Ալեն Դելոնը կանանց դուր էր գալիս, քանի որ ստիպում էր արտասվել, իսկ Ժան Պոլ Բելմոնդոն` ստիպում էր ծիծաղել. Լուսանկարներ
Ֆրանսիական և իտալական կինեմատոգրաֆի ամենահայտնի և սիրված դերասաններին վիճակված է երկար ապրել: Պարզվում է հանդիսատեսի ամենասիրելի ժանրերում` կատակերգություններում, մարտաֆիլմերում և կրքոտ մելոդրամաներում, բազմիցս նկարահանված դերասաններն իրականում ևս չափազանց կյանքով լի են: Գրում է Kp.ru-ն:
Ջինա Լոլոբրիջիդան անցյալ տարի տոնել է 90-ամյակը, Սոֆի Լորենը և Բրիջիթ Բարդոն այժմ 83 տարեկան են, Ալեն Դելոնը` 82, Կլաուդիա Կարդինալեն ապրիլի կեսերին ևս կդառնա 80 տարեկան և այլն: Իսկ Ժան Պոլ Բելմոնդոն այսօր` ապրիլի 9-ին, տոնում է 85-ամյակը:
Իր ինքնակենսագրական «Հազարավոր կյանքեր» գրքում Բելմոնդոն գրել է. «Երբ խոսքը վերաբերում է երջանկությանը, չափավորությունն` անիմաստ առաքինություն է: Ես դեռևս ուզում եմ կյանքս որպես երիտասարդ ապրել»:
Դպրոցը նրան միայն կռվելու հնարավորություն է տվել
«Ես երբեք ողբերգության պարգև չեմ ունեցել», - գրել է նա նույն նախաբանում, թեև մանկության տարիներին կյանքը լի է եղել դրամատիկ իրադարձություններով (պատերազմ, Ֆրանսիայի օկուպացիա): Նրա մայրը իր երկու փոքր երեխաների` Ժան-Պոլի և նրա եղբոր Ալենի հետ Փարիզից գավառ է տեղափոխվել և Ռամբույե քաղաքի հարևանությամբ ապրել անտառամերձ մի մեծ տանը: Տան նկուղում նա երեք հրեաների էր թաքցրել: Վերևում պարբերաբար օդային պայքար էր ընթանում, երկինքը լեցուն էր ինքնաթիռներով, որոնք հաճախ մոտակա անտառում էին ընկնում: Իսկ փոքրիկ Բելմոնդոն երազում էր գտնել խոցված ինքնաթիռի ամերիկացի օդաչուին. «Ես կփրկեմ նրա կյանքը` պողպատե գերեզմանից դուրս հանելով, իսկ այնուհետև ամեն օր կբուժեմ և կկերակրեմ թաքստոցում, որը կկառուցեմ նրա համար ձարխոտով և ճյուղերով: Երբ նա ապաքինվի, կսովորեցնի ինձ ինքնաթիռ վարել ու կրակել ատրճանակներից և ավտոմետներից» (Այսինքն այն ամենը, ինչը հետագայում Բելմոնդոն կանի ֆիլմերում):
Պատերազմի ավարտից հետո ընտանիքը, այդ թվում հայրը` հայտնի քանդակագործ Պոլ Բելմոնդոն, որը փախել էր գերմանական գերությունից, Փարիզ վերադարձավ, որտեղ XIV թաղամասում տուն ունին: Այնտեղ Ժան-Պոլը չափազանց կռվարար պատանու վերածվեց:
Դպրոցում նա մահու չափ ձանձրանում էր. «Ինձ թվում էր, որ շուրջս պատեր են կանգնեցված, որպեսզի ոչինչ չտեսնեմ և ինձ կապել են «իշխանություն», «իմաստություն», «հարգանք» և «ապագա» կոչվող պարաններով: Նա անդադար կռվում էր:Միակ բանը, որ դպրոցը տվեց նրան վստահությունն էր, որ կռվի ընթացքում ավելի լավ է չորսով երկուսի դեմ դուրս գալ, քան երկուսով` չորսի դեմ և որ ցանկացած դեպքում չպետք է թիկունքով դեպի թշնամին շրջվել:
Ուսուցիչները պնդում էին, որ նա անհույս հիմար է: Այդիսկ պատճառով հայրը որոշեց երիտասարդ Բելմոնդոյին ցույց տալ իր հոգեբան ընկերոջը, որը ապագա դերասանի հետ ինտելեկտի զարգացման թեստ անցակացրեց: Բելմոնդոն ի հեճուկս բոլորի` հատուկ անպատեհորեն պատասխանեց բոլոր հարցերին և ուղղակիորեն սարսափեցրեց հոգեբանին: Հոգեբանը ընկերոջը խոստովանեց. «Եթե տղան քո որդին չլիներ, ես անմիջապես ստիպված կլինեի նրան հոգեբուժարանում փակել»: Ըստ բոլոր նախանշանների` Ժան-Պոլ Բելմոնդոն խենթ էր և խելքից զուրկ:
Երբ հայրը հարցրեց որդուն, ինչ է ցանկանում կյանքում դառնալ, Բելմոնդոն գրեթե անսպասելիորեն պատասխանեց. «Դերասան»: Եվ հենց նույն պահին հիշեց, որ իմ ամբողջ կյանքում` սկսած վաղ մանկությունից, սիրել է խեղկատակություն անել` խենթանում էր կրկեսում ծաղրածուներին հետևելու համար և երազում նրանցից մեկը դառնալ, վախեցնում էր հարևաններին, արձակուրդների ընթացքում լողափ էր գնում և այնտեղ որպես Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկ ձևանում: Եվ արդյունքում որոշեց այն իր համար մասնագիտություն դարձնել:
Թատերական դպրոցի ընդունելության քննության ժամանակ նա Կոռնեյլի «Սիդ» ողբերգությունից մի հատված կարդաց և անմիջապես ընդունվեց: Ղեկավարը միայն դրանից հետո էր խոստովանել Բելմոնդոյին, որ հազիվ է զսպել ծիծաղը, քանի որ նման ամպագոռգոռ քառյակները չափազանց անհեթեթ են հնչել զվարճալի դեռահասի շուրթերից: Սակայն նա անկասկած կատակերգական տաղանդ է ունեցել:
«Դելոնի մանկությունն այնքան տխուր է եղել, որքան ուրախ` իմ մանկությունը»:
«Եղիր գեղեցիկ և լռիր» Ֆիլում Բելմոնդոն մարմնավորեց իր առաջին հերոսներից մեկին: Այս ֆիլմում նրա գործընկերը մեկ այլ սկսնակ դերասան Ալեն Դելոնն էր դարձել: Շատերին թվում էր, որ նրանց միջև իսկական մրցակցություն է սկսվել: Սակայն նրանք իրականում ընկերական հարաբերություններ ունեին և Դելոնի նախաձեռնությամբ դուետով մեկ այլ ֆիլմում (Բորսալինո) հանդես եկան:
«Ամբողջ կյանքում մեզ փորձել են հակադրել, որպեսզի ճակատներով միմյանց հարվածենք», - հիշել է Բելմոնդոն:
«Իրականում մենք մտերիմ ենք` չնայած սոցիալական արմատների ակնհայտ տարբերությանը: Նրա մանկությունը նույնքան տխուր, աղքատ ու միայնակ է եղել, որքան ուրախ, բուրժուական և սիրով լի սեփական մանկությունս»:
Դելոնը հաստատել է նրա խոսքերը. «Բելմոնդոն ունի մի բան, որը ես գրեթե երբեք չեմ ունեցել. տոհմ, իսկական ընտանիք, որը նա հիասքանչ ղեկավարում է: Կարծում եմ, որ դրանում է նրա գոյության, երջանկության, հաջողության և հանգստության իմաստը»:
Բացի այդ Դելոնը մի անգամ ասել է, որ կանայք իրենց տարբեր պատճառներով են սիրում` ինքն անձամբ ստիպում է նրանց լաց լինել, իսկ Բելմոնդոն` ծիծաղել:
«Ժան-Լյուկ Գոդարի մեջ ինձ ամեն ինչ զայրացնում էր»
27-ամյա Բելմոնդոյին իսկական աստղ դարձրեց ավազակ Միշել Պուակարի դերը «Վերջին շնչով» ֆիլմում, որը կարևորագույն ֆիլմ դարձավ համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ: Սակայն 1959 թ.-ին, երբ ֆիլմը նկարահանվում էր, հաջողության նշանները բացակայում էին և ակնկալիքները ճիշտ հակառակն էին:
Իրենց առաջին հանդիպման ժամանակ Գոդարը Բելմոնդոյին առաջարկել էր իր հյուրանոցային սենյակ գնալ և խոստացել նրան 50 հազար ֆրանկ վճարել և ֆիլմում նկարահանել, սակայն դերասանը կասկածել էր, որ ռեժիսորը նույնասեռական է, որը փորձում է հրապուրել իրեն: Եվ միայն Բելմոնդոյի կինը` Էլոդին, համոզեց նրան, որ ոտնձգության դեպքում նա իր բռնցքամարտի փորձով կարող է անմիջապես ազատվել ռեժիսորից:
Թեև Գոդարը մեծ թերահավատությամբ էր վերաբերվում կանանց, սակայն միասեռական չէր: Եվ պարզվեց, որ նա իսկապես կոպեկներով ֆիլմ է նկարահնում հյուրանոցում:
Նրա ակնհայտ շղթայազերծ աշխատանքի մեթոդը և դերասաններին շատ ազատություն տալը Բելմոնդոյին դուր եկավ: Ու թեև նրա գործակալը պնդում էր, որ «Վերջին շնչով» ֆիլմում նկարահանվելը աղետալի սխալ կլինի, դերասանը միևնույն է իր համաձայնությունը տվեց:
Գոդարը նկարահանման հրապարակ ժամանեց առանց սցենարի, միայն սյուժեի երեք տողով և հերոսների հոգեբանության հստակ պատկերացումով: Նա դերասաններին լիովին ազատություն տվեց նկարահանման հրապարկում:
Իսկ նման կերպ հանպատասրտից ստեղծագործելը կարծես Բելմոնդոյին մանկություն վերադարձրեց և թույլ տվեց նորից ազատ ու երջանիկ պատանի դառնալ: Նա վստահ էր, որ այդ ֆիլմը ձախողվելու է և իր գործընկերուհու` Ջին Սիբերգի հետ միասին սկսեց խենթություն անել, քանի որ կորցնելու ոչինչ չուներ: Բոլոր կանոնները խախտվել էին, սակայն հենց դա էր զարմացրել հանդիսատեսին, որը կինոթատրոնների դիմաց հերթեր էր կանգնում: Բելմոնդոյի խոսքերով` դա իսկական ազատական պայթյուն էր: Հետագայում նա Գոդարի մի քանի այլ ֆիլմերում ևս նկարհանվեց, թեև շարունակում էր չհասկանալ նրա շփման մեթոդները:
Այնուհետև Բելմոնդոյին հսկայական հոնորարներ էին առաջարկում, իսկ պայմանագրերը անձրևի նման թափվում էին:
«Եթե ամուսինս դավաճանի ինձ, թող անմիջապես խոստովանի այդ մասին»
Երիտասարդ տարիներին Բելմոնդոն հանդիպեց իր առաջին կնոջը` Ռենեին (սակայն հենց դերասանը նրան Էլոդի էր անվանում, քանի որ այդ անունը շատ ավելի էր սիրում): Նա դերասանին երեք երեխա պարգևեց: Նախքան ամուսնությունը Էլոդին պրոֆեսիոնալ բալետի պարուհի էր, և միասին նրանք նկարահանվել էին Մարսել Կարնեի «Ստախոսները» ֆիլմում: Էլոդին պնդում էր, որ անմիջապես զգացել է, որ Բելմոնդոն մեծ աստղ է դառնալու: Սակայն, կարծում էր, որ նրան մեծ փառքը սպասվում է թատերական բեմահարթակների վրա, այլ ոչ թե ֆիլմերում:
Իր հարցազրույցների ընթացքում նա Բելմոնդոյին նկարագրում էր որպես չափազանց իմպուլսիվ, սակայն միաժամանակ նաև որպես շատ բարի մարդ: Կինը հիշել էր, որ մի անգամ դերասանը համաձայնվել էր միանգամից երկու ֆիլմերում նկարահանվել, որոնց նկարահանումները միևնույն ժամանակ էին ընթանում, քանի որ չէր կարողացել ռեժիսորներից որևէ մեկին մերժել:
Նա նաև պատմել էր. «Մենք պայմանավորվածություն ունենք, որ եթե Ժան-Պոլը երբևէ դավաճանի ինձ, անձամբ ամեն ինչ կպատմի ինձ: Ես չեմ ուզում այդ ամենի մասին թերթերից տեղեկանալ: Նա նախազգուշացված է: Ես մեծ դժվարությամբ կընդունեմ նրա դավաճությունը:
Էլոդին անգամ չէր էլ պատկերացնում, թե որքան մոտ է այդ պահը:
Բելմոնդոն պատրաստվում էր «Չինացու ձախորդությունները Չինաստանում» ֆիլմի նկարահանումներին, որոնք Արևելքում էին ընթանալու, իսկ ֆիլմում նրա գործընկերուհին էր դառնալու Ուրսուլա Անդրեսը…
«Ես այնտեղ` Ասիայում, սիրահարվեցի: Ուրսուլային` շվեցարացի էգ վագրին` դինամիկ, ստորտային ու ցանկալի, աստվածային գեղեցկությամբ և հումորի զգացումով կնոջ, հարազատ հոգու, որի հմայքին չկարողացա դիմադրել: Դա ոչ թե անցողիկ սիրային կապ էր, նորության կամ հաղթանակի ծարավ կամ անգամ դավաճանություն կնոջս հանդեպ, որի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Թեև ինձ համար շատ դժվար էր մեր երեք երեխաներին ցավ պատճառել: Սակայն երբ սերը գալիս է, այն ամեն ինչ ոչնչացնում է», - անկեղծացել է դերասանը:
Նա ամեն ինչ պատմեց Էլոդիին, որը լքեց դերասանին: Անդրեսի հետ հարաբերությունները մի քանի տարի շարունակվեցին և չափազանց բուռն էին: Մի անգամ առավոտյան ժամը չորսին Բելմոնդոն հարբած վիճակում իրենց առանձնատուն վերադարձավ, սակայն պարզեց, որ բոլոր դռներն ու փեղկերն ամուր փակված են ներսից: Դերասանը փորձեց սանդուղքով երկրորդ հարկ բարձրանալ: Անդրեսը բացեց պատուհանը և տեսավ ընկերոջը, որը մագլցելով և անտեղին ծիծաղելով բարձրանում էր և առանց մի խոսք անգամ ասելու հրեց սանդուղքը, Բելմոնդոն ընկավ ու ցավալի վնասվածքներ ստացավ: Պապարացիներն ամեն տեղ հետևում էին նրան, իսկ Բելմոնդոն երբեմն ստիպված էր ծեծի ենթարկել նրանց:
Երբ նա առաջին անգամ տեսավ իր հաջորդ կնոջը` Նատալի Տարդիվելին, վերջինս ընդամենը 10 տարեկան էր: Այն ժամանակ նա ամենևին էլ ուշադրություն չդարձրեց փոքրիկ աղջկան, որը վազել էր իր հետևից ինքնագիր ստանալու նպատակով: Սակայն 1989-ին (երբ Նատալին արդեն 24 տարեկան էր), նրանք արդեն ապրում էին միասին: Նատալին ինչպես և դերասանի առաջին կինը պարուհի էր: Քաղաքացիական ամուսնությունով նրանք 13 տարի միասին են ապրել, իսկ 6 տարի պաշտոնապես ամուսիններ եղել: Նատալին ամեն կերպ օգնում էր Բելմոնդոյին վերականգնվել 2001թ. ծանր կաթվածից հետո: Իսկ դրանից երկու տարի անց նա լույս աշխարհ բերեց իրենց դստերը` Ստելլային…
Ժան Պոլ Բելմոնդոյի 5 Լավագույն ֆիլմերը`
«Վերջին շնչով» (1960)
«Հիանալին» (1973)
«Սարսափ քաղաքի վրա» (1975)
«Հրեշը» (1977)
«Պրոֆեսիոնալը» (1981):