Հայերեն   English   Русский  

Գագիկ Ծառուկյանը սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու


  
դիտումներ: 2874

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվում եւ սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու:

Այս մասին NEWS.am-ին հայտնել են իր աղբյուրները ԲՀԿ-ում:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երեւանում եւ Հայաստանի մի շարք քաղաքներում բազմահազարանոց հանրհավաքներ ու ակցիաներ էին տեղի ունենում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Բողոքի ակցիաները գլխավորում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից եւ վարչապետի պաշտոնակատար դարձավ Կարեն Կարապետյանը:

Սրանով բողոքի ակցիաները չդադարեցին. Փաշինյանը պահանջում էր ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից:

Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն էլ առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: