Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունները


  
դիտումներ: 2160

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել արտահերթ ընտրությունների դեմ ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի և «Մուսավաթ» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցել են մի քանի հազար մարդիկ: «Մահսուլ» մարզադաշտի շրջանում, որտեղ անցկացվել է հանրահավաքը, ուժեղացված հսկողություն է սահմանվել:

Հանրահավաքի մասնակիցները քննադատել են Ադրբեջանի իշխանություններին կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտման, տնտեսական և սոցիալական խնդիրների, Ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու համար, ինչպես նաև ժողովրդին կոչ են արել բոյկոտել ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս իշխանություններին մեղադրել է «օկուպացված հողերը վերադարձնելու հարցում անգործության», ինչպես նաև Ռուսաստանից անորակ զենք գնելու մեջ: Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանությունները, Ռուսաստանից նման զենք գնելով, վճարում են քաղաքական հովանավորության համար՝ աչք փակելով այն բանի վրա, որ Մոսկվան Հայաստանի դաշնակիցն է:

Քերիմլին իշխանություններին մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ հայտարարելով, որ մոնոպոլիայի ղեկին կանգնած է նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինս ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալի առկայության վրա և հավելել, որ Իլհամ Ալիևը ևս 7 տարի երկիրը կառավարելու բարոյական իրավունք չունի:

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ, տնտեսական Վահիդ Մագերրամլին հայտարարել է, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի բացման մասին պաշտոնական վիճակագրությունը կեղծ է: «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջիլըն իշխանություններին մեղադրել է Ղարաբաղյան խնդիրը լուծել չկարողանալու մեջ: Ըստ նրա՝ կառավարությունը սխալ արտաքին քաղաքականություն է վարում, ինչի պատճառով միջազգային ասպարեզում Ադրբեջանի դիրքերը խաթարվել են:

«Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս ռեժիմը չի փոխվի»,- հայտարարել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին:

Ըստ ադրբեջանական քաղաքային ոստիկանության տվյալների՝ հանրահավաքին մասնակցել է 1200 մարդ: Կազմակերպիչները կարծում են, որ այդ տվյալները մի քանի անգամ իջեցված են:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայանալու են սույն թվականի ապրիլի 11-ին: Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային 2018 թ-ի հոկտեմբերին: Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ է 2003 թ-ից: Համաձայն 2016 թ-ին երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունների՝ Ադրբեջանի նախագահը երկիրը ղեկավարելու է 7 տարի ժամկետով:

Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, մասնավորապես՝ Ազգային խորհուրդը, Ժողովրդական ճակատ կուսակցությունը, «Մահմեդական միասնություն» շարժումը, «Մուսավաթ»-ն ու «Հանրապետական այլընտրանք» շարժումը, հայտարարել են նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: