեցին:

Գագիկ Առաջինը մահացավ 1020 թ., ծեր հասակում: Նա երեք որդի թողեց` Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս: Աբասի մասին պատմությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Ավագության իրավունքով հայոց գահը պիտի ժառանգեր Հովհաննես-Սմբատը: Սակայն նա հսկայամարմին, բայց թուլակազմ մարդ էր, չէր սիրում զենք բռնել: Նրա հակապատկերն էր եղբայրը` Աշոտը, որ խիզախ էր ու քաջ:

Հայոց ավագանու մի մասը ցանկանում էր հայոց գահին տեսնել քաջ Աշոտին, իսկ մյուս մասը, որին ձեռնտու էր թագավորական իշխանության թուլացումը, Հովհաննես-Սմբատին:

Շուտով երկու եղբայրների միջև պատերազմ է սկսվում հոր թողած ժառանգությանը տիրանալու համար: Աշոտը հաղթող է դուրս գալիս, ճակատամարտի ժամանակ գերում ավագ եղբորը և հանձնում իր իշխաններից Ապիրատ Պահլավունուն` հրամայելով նրան մահվան դատապարտել: Սակայն Ապիրատ իշխանը Հովհաննես-Սմբատին հասցնում է Անի և ազատ է արձակում:

Պատերազմը եղբայրների միջև շարունակվում է, ի վերջո հայ իշխանների միջամտությամբ խաղաղություն է հաստատվում և պայմանագիր կնքվում: Համաձայն պայմանագրի` Անին իր շրջակայքով ժառանգում է Հովհաննես-Սմբատ Գ-ն (1020-1041), իսկ թագավորության մնացյալ հատվածի վրա թագավորում է Աշոտ Դ-ն (1020-1041): Քանի որ Հովհաննես-Սմբատը ժառանգ չուներ, նրա մահից հետո թագավորությունը պիտի ժառանգեր Աշոտը: Սակայն 1041 թ. գրեթե միաժամանակ մահանում են Հովհաննես-Սմբատ Գ-ն և նրա եղբայրը` Աշոտ Դ-ն: Մեկ տարի անց հայոց ավագանու աջակցությամբ գահ է բարձրանում Աշոտ Դ որդին` 18-ամյա Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքան:

Նրա օրոք ավելի է մեծանում բյուզանդական ճնշումը Հայաստանի վրա: Գագիկը Վահրամ Պահլավունի սպարապետի աջակցությամբ մի քանի անգամ ջարդում է բյուզանդական բանակները Անվո պարիսպների տակ: Բյուզանդիան, չկարողանալով զենքով ծնկի բերել Հայաստանը, դիմում է խարդախության:

Դավաճան կաթողիկոս Պետրոս Գետադարձի աջակցությամբ ու խորհրդով Գագիկ Երկրորդին հրավիրում է Կոստանդնուպոլիս և արգելափակում: Միայն այդ գնով Բյուզանդիան կարողացավ ծնկի բերել հայոց թագավորությունը, և արյան գնով ձեռք բերված անկախությունը հայոց կաթողիկոսը վաճառեց Բյուզանդական կայսրությանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: