Հայերեն   English   Русский  

Գագիկ Ծառուկյանը վարչապետի շատ լավ թեկնածու է. Էնֆիաջյան


  
դիտումներ: 10714

ԲՀԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանը մեր երկրի տնտեսական, սոցիալական խնդիրներին խորքային ծանոթ է եւ շատ լավ վարչապետի թեկնածու է:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Ես անձամբ դրական եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի անձին: Մենք գտնում ենք, որ մեր երկրում պետք է մեծ փոփոխություններ տեղի ունենան: Երբ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստի կհրավիրի, վերջնական որոշում կունենանք, այդ ժամանակ հրապարակավ հանդես կգանք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ժողովրդին մայիսի 1-ին (ԱԺ-ում այդ օրն է տեղի ունենալու վարչապետի ընտրությունը-խմբ) հեղեղել Երեւանի փողոցները, փակել ԱԺ-ն, արդյոք ԲՀԿ-ն իր աջակիցներին այդ օրը կհանի փողոց՝ միանալու Փաշինյանի շարժմանը, Էնֆիաջյանն արձագանքեց. «Այս պահի դրությամբ ԲՀԿ բոլոր տարածքային կառույցները, քաղխորհրդի ներկայացուցիչները, պատգամավորները, մասնակից են համաժողովրդական շարժմանը: Գյումրի էլ են գնացել, Շիրակի մարզի մեր տարածքային կառույցի ներկայացուցիչները մասնակցում են այս ընդվզմանը: Մենք պայքարել ենք, իսկ վերջնական որոշումը լինելու է մեր քվեարկությամբ ու քաղաքական մոտեցումներով»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

Արդեն երեկ՝ ապրիլի 26-ին, Փաշինյանը Կարեն Կարապետյանին կրկին հրավիրել էր ապրիլի 27-ին, ժամը 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ սկսելու բանակցությունների երկրորդ փուլը:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները»՝ մերժելով հանդիպումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: