Ժառանգությունը` ըստ օրենքի
Կտակի բացակայության դեպքում մահացածի ունեցվածքի ժառանգության հարցը լուծվում է ըստ օրենքի ժառանգության կանոններով: Ի՞նչպես է դա իրականացվում:
Ժառանգության բացման պահից (ժառանգության բացման ժամանակ է համարվում քաղաքացու մահվան օրը կամ դատարանի կողմից քաղաքացուն մահացած ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը) 6 ամսվա ընթացքում ժառանգատուի օրինական ժառանգներին ժառանգությունն ընդունելու իրավունք է ընձեռվում: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ օրենք) սահմանում է օրինական ժառանգների շրջանակը` խմբավորելով դրանք ըստ իրարահաջորդ չորս հերթերի (տե՛ս նախորդ համարի «Որոշ տեղեկություններ ըստ կտակի ժառանգության մասին» հոդվածը կամ օրենքի 1216-1219 հոդվածները), ինչպես նաև այն անաշխատունակ անձանց, որոնք մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգությունը ստանում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում:
Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության դեպքում, դա կարող է լինել, օրինակ, այն դեպքում, երբ այդ հերթի ժառանգները հրաժարվում են ժառանգությունից: Բերենք հետևյալ օրինակը. մահացած ժառանգատուն ունի ամուսին (առաջին հերթի ժառանգ) և երկու եղբայր (երկրորդ հերթի ժառանգ) : Ժառանգատուի ամուսինն օրենքով նախատեսված ժամկետում (6 ամիս) չի ընդունում այն, այս դեպքում ժառանգատուի եղբայրները ձեռք են բերում ժառանգության իրավունք: Ուշադրություն դարձրեք, որ մեր օրինակում ժառանգությունն ընդունելու համար նախատեսված ժամկետն ավարտվել էր, բայց քանի որ եղբայրների ժառանգության իրավունքն առաջացել էր ժառանգատուի ամուսնու՝ ժառանգությունը չընդունելու ուժով, նրանք հնարավորություն են ստանում ընդունելու ժառանգությունը սահմանված 6 ամսյա ժամկետի ավարտից հետո 3 ամսվա ընթացքում (օրենքի 1227-րդ հոդվածի 3-րդ մաս):
Ժառանգության իրավունքի հետ կապված այլ կարևոր հարցերի մասին կխոսենք հաջորդ համարում: