ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑԻ․ 631 թվականի սեպտեմբերի 14-ը համարվեց խաչի վերադարձման տարեթիվ
Բոլորն էլ՝ քաղկեդոնական եկեղեցիներ: Հայության քաղկեդոնական դարձը կապված է Եզր ա Փառաժնակերտցի կաթողիկոսի անվան հետ:
Եզր կաթողիկոսը ծնվել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Նիգ գավառի Փառաժնակերտ գյուղում: Կաթողիկոսի ծննդյան թավականն ու նրա ծնողների սոցիալական կարգավիճակն անհայտ են:
Եզրն ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց 630 թ.՝ Քրիստափոր Բ կաթողիկոսի մահից հետո: Քանի որ Եզրը բնավորությամբ հեզ էր ու չէր հակառակվում իշխողներին, վայելում էր հայոց իշխան Վարազտիրոց Բագրատունու հովանավորությունը: Եվ հենց Վարազտիրոցը Եզրի թեկնածությունն առաջ քաշեց կաթողիկոսական ընտրությունների ժամանակ: Զորեղ ու ազդեցիկ իշխանի կամքին ոչ ոք չհակառակվեց:
Եզրը Կոմիտաս կաթողիկոսի եղբոր աներձագն էր: Խնամիական կապերի շնորհիվ հոգևոր աստիճանակարգում նա արագ բարձրացավ և միշտ վայելում էր Կոմիտաս կաթողիկոսի հովանավորությունը:
Կաթողիկոսական աթոռին բազմելով՝ նա հայ եկեղեցու տաղավար տոները համալրեց ևս մեկով: Բյուզանդացիները վերջապես կարողացան վերադարձնել Պարսկաստան տարված Հիսուսի խաչափայտը: Խաչափայտը նախ Պոլիս տարվեց Հայաստանի վրայով, ապա կայսեր հրամանով այն հանդիսավորությամբ տեղափոխվեց Երուսաղեմ: Եվ 631 թվականի սեպտեմբերի 14-ը համարվեց խաչի վերադարձման տարեթիվ, որից հետո էլ Եզր կաթողիկոսի հրամանով հայ առաքելական եկեղեցին տաղավար տոն սահմանեց Խաչվերացը:
Եզրի գահակալման տարիներին արդեն Առաջավոր Ասիայում ահագնանում էր արաբական գործոնը: Նորաստեղծ խալիֆայությունը հավակնոտ քաղաքականություն էր վարում, արաբները ձգտում էին գրավել Պաղեստինն ու Երուսաղեմը: Բյուզանդական կայսրությունն ամբողջությամբ չէր ընկալում արաբական վտանգի ահագնությունը, բայց և այնպես նոր արհավիրքի առաջն առնելու քայլեր էր ձեռնարկում: Իսկ արաբների դեմ առաջիկա արյունահեղ բախումների ժամանակ Բյուզանդիային անհրաժեշտ էր հայության աջակցությունը, ինչն ապահովելու համար հույները հարկ համարեցին հայությանը պարտադրել դավանական միություն:
Հայերի և հույների դավանական միության ծրագիրն առաջ էր քաշել Պոլսի Սարգիոս պատրիարքը, որին էլ հավանություն էր տվել Հերակլ Ա կայսրը:
Կաթողիկոսի և կայսրության միջև բանակցությունների ժամանակ որպես միջնորդ հանդես եկավ Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչ, իշխան Մժեժ Գնունին: Նա կայսեր խոսքը հաղորդեց Եզր կաթողիկոսին: Ի դեպ, կաթողիկոսին գայթակղելու համար կայսրը խոստանում էր Հայ առաքելական եկեղեցու իրավասության տակ դնել նաև Հայաստանի բյուզանդական հողերը: Գնունյաց իշխանը կաթողիկոսին հասկացրեց, որ հակառակ պարագայում կայսրը պատրաստվում է Հայաստանի արևմտյան հատվածում հակաթոռ կաթողիկոսություն հաստատել:
Ստեղծված իրադրության վերաբերյալ կաթողիկոսը խորհրդակցեց հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունու հետ: Վերջինս հաստատեց իր հակաբյուզանդական կողմնորոշումն ու հայտարարեց, որ չի պատրաստվում հանուն Բյուզանդիայի հարվածել Սասանյան Պարսկաստանին: Միաժամանակ Ռշտունյաց իշխանը կաթողիկոսին վերապահեց կրոնական հարցերն ինքնուրույն քննարկելու իրավասությունը: Սա, ինչ խոսք, իշխանի լուրջ բացթողումն էր: Հավանաբար Ռշտունյաց տերն այդ պահին չըմբռնեց, թե հայ եկեղեցու դիրքորոշումն ինչ մեծ վտանգ է պարունակում հայության քաղաքական կողմնորոշման հարցում, ինչի համար թե՛ Թեոդորոս իշխանը, թե՛ Հայաստանը հետագայում բավական թանկ գին վճարեցին:
Այս նույն ժամանակահատվածում Հայաստանում ներքաղաքական խմորումներ էին: Հայոց մարզպան Վարազտիրոց Բագրատունին, գժտվելով պարսից արքայի հետ, պաշտոնը ձգելով, անցավ Բյուզանդիա ու ծառայության անցավ կայսեր մոտ: Նրա որդի Սմբատը դարձավ կայսեր սենեկապետներից մեկը: Նրա փոխարեն պարսից արքունիքը հայոց մարզպանությունը վստահեց քաջ ու զորեղ սպարապետ Թեոդորոս Ռշտունուն, որը դեռ պետք է փայլեր ոչ միայն ռազմի դաշտում, այլև հանդես գար որպես հմուտ դիվանագետ:
Եզր կաթողիկոսը, իր հայացքը հառելով Բյուզանդիային և ուղղափառ եկեղեցուն, Հերակլ Ա կայսրից խնդրեց դավանաբանական բովանդակությամբ փաստաթուղթ, որով պետք է քննարկվեր հայ և ուղղափառ եկեղեցիների միության խնդիրը: Փաստաթուղթը կոչվում էր «Գիր հավատո խոստովանության»:
Կայսրն ուղարկում է գիրը, որում ուղղափառ եկեղեցին նզովում է բոլոր աղանդները, նաև՝ Նեստորական եկեղեցին, սակայն այդտեղ հայ եկեղեցու համար անընդունելի կետ կար: Հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունելի երեք Տիեզերական ժողովների կողքին Թղթում հիշատակվում էր նաև 451 թ. Քաղկեդոնի եկեղեցական ժողովը:
Միության խնդիրը քննելու համար Եզր կաթողիկոսը կարգադրում է հայ հոգևորականներից Մաթուսաղա Սյունեցի եպիսկոպոսին, որը հայտնի աստվածաբան էր, կազմել կայսրին ուղղված պատասխան դավանաբանական գրությունը:
633 թ. Եզր կաթողիկոսը Մաթուսաղայի կազմած գրությամբ Կարին քաղաքում ներկայանում է Հերակլ Ա կայսրին: Հայ երկու աստվածաբանները՝ Մաթուսաղան և Հովհաննես Մայրավանեցին, նրա հետ չէին: Առաջինի բացակայության պատճառն անհայտ է, իսկ երկրորդը սկզբունքորեն դեմ էր հայ-հունական դավանաբանական միությանն ու քննարկումներին: Կաթողիկոսը Կարին մեկնեց Տիրատուր Արտազցի, Քրիստափոր Դարունյաց, Մարտիրոս Գողթնյաց և Եպիփան Մամիկոնյան եպիսկոպոսների, Վարդան Բագառիճցի, Թովմաս Արշարունեցի և Թեոդորոս Քռթենավոր վարդապետների ու մի քանի այլ հոգևորականների հետ: Բնականաբար Կարինում հայոց պատվիրակությանը շքեղ ընդունելություն են ցույց տալիս:
Այստեղ, կայսրին հանդիպելուց զատ, երկու եկեղեցիների միության հարցը Եզր կաթողիկոսը քննում է նաև Կոստանդնուպոլսի Սերգիոս պատրիարքի հետ: Ի վերջո, քննարկումների արդյունքում կողմերը համաձայնության են գալիս, և կաթողիկոսը ստորագրում է եկեղեցիների միության վերաբերյալ կայսեր առաջարկած Թուղթն ու հույն հոգևորականության և կայսեր հետ հաղորդություն է ընդունում Կարնո եկեղեցում:
Սույնով հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես ընդունեց Քաղկեդոնի դավանանքը: Կայսրը Եզր կաթողիկոսին տվեց իր վարձքը՝ Կողբ գյուղաքաղաքի երրորդ մասն ու ամբողջ աղահանքը: Կաթողիկոսը, ինչ խոսք, գոհ էր, մանավանդ որ, ի հավելումն դրա, ստացավ նաև Աղձք գյուղը:
Իհարկե հետագայի հայ հոգևորական պատմիչները՝ Ստեփանոս Ասողիկ, Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփանոս Օրբելյան, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Բարձրաբերդցի և այլք, դատապարտեցին Եզր կաթողիկոսի վարքը: Իսկ ժամանակակից Սեբեոս պատմիչը գոհունակությամբ է խոսում Եզր կաթողիկոսի բռնած ընթացքի մասին:
Հայ եկեղեցու երևելիներից Եզրին ընդդիմացավ Մաթուսաղա Սյունեցին, որ շտապեց Դվին մայրաքաղաք՝ քննադատելով Եզրին: Սակայն այստեղ համաձայնության եկավ նրա հետ՝ որպես վարձ ստանալով Սյունաց թեմի առաջնորդությունը:
Եզր կաթողիկոսի քաղկեդոնական ընթացքին ընդդիմացավ Հովհաննես Մայրավանեցին: Նա խիստ քննադատեց կաթողիկոսին և իր հանդգնության համար կաթողիկոսի հրամանով ենթարկվեց ծեծի և տանջանքների, զրկվեց իր զբաղեցրած պաշտոնից և ստիպված եղավ քաշվել Մայրավանք, որը Եզրի հրամանով սկսեց Մայրագոմ անվանվել, իսկ պաշտոնազրկված Հովհանը՝ Մայրագոմեցի, քանի որ Հովհաննես Դրասխանակերտցու բացատրությամբ՝ եզի պես համառ ու պնդագլուխ վարքագիծ էր հանդես բերել: Այսքանից հետո էլ Եզրը չդադարեցրեց նրա նկատմամբ հալածանքը, և Հովհաննես Մայրագոմեցին ստիպված հեռացավ Գարդմանք գավառ՝ հեռվից չդադարեցնելով պայքարը կաթողիկոսի դեմ:
Սակայն այս վիճակը երկար չտևեց, քանզի արաբա-բյուզանդական պատերազմների հետևանքով բյուզանդական կայսրությունը ջախջախիչ պարտություն կրեց, նրա ազդեցությունը Արևելքում թուլացավ:
Իսկ կաթողիկոսը շարունակեց իր գահակալությունը: Նա զբաղվեց շինարարական գործունեությամբ, վերակառուցեց Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիները, Մայր Տաճարը:
640 թ. արաբները ձեռնարկեցին իրենց առաջին արշավանքը դեպի Հայաստան: Նրանք հասան Դվին մայրաքաղաք և երեք ամսվա պաշարումից հետո գրավեցին քաղաքը: Սպանվեց 12000 մարդ, ևս 35000 հայ գերի տարվեց: Թեոդորոս Ռշտունին դեռևս արաբներին հակահարված հասցնելու և երկիրը պաշտպանելու բավարար ուժեր չուներ:
Հնարավոր է՝ Եզր կաթողիկոսը Դվինում մահացել է դեռևս մինչև քաղաքի գրավումը՝ 640 թ. հոկտեմբերը: Գուցե՝ անմիջապես հետո: Բայց և այնպես իրադարձությունների մասին հետագա գրավոր աղբյուրներում նրա անունը ողջերի մեջ չի հիշատակվում: