Հայերեն   English   Русский  

​Հարազատ քաղաքը սպանում է


  
դիտումներ: 2249

Մարդը բնության ամենահարմարվող օրգանիզմն է: Էվոլյուցիոն զարգացման ընթացքում այդ օրգանիզմը զարգացել է: Մենք, նախնիների համեմատ, բոլորովին այլ պայմաններում ենք ապրում: Այսօր սթրեսային իրավիճակները նվազ սպառնալիք են ներկայացնում կյանքի համար, սակայն դրանք անընդհատ են ու ամենուր, ու փաստացի մեր օրգանիզմը դեռևս չի սովորել դրանք արդյունավետ հաղթահարելու կերպը:

Ավտոմեքենաներ

Կարծիք կա, որ վարորդների գլխավոր դժբախտությունը խցանումներն են, որոնք մշտական նյարդայնության պատճառ են ու ամենօրյա սթրեսին ավելացնում են փոքր բաժին: Իրոք այդպես է: Սակայն խցանումներից առավել վարորդներին նյարդայնացնում են մյուս վարորդները: Ամերիկացի հոգեբանների հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների մեկ քառորդը պատասխանել է, որ ամեն օր է նման տհաճություն ունենում, ու քանի որ հարցումն անցկացվել է ուսանողների շրջանում, նրանք այդ վիճակը համեմատել են նախաքննական հուզումների հետ: Ամեն բացասականի հետ վարորդները փաստորեն անգիտակցաբար նվազեցնում են նաև իրենց շարժունակությունը, իսկ դա նշանակում է ակամա նպաստել այն բոլոր խնդիրների խորացմանը, որոնք կապված են նստակյաց կյանքի հետ, իսկ գիրանալու հավանականությունն աճում է ամբողջ 6 տոկոսով:

Հասարակական տրասնպորտ

Խնդիրը չի նվազում, եթե անգամ օգտվում ենք հասարակական տրանսպորտից: Ուղևորները, դիտարկումների համաձայն, առողջական խնդիրներով պայմանավորված, ավելի շատ են բացակայում աշխատանքից, քան մեքենայով տեղաշարժվողները: Դրան ավելանում է նաև մարդկանց բազմությունը, ցուրտը կամ աղմուկն ու հրմշտոցը, վարակները. հասարակական տրանսպորտում գրիպով վարակվելու հավանականությունը 5 տոկոսով ավելանում է:

Աղմուկը

Քաղաքաբնակները միշտ են բախվում տարատեսակ աղմուկի փողոցում, տրանսպորտում, առևտրի բազմամարդ կետերում, գրասենյակներում, ռեստորաններում, մի խոսքով՝ ամենուր: Իսկ դա, ըստ ամերիկյան Աշխատանքի պաշտպանության ազգային ինստիտուտի տվյալների, վատ ազդեցություն է թողնում ինքնազգացողության վրա, եթե մարդը լսում է 85 դեցիբելից բարձր աղմուկ 8 ժամ: Իսկ 85 դեցիբելից բարձր աղմուկ է լինում մարդուց 15 մ հեռավորության վրա, ակտիվ երթևեկությամբ ավտոճանապարհին: Ու ստացվում է, որ մենք գտնվում ենք աղմուկի վտանգահարույց չափաբաժնի մշտական ազդեցության տակ: Հետևանքը սրտի իշեմիկ հիվանդություններն են, լսողական խնդիրները, զարկերակային ճնշման տատանումները, քնի խանգարումը, իմունիտետի թուլացումը, հոգեկան խանգարումները:

Աղտոտված օդը

Անկասկած, ռիսկի կարևորագույն գործոններից է օդը, որ շնչում են քաղաքաբնակները: Դա նույնն է, թե շնչես ծուխը կամ ծխես: Պեկինում, օրինակ, սարսափելի վիճակագրություն կա. քաղաքի օդը շնչելը հավասարազոր է մեկ տուփ ու ավելի ծխելուն: Եվրամիության երկրներում այդ ցուցանիշը հավասարազոր է 1,5 ծխախոտի վնասին, ԱՄՆ-ում՝ 3 ծխախոտի:

2012-ին աշխարհում գրանցված մահերից 3,7 մլն-ն աղտոտված օդի հետևանք են: Մարդիկ մահացել են թոքերի քաղցկեղից ու թոքերի քրոնիկ հիվանդություններից: Իսկ գիտնականները կարծում են, որ անընդհատ աղտոտված օդ շնչելու հետևանքով զարգանում է աթերոսկլերոզ, ինչն էլ հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների, ինֆարկտի ու կաթվածի:

Աղբը

Աղբի հարցը շատ լուրջ է. դրա քայքայման հետևանքով անջատվող գազից անգամ մարդիկ են թունավորվում:

Ճարտարապետությունը

Քաղաքի ճարտարապետական ճաշակը սթրեսի մակարդակի վրա նույնպես ազդում է ոչ նվազ, քան օդն ու ձայնը: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է, որ տխուր, անգույն կառույցները կյանքի վրա լավ ազդեցություն չեն ունենում: Մասնավորապես բարձրանում է սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը, որի կուտակումը հանգեցնում է սիրտ-անոթային համակարգի խնդիրների: Ապացուցվել է նաև՝ այն տպավորությունը, որ թողնում է քաղաքային միջավայրը, ազդում է ուղեղի կենսաքիմիական պրոցեսների վրա:

Այս բոլոր գործոնների մասին մենք հրաշալի գիտենք ու տեղյակ ենք: Անկասկած նաև դրանք են մեր բոլոր հիվանդությունների ու խնդիրների պատճառը: Ուստի կարող ենք գիտակցաբար այդ բոլոր բացասական ազդեցություններից հնարավորինս հեռանալ, կազմակերպել հանգիստն ու ճիշտ կենսակերպ վարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: