Մեղադրանք` բռնության գործադրմամբ խուլիգանության 4 մասնակիցներին
որ Ֆրունզե, Վահե, Արտակ Բադալյաններն ու Հովիկ Հովակիմյանը որպես զենք օգտագործվող առարկաներով կոտրել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրի գույքն ու բռնություն գործադրել այնտեղ հյուրընկալված անձանց նկատմամբ` ծեծի ենթարկելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով նրանց:
Այսպես, Ֆրունզե և Վահե Բադալյանները 01.01.2018թ.-ին` ժամը 05:30-սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մտել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիր, որտեղ նկատելով ընտանիքի հետ հյուրընկալված Հ. Գալստյանին` նրան հանձնարարել են կանչել հյուրանոցի տնօրենին: Հ. Գալստյանը խնդրել է այդ հարցով դիմել հյուրանոցի աշխատակցուհուն, քանի որ ինքն ընդամենը հյուր է: Այդ պատասխանը վրդովվեցրել է Ֆրունզե և Վահե Բադալյաններին, ովքեր, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հյուրանոցի աշխատակիցների և այցելուների նկատմամբ, ապա` հայհոյանքներ տալով հարձակվել են Հ. Գալստյանի վրա և սկսել ծեծել նրան: Ֆ. Բադալյանը փորձել է նաև դանակով հարվածել վերջինիս: Այդ ընթացքում Ֆրունզե և Վահե Բադալյանները հարվածներ են հասցրել նաև հորը պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտած Հ. Գալստյանի որդուն: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունների հետևանքով Հ. Գալստյանը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:
Վահե և Ֆրունզե Բադալյաններն իրենց խուլիգանական գործողությունները դադարեցրել են միայն հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանի միջամտության արդյունքում և հեռացել: Սակայն իրենց հակաօրինական վարքագիծը շարունակելու դիտավորությամբ որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են` իրենց հետ բերելով մետաղապլաստե կտրված խողովակներով և դանակով զինված ևս 7-8 հոգու, այդ թվում` Հովիկ Հովակիմյանին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից Արտակ Բադալյանին:
Ներխուժելով սրահ` Ֆրունզե Բադալյանը որպես զենք օգտագործվող մետաղապլաստե խողովակով հարվածներ է հասցրել հյուրանոցի աշխատակից Ժ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Հովիկ Հովակիմյանը, իր հերթին, դանակը ձեռքին հայհոյանքներ է տվել և սպառնացել բռնություն գործադրել Ժ. Հարությունյանի նկատմամբ:
Այնուհետև, Ֆրունզե Բադալյանի ցուցումով խուլիգանության մասնակիցները, այդ թվում` Արտակ Բադալյանն ու Հովիկ Հովակիմյանը կոտրել են Դ. Մարտիրոսյանի` հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան ու հյուրանոցի գույքը: Ֆրունզե և Վահե Բադալյաններն էլ խուլիգանության մյուս մասնակիցների հետ կողպված դռները կոտրելով` ապօրինի ներխուժել են հյուրանոցային համարներ, սակայն դրանցում չհայտնաբերելով Հ. Գալստյանին և նրա որդուն` հեռացել են:
Խուլիգանական գործողությունների հետևանքով հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանին պատճառվել է զգալի չափերով գույքային վնաս, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, խաթարվել հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունը, որի պատճառով այնտեղ հյուրընկալված անձինք դիմել են փախուստի:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.
Ֆրունզե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով,
Վահե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Հովիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Արտակ Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: