Հայերեն   English   Русский  

«Պահպանել բնությունը, նշանակում է պաշտպանել հայրենիքը». Նոյեմբերյանի համայնքապետարանի հայտարարությունը


  
դիտումներ: 1385

Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, գրված է.

«Ի ԼՈՒՐ ԺՈՂՈՎՐԴԻ

ՊԱՀՊԱՆԵԼ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔԸ

Ի հպարտություն տավուշցիների և լոռեցիների` պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 14.03.2018 թվականին Նոյեմբերյանի համայնքապետարանում համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի, համայնքի ավագանու անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և «Պոլիմետալ Արմենիա» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ՝ Տիգրան Նահապետյանի և Վահրամ Ավագյանի մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում այսօր ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է Նոյեմբերյան համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման աշխատանքները:

Մեջբերում ենք «Պոլիմետալ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Նահապետյանի պաշտոնական գրությունը՝

«Հարգելի համայնքների ղեկավարներ,

«Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) տեղեկացնում է, որ առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը, դադարեցնում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի և Շնող, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները: Որոշմանը նախորդել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակներում համայնքի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումներն ուղղված են եղել Նոյեմբերյանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը բացառելուն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք իրազեկել շահագրգիռ հանրությանը, որ 2018 թվականի մարտի 20-ի հանրային քննարկումը տեղի չի ունենա:

Հարգանքով՝ Տիգրան Նահապետյան» :

Սրբատեղի Գոգդաղը սրբորեն պաշտպանված է»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: