Երվանդ Քոչար. արվեստագետ, որ տակնուվրա արեց աշխարհը, բայց մնաց չբացահայտված
Շատերս ենք հաճախ անցնում այդ հատվածով, սակայն ժամանակ չենք գտնում ներս մտնելու և տեսնելու այն եզակի, հզոր արվեստը, որ ամփոփված է այդ փոքրիկ պատերից ներս:
Քոչարը մի արվեստագետ է, որը 1923-1936 թթ. հասցրեց շլացնել փարիզյան քմահաճ բոմոնդը՝ սահմանելով նոր չափանիշներ ու բերելով նոր խոսք XX դարի մոդեռն արվեստի ներկապնակում: Քոչարը Փարիզում ստեղծեց իր արվեստը՝ դասվելով եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը ձևավորած մեծերի շարքը: Նա հիմնադրեց տարածական նկարչությունը, պլաստիկ-գեղարվեստական նոր արտահայտչաձև, որն իր մեջ սինթեզում է նկարչության բոլոր ձևերը՝ մեկտեղելով նկարչությունն ու քանդակը:
Ֆրանսիացի նշանավոր արվեստաբան Վալդեմար Ժորժը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը: Նա Քոչարի տարածական նկարները դիտարկում էր որպես ժամանակակից արվեստի բարձրագույն նվաճում, այնքան նշանակալի, որքան Պիկասոյի, Բրակի, Պեվզների, Դելոնեի, Արպի, Կալդերի, Լիպշիցի, Բրանկուզիի ստեղծագործությունները…
Այսօր շատերն են համոզված, որ եթե 1936 թ. Քոչարը չթողներ Փարիզն ու չտեղափոխվեր Խորհրդային Հայաստան, ապա նրա անունը, իբրև համաշխարհային բրենդ, կդասվեր մշակույթի և արվեստի ամենահանճարեղ անունների կողքին:
Երվանդ Քոչարի թանգարան. տարածք, որտեղ «խեղդվում է» մեծ արվեստագետի շունչը
Երվանդ Քոչարի հարսը՝ Լալա Քոչարը, որը 1984 թվականից մինչև 2015 թ. եղել է թանգարանի տնօրենը, իսկ այժմ թանգարանի փոխտնօրենն է (տնօրենն իր դուստրն է՝ Կարինե Քոչարը), ցավով է թվարկում այն խնդիրները, որոնց օրըստօրե բախվում է թանգարանը: Առհասարակ Հայաստանում բոլոր թանգարանները խնդիրներ ունեն, սակայն Քոչարի թանգարանի դեպքում դրանց ավելանում է ևս մեկը՝ տարածքի խիստ սահմանափակ լինելը: Խնդրի լուծմանն ուղղված տարիների ջանքերն առայժմ ապարդյուն են, մյուս կողմից դրա լուծումն առավել հրատապ է դառնում: «Քոչարի արվեստի հանդեպ օրեցօր աճող հետաքրքրության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն աճել է ուսումնասիրողների և այցելուների թիվը, սակայն տարածքի սղության պատճառով այսօր մշտական ցուցադրությունը լիարժեք և համակողմանի չի ներկայացնում նրա բազմաբնույթ ստեղծագործական ժառանգությունը,- ասում է Լալա Քոչարը,- անգամ հուշային լինելով՝ հնարավոր չէ ցուցադրել հուշային ցուցանմուշները»:
Մշտական ցուցադրությունում հնարավոր է միաժամանակ ընդունել ընդամենը 35-40 այցելու, ինչը հանգեցնում է այցելուների կորստի: Թանգարանային ժամանակակից գործունեությանը խանգարում է նաև գրադարան-ընթերցասրահի, ժամանակավոր ցուցադրությունների, հանդիպումների, կինոդիտումների, ուսումնակրթական ծրագրերի համար նախատեսված սրահների բացակայությունը:
Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984 թ., արվեստագետի մահվանից 5 տարի անց: Այն, որպես հուշային տարածք, բացառիկ և անփոխարինելի արժեք է, քանի որ Քոչարն այստեղ է ապրել 1946 թվականից մինչ իր մահը՝ 1979 թվականը:
Քոչարի մահվանից անմիջապես հետո նրա կինը՝ տիկին Մանիկը, հետամուտ եղավ, որ այստեղ թանգարան հիմնադրվի: Այդ կապակցությամբ տրվեցին մի քանի լրացուցիչ տարածքներ: Թանգարանի տարածքը կազմեց 208.9 քմ մակերես, որի ցուցադրական հատվածը զբաղեցնում է 165 քմ:
Ինչ խոսք, նման մասշտաբի արվեստագետի համար տարածքն իսկապես խիստ փոքր է: Ժամանակին, երբ թանգարանը հիմնադրվել է, Կարեն Դեմիրճյանն անձամբ է խոստացել, որ տարածքը մի քանի տարի անց կավելացվի: Ցավոք, խորհրդային կարգերի փլուզումից հետո Հայաստանում ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակը, պատերազմը, մութ ու ցուրտ տարիները այդ խնդիրները մի կողմ դրեցին: «Արդեն անհարմար էր անգամ նման հարց բարձրացնել»,- նկատում է տիկին Լալան:
Թանգարանի փոխտնօրենը կարծում է, որ հաշվի առնելով մշակույթի ոլորտում մեր հանրապետության զարգացման ծրագրերը՝ այսօր առավել քան հրատապ է Երվանդ Քոչարի թանգարանի տարածքի ընդլայնումը, քանի որ միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանն է միայն զբոսաշրջության զարգացման գրավականը:
Այսօր տուրիստական երթուղիներում Երվանդ Քոչարի թանգարանը քիչ է ընդգրկվում հենց տարածքի սղության օբյեկտիվ պատճառաբանությամբ. տարածքը չի համապատասխանում տուրիստների մեծաքանակ խմբի սպասարկման համար ընդունված նորմերին: Մինչդեռ սա այն թանգարանն է, որը մեծ ազդեցություն կթողնի և խորապես կտպավորի օտարերկրյա հյուրերին:
«Օրինակ՝ այս տարածքը և՛ նախասրահ է, և՛ կապող միջանցք, և՛ ցուցասրահ, այստեղ են վաճառվում նաև տոմսերը, հուշանվերները և այլն,- նախասրահն է ցույց տալիս տիկին Լալան,- մի խոսքով, շատ անհարմար է այդ ամենը մեկ վայրում կազմակերպելը: Անգամ մեր հանդերձարանն է շատ փոքր: Երբ մեծ խումբ է գալիս` արդեն խնդիր է: Շատ են լինում դեպքեր, երբ այցելուները գալիս են, տեսնում են, որ ներսում լիքն է, թողնում գնում են»,- ասում է նա:
Թանգարանի աշխատակիցների թիվը նույնպես խիստ սահմանափակ է՝ 10 հոգի: Թանգարանի փոխտնօրենի խոսքով՝ ամեն տարի մշակույթի նախարարությունը աշխատողների թիվը կրճատում է, և իրենցից յուրաքանչյուրը ստիպված մի քանի գործառույթ է իրականացնում, որպեսզի կարողանան թանգարանի բնականոն աշխատանքն ապահովել: «Էքսկուրսավարների լուրջ խնդիր ունենք: Աշխատավարձը 60-70 հազար դրամ է: Ո՞ր մի լուրջ մասնագետը այդ գումարով կաշխատի: Մի աղջիկ ունեինք, 3 լեզվի էր տիրապետում, թողեց գնաց Ավստրիա»:
Թանգարանային ֆոնդը կազմում է 6 հազարից ավելի նմուշ, որից 4 հազարը միայն Քոչարի անձնական արխիվն է, որտեղ բացառիկ արժեքավոր վավերագրեր կան: Փոխտնօրենն ասում է՝ աշխատակիցների քանակի սղության պատճառով չեն կարողանում ինչպես հարկն է զբաղվել արխիվային գործունեությամբ: «Օրինակ՝ Դելոնեի նամակը կա Քոչարին: Այսօր մեր տարածաշրջանում չկա որևիցե մի նկարիչ, արվեստագետ, որի արխիվում լինեն նամակներ, գրություններ պատմական ավանգարդի նման հանրահայտ ներկայացուցիչներից: Առհասարակ արխիվին պետք է խիստ լրջորեն վերաբերվել, ինչը, ցավոք, հնարավորություն չունենք անելու»:
Այնուամենայնիվ թանգարանն այսօր գիտակրթական ակտիվ գործունեություն է ծավալում՝ չսահմանափակվելով 208 քմ տարածքում: Օրինակ՝ դպրոցականների համար արդեն 3-րդ տարին է՝ կազմակերպվում են խմբակային շրջայցեր դեպի Քոչարի մոնումենտալ քանդակներ՝ «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան», «Կոմիտաս» և այլն:
Լալա Քոչարի խոսքով՝ 2014 թվականից թանգարանի տարածքը գոնե 65 քմ-ով ավելացնելու եզակի հնարավորություն է ստեղծվել: «Հարևան բնակարանը որոշել են վաճառել, սակայն դա հարմար է միայն մեզ համար, քանի որ այն կարծես թանգարանի տարածքի մեջ է մտած: Ցավոք, մենք այդ միջոցները չունենք, որպեսզի տարածքը գնենք: Դիմել եմ պետական կառույցներին, ասում են՝ գումար չունենք: 2014-ին անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ եմ հարցը բարձրացրել, ասել է՝ առայժմ սպասեք: Դեռ սպասում ենք»:
Փարիզից Երևան. բախում խորհրդային իրականության հետ
1936 թ. Քոչարը ներգաղթում է ԽՍՀՄ: «Երկրում տիրում էր ստալինյան տեռորը, գեղարվեստական առողջ միջավայր չկար, իսկ հետդարձի ճանապարհը փակվեց ընդմիշտ,- ասում է Լալա Քոչարը,- նրա վերադարձին հետևեցին տեղեկատվական և ստեղծագործական մեկուսացումը, զրպարտությունները, բանտարկությունը: Բավական է նշել, որ Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց հայրենիք վերադառնալուց միայն 30 տարի անց՝ 1965 թ.»:
1937 թ. հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» հոդվածը: Քոչարը մեղադրվում է «հակախորհրդային քարոզչության և հակահեղափոխական գործունեության» մեջ: 1941-ին բանտարկվում է: Ազատ է արձակվում 1943 թ. օգոստոսին Ներսիսյան դպրոցի ընկերներ Կարո Հալաբյանի և Անաստաս Միկոյանի միջամտությամբ:
Այնուամենայնիվ նրա խորհդային ստեղծագործական շրջանը չափազանց բուռն է: Հատկապես խրուշչովյան ձնհալի տարիներին նա ստեղծում է այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Էքստազը», «Պատերազմի արհավիրքը, «Զվարթնոցի արծիվը», «Կիբեռնետիկայի մուսան», «Վարդան Մամիկոնյանը» և իհարկե Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը»:
«Ցավոք, Խորհրդային Հայաստան տեղափոխվելուց հետո Քոչարի անունը, որ Եվրոպայում շրջանառվում էր փարիզյան դպրոցի ամենանշանավոր արվեստագետների շարքում, աստիճանաբար դուրս մնաց համաշխարհային տեղեկատվական հոսքից,- ասում է Լալա Քոչարը,- մինչդեռ, եթե նա մնար Փարիզում, ապա նրա անունը կդրվեր արվեստը վերափոխող ամենաակնառու վարպետների կողքին: Հիմա էլ է նա էդպիսին, բայց, ավաղ, աշխարհը նրան չի ճանաչում»:
Լալա Քոչարը կարծում է, որ այս տեսանկյունից անհրաժեշտ է նաև հետևողական ուսումնասիրություններ կատարել՝ բացահայտելու և ներկայացնելու Քոչարի՝ եվրոպական ավանգարդի կերտման գործում ունեցած իրական դերակատարումը և վերահաստատել Քոչարի արվեստը նաև որպես կարևոր օղակ հայ-ֆրանսիական մշակութային փոխհարաբերությունների համատեքստում:
«Անհատի ձևավորումը կայանում է միջավայրում, որի մշակութային որակից է կախված, թե ինչպիսին ենք մենք, ինչպիսին են դառնալու մեր երեխաները, ինչիսին է մեր հասարակության հավաքական դիմանկարը: Այս նկատառումներով մենք շարունակում ենք հանրահռչակել Քոչարին որպես ազգային զարթոնքի ռահվիրա և ուզում ենք, որ Քոչարի անունը դառնա բրենդ»,- ամփոփում է թանգարանի փոխտնօրենը: