ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի զինված ուժերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի. Դավիթ Տոնոյան
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Բոլորը պետք է գիտակցեն, որ ադրբեջանական կողմն իրենց տարածքում իրականացնում է որոշակի տեղափոխումներ: Դա Ադրբեջանի՝ Նախիջևանի հանրապետության տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»,-ասաց նա:
Տոնոյանը կոչ արեց իրավիճակը սթափ գնահատել և շեշտեց, որ ՀՀ ՊՆ-ն որևէ խնդիր Նախիջևանի սահմանից չի տեսնում:
Նրա խոսքով՝ Արցախի սահմանում նույնպես անսովոր երևույթներ չեն կատարվում՝ հայկական կողմն ամբողջովին վերահսկում է իրավիճակը:
Ինչ վերաբերում է իր և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Նախիջևան սահման կատարած այցին, Տոնոյանն ասաց, որ ԱԳ նախարարը պարզապես ցանկանում էր անձամբ ծանոթանալ իրավիճակին:
Պաշտպանության նախարարը շեշտեց, որ օրական մի քանի անգամ զեկույցներ են ներկայացնում վարչապետին սահմանին տիրող իրավիճակի մասին:
Նախարարը, խոսելով ՀՀ-ում հեղափոխության օրերին տարածվող լուրերի մասին, թե սահմանում հակառակորդի ԶՈւ կուտակումներ է նկատվում, ասաց. «Կարծում եմ, որ դա ավելի շատ մտահոգություն է եղել Ադրբեջանի կողմից՝ կապված մեր ներքաղաքական իրավիճակի հետ: Սա ավելի շատ քաղաքական գնահատման խնդիր է, բայց կային կուտակումներ, ինչը նաև բացատրվում է նրանով, որ Ադրբեջանը մտահոգվում էր, թե մեր կողմից կարող է սադրանք լինել»: