Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն իրականցնում քաղբանտարկյալ Մամեդովի գործով ՄԻԵԴ-ի երկրորդ որոշումը


  
դիտումներ: 457

Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացնում «ReAl» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նաև երկրորդ որոշումը: Այս մասին նշված է կուսակցության հայտարարությունում, հաղորդում է ադերբաջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Երկրորդ որոշումը ուժի մեջ է մտել մարտի 5-ին, որը պետք է իրականացվեր երեք ամիսների ընթացքում, այսինքն՝ մինչև հունիսի 5-ը: Փաստաթղթում նշված է, որ համաձայն օրենսդրության՝ Գերագույն դատարանի պլենումը պետք է դիտարկի հարցը և չեղարկի ստորին դատարանների՝ Մամեդովի գործով որոշումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկրորդ որոշման պատճառը Մամեդովի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) նախատեսված իրավունքի խախտումն է՝ վճռելով, որ Մամեդովի դեմ ներկայացված բոլոր ապացույցները հիմնավոր չեն:

«ReAl» կուսակցությունից հայտնել են, որ երեք շաբաթների ընթացքում Գերագույն դատարան ուղարկված հարցումներն անպատասխան են մնում: Մասնավորապես, խնդրել են ներկայացնել տեղեկություն, թե արդյոք Գերագույն դատարանը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, և եթե այո, ապա երբ կկայանա պլենումը:

Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկրորդ որոշումը վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ-ի Իսմաիլլիի իրադարձությունների առնչությամբ 7 տարվա ազատազրկման դատապարտելու որոշմանը: Վերջինս մեղավոր էր ճանաչվել զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանության նկատմամբ բռնության կիրառման համար:

ՄԻԵԴ-ն այդ գործի առնչությամբ որոշումը հրապարակել էր 2017 թ-ի նոյեմբերի 16-ին, որն էլ ուժի մեջ է մտել մարտի 6-ին: ՄԻԵԴ-ը ճանաչել է Մամեդովի՝ արդար դատաքննության իրավունքի խախտումը:

ՄԻԵԴ-ի կողմից դեռևս 2014 թ-ին կայացված առաջին որոշման համաձայն՝ դատարանն անօրինական է համարել Մամեդովի նախնական կալանքն ու հետապնդումների քաղաքական դրդապատճառները: Ադրբեջանի կառավարությունն այդ որոշումը չի կատարել: Այդ առնչությամբ ՄԻԵԴ-ի նախարարների կոմիտեն հատուկ գործընթաց է սկսել, որի արդյունքում ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կարող է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: