Հայերեն   English   Русский  

Յուրաքանչյուր բախում Հայաստանը հետ է գցելու եթե ոչ 20-30, ապա գոնե 10 տարով. քաղտեխնոլոգ


  
դիտումներ: 2312

Ստեղծված ներքաղաքական իրավիճակից խաղաղ հանգուցալուծման ի՞նչ ուղիներ կան, հնարավո՞ր են արդյոք նոր բանակցություններ. այս և այլ հարցերի շուրջ է «Անկախը» զրուցել քաղաքագետների և քաղտեխնոլոգների հետ։

Խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի. Երվանդ Բոզոյան

«Կարծում եմ, որ խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի։ Եթե գնանք արյունոտ ճանապարհով, դրանից կորցնելու են բոլորը՝ Հայաստանը, իշխանությունը, շարժումը, ժողովուրդը։ Ամեն ինչ պետք է անենք, որ այս պրոցեսը տանենք խաղաղ ճանապարհով։ Եվ քանի որ բանակցությունների այլընտրանքը տանում է կործանման, հետևաբար բանակցություններն անխուսափելի պետք է լինեն»,- ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Երվանդ Բոզոյան

«Չեմ կարծում, որ պետք է սահմանափակվել ձախողված բանակցություններով, որովհետև դրա այլընտրանքը կլինի արյունահեղությունը։ Պետք է ջանք թափենք ու բանակցային գործընթացը վերականգնենք։ Սեղանի վրա դրված է Հայաստանի ապագան, և պետք է ամեն ինչ անենք, որ բանակցությունները որոշակի հանգուցալուծման գան»,- ասում է նա։

Քաղաքագետի կարծիքով՝ պետք է ձևավորվի հարթակ, որը և կկազմակերպի և կխրախուսի երկխոսությունը կողմերի միջև. «Կարծում եմ, որ դրանում իրենց դերը պետք է կատարեն 1-ին և 2-րդ նախագահները, 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Արամ 1-ինը»։

Յուրաքանչյուր բախում Հայաստանը հետ է գցելու եթե ոչ 20-30, ապա գոնե 10 տարով. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ իրավիճակն այլևս ոչ թե ներքաղաքական է, այլ հասարակական։ Նրա խոսքով՝ այս ամենը պետք է հանգուցալուծվի երկխոսությամբ։

Կարեն Քոչարյան

«Իրական քաղաքականությունում պրոցեսները չեն կարող լինել թատրոն կամ կինո՝ հանդիսատեսի աչքի առջև։ Ամբողջ աշխարհում իրական քաղաքականությունը կուլիսներում է։ Երբ սկսեն իրական քաղաքական երկխոսություն, ինչին ես կարծում եմ՝ պետք է գնան և՛ իշխանությունները, և՛ ընդդմիության ղեկավարները, այդ ժամանակ կգտնվեն լուծումներ»,- ասում է Քոչարյանը։

Անդրադառնալով բանակցությունների ձախողված փորձին՝ Քոչարյանը նշում է, որ դա ընդամենը փորձ էր։

«Չեմ մեղադրում ոչ մեկին, առաջին փորձը պետք է լիներ այդպիսին։ Իրական բանակցությունների պետք է հետո նստեն, բայց հանդիսատեսի աչքից հեռու. երբ կա հանդիսատես, միշտ էմոցիաներն ավելի բարձր են լինելու, քան ողջամտությունը»,- ասում է Քոչարյանը՝ հավելելով, որ կողմերի դիրքորոշումները ծայրահեղական են հանդիսատեսի աչքի առաջ, իսկ քաղաքական երկխոսության պարագայում լուծում կարող են գտնել։

Անդրադառնալով կիրառվող քաղաքական տեխնոլոգիաներին՝ Քոչարյանը նշում է, որ ընդդմիության կողմից կիրառված տեխնոլոգիաները և դրանց կիրառումը «պարզապես ֆանտաստիկ են»։ Ասում է, որ մինչև ընդդմիության լիդերների ձերբակալությունը իշխանություններն էլ էին ադեկվատ՝ մահաթմագանդիականությանն արձագանքում էին մահաթմագանդիականությամբ։

«Փաշինյանին ձերբակալելուց հետո իշխանությունները սկսեցին սխալներ թույլ տալ, սակայն կարծես շուտով հասկացան ու հետ քաշվեցին»,- ասում է նա։

Քաղտեխնոլոգը նշում է, որ վաղուց նյարդերի պայքար է սկսվել, իսկ թե ով կհաղթի, դժվար է ասել. «Աստված մի արասցե, եթե հանկարծ արյուն թափվի։ Հիմա մի քիչ այլ է իրավիճակը և կարծում եմ, որ կողմերը ողջամիտ կգտնվեն և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, ինչը կտանի առաջընթացի։ Եթե հանկարծ լինեն բախումներ, յուրաքանչյուր բախում Հայաստանը հետ է գցելու եթե ոչ 20-30, ապա գոնե 10 տարով»։

Երկրում երկիշխանություն է ստեղծվել. Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը երկրում ստեղծված իրավիճակը գնահատում է որպես փաստացի երկիշխանություն։ «Ընդդիմությունն է կառավարում փողոցը, երկրի անցուդարձը, որոշում, թե ինչ օրակարգով պետք է ապրի երկիրը։ Տեսնում ենք, որ օրեցօր, ժամ առ ժամ ողջ երկիրը իշխանության կառավարման ռեժիմից դուրս է գալիս։ Այսինքն՝ իրականում կա երկիշխանություն»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ իշխանությունը վաղուց քաղաքական պրոցեսների վրա ներազդելու քաղաքական ռեսուրս չունի։

Վիգեն Հակոբյան

Նա նշում է, որ իշխանությունն ուներ փողի և վարչական ռեսուրս, որն այսօր չի կարողանում կիրառել, ուստի մնացել է միայն ուժային ռեսուրսը։

«Կարծում եմ՝ իշխանությունն աստիճանաբար փորձում է ուժեղացնել ճնշումը։ Եթե սկզբնական օրերին իրավապահ համակարգը համեմատաբար մեղմ էր, ապա երեկ համապատասխան կարգադրություն էին ստացել և որոշ տեղերում տեսանք, որ իրենց ողջ «ունակություններով և փայլով» հանդես եկան։ Այսինքն՝ հերթական անգամ լեգենդները, որ ոստիկանությունը փոխվել է, ի չիք դարձան»,- ասում է նա։

Հակոբյանը վստահ է՝ ուշ, թե շուտ լինելու են բանակցություններ։

«Կարծում եմ, որ այսօր գերհասունացած օրակարգ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։ Կապ չունի՝ երբ են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունները և ինչ արդյունքներ են ֆիքսվել, հիմա քաղաքական իրավիճակը մեծ փոփոխության է ենթարկվել, փոփոխություններ կան քաղաքական ուժերի հարաբերակցության մեջ, հասարակական տրամադրությունների, հասարակության համառության ու վճռականության մեջ։ Արտահերթ ընտրությունների պատճառներից մեկն էլ նման բաներն են լինում։ Երբ հարց է բարձրացվում, թե ինչ օրակարգով պետք է բանակցեն, կարծում եմ, արտահերթ ընտրությունների թեման կարող է հանգիստ բանակցության օրակարգում լինել»,- ասում է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ կողմերը պետք է համաձայնության գան որոշակի կարճ ժամանակահատվածում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը հանրության կողմից վստահության կարժանանա։

Հակոբյանի կարծիքով՝ քանի որ ի վերջո կողմերը արտահերթ ընտրությունների գաղափարին են գալու, իշխանությունները որքան շուտ սկսեն բանակցությունները, այնքան իրենց համար ավելի շահեկան կլինի։

«Իշխանության ռեսուրսներն են հիմա սակավ, ընդդիմության ռեսուրսները կարող են միայն ավելանալ։ Իշխանությունը որքան շուտ սկսի բանակցություններ, այնքան շանս ունի քիչ թե շատ վերահսկելիության տակ պահելու իրավիճակը»,- ասում է նա։

Ավելին, Հակոբյանը ևս կարծում է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան փակ դռների հետևում. «Բանակցությունը փոխզիջումների, փոխլրացման տարբերակներ քննարկելու բավականին մանրակրկիտ և երկարատև պրոցես է»,- ասում է նա։

Անդրադառնալով կիրառվող քաղաքական տեխնոլոգիաներին՝ Հակոբյանն ասում է, որ ընդդիմության և նրա լիդերի գործողությունները մանրակրկիտ մտածված են ու նախկին անհաջողությունների վերլուծությունների վրա են հիմնված։ Քաղաքագետը կարևորում է նաև այն հանգամանքը, որ գրեթե չկան պասիվ ցուցարարներ, որոնք սահմանափակվում են ելույթ լսելով և ծափահարելով, մարդիկ իրենց ցանկության սահմաններում գործողությունների մասնակից են։

Անդրադառնալով իշխանությունների գործողություններին՝ Հակոբյանը քաղաքական կոպիտ սխալ է համարում շարժման լիդերների ձերբակալությունը։

«Նախ՝ այդ զանգվածներին ոչ ոք չի կարող կառավարել, բացի լիդերից։ Այդ զանգվածներն իրենց լիդերի կոչով են դուրս եկել փողոց և նրան են անվերապահորեն հավատում։ Երկրորդ՝ ամեն դեպքում հեղափոխական, զանգվածային պայքարի տեսության համաձայն, եթե փողոցում հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ են ու աջակցություն ունեն փողոցում չգտնվողների կողմից, այդ դեպքում, եթե լիդերներին ձերբակալում ես, բռնություն ես ցուցաբերում, դա միշտ ավելացնում է լարվածությունը, և այն մարդիկ, որ երեկ ընդամենը ինտերնետով կամ սոցցանցերով էին հետևում, իրենք էլ են փողոց դուրս գալիս»,- ասում է նա ու որպես հիմնավորում մատնացույց անում ցուցարարների բազմազան տարիքային շերտերը, մինչդեռ սկզբնական օրերին միայն երիտասարդներ էին։

Հակոբյանը ցույցերի հանդեպ դրսևորած իշխանությունների սկզբնական վարքը ևս սխալ է համարում։ Ասում է, որ այո, անտարբերությունը ևս քաղաքական տեխնոլոգիա է, որը կարող է արդյունավետ լինել, բայց դա այս պարագայում կիրառելը սխալ վերլուծություններով առաջնորդվելու հետևանք էր։

«Իշխանությունների ամենակոպիտ քաղաքական սխալն այն է, որ այսօր էլ չեն հասկանում՝ որևէ կապ չունի՝ 10, 20 թե 80 հազար մարդ է փողոցում, կարևոր է, թե նրանք ինչ աջակցություն ունեն հանրության մեջ։ Սա է քաղաքական ռեսուրսը։ Առանց դրա մնում է ուժային ռեսուրսը, որի հնարավորությունները շատ մեծ են։ Մեր սերունդը բազմիցս է քաղաք տանկեր մտցնելը տեսել։ Բայց նոր սերունդը բոլորովին այլ մտածելակերպ ունի»,- ասում է նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: