Մանվելները ոչ թե ազգային, այլ համակարգի հերոսներն են
Գեներալի գործընկերները և զինակից ընկերները, որոնց հետ նա վստահաբար մեկ անգամ չէ, որ հաց է կիսել կամ նրանց մոտ հպարտացել իր կոլեկցիոն հավաքածուներով, կենդանաբանական այգով կամ անսահմանափակ իշխանությամբ «իրեն վստահված տարածքներով», այսօր «շոկի» մեջ են: Պարզվում է՝ գեներալի հեռու ու մոտ ընկերներն ու գործընկերները տեղյակ չէին, որ «ազգային հերոսը» նաև «տուշոնկա գողացող» է: Կարծես գեներալն անտեսանելի թիկնոցով է իր հանցանքներն իրականացրել, այնպես, որ ո՛չ ոլորտի պատասխանատուները, ո՛չ իրավապահները, ո՛չ նրա շրջապատի մարդիկ տեղյակ չեն եղել նրա արարքներից:
Ավելի տրամաբանական է համարել, որ մարդիկ հանկարծակի «զրկվում են իրենց հերոսներից», «անձնական մեծ ողբերգություն են ապրում» կամ «ազգի դավաճան են հայտնաբերում», որ փրկեն իրենց դեմքը, որ մարդկանց համոզեն՝ իրենք նման արարքներ չեն գործել:
Ի՞նչ է, գեներալ Մանվելը խելագար չարագո՞րծ է հոլիվուդյան մուլտֆիլմերից: Բնավ ոչ: Նա ընդամենը համակարգի մասն է, որի սկիզբը դրվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի օրոք ու նրանց ջանքերով:
Երբ 1993-ին ստեղծվում էր Երկրապահ կամավորականների միությունը կամ, այլ կերպ ասած, իշխող կուսակցության (ՀՀՇ-ի) ռազմական թևը, նպատակն ընդամենն օրեցօր հզորացող ընդդմիությանը զենքի ուժով հակազդելն էր: Պատահական չէ, որ հետագայում երկրապահները դարձան ընտրությունների ու ընտրախախտումների անբաժան մասը՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո ժողովրդին ճնշելու ու որոշ մարդկանց իշխանական աթոռին մնալուն աջակցելու համար ստանալով պարգևներ՝ բիզնեսների ու անօրինականությունների իրականացման արտոնությունների տեսքով: 1996-ի նախագահական ընտրություններում ԵԿՄ-ն մեծ դերակատարություն ունեցավ և զենքի ուժով օգնեց, որ իշխանության ղեկին մնա այն թեկնածուն, որը չէր ստացել ժողովրդի քվեն: 1998-ին աջակցեց հեղաշրջմանը: Եվ հետագա բոլոր ընտրություններում էլ ԵԿՄ-ն իր սև գործն արել է:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն օրերս վերահրատարակել է տարիներ առաջ Էջմիածնում իրականացրած ուսումնասիրության որոշ հատվածներ: Ողջ հրապարակումը հաղորդում է հանցագործությունների մասին՝ սկսած քաղաքացու գույքի բռնազավթումից մինչև բռնաբարություն ու խոշտանգում: Բայց արի ու տես, որ նախորդած 20 և ավելի տարիներին բոլորի աչքերը փակ են եղել ու որևէ մեկը տեղյակ չի եղել պետության ներսում ստեղծված պետության կամ ավելի ճիշտ` ֆեոդալության մասին, ինչպես նաև այնտեղ տիրող անօրինությունների մասին:
Այս օրերին գեներալ Մանվելին պաշտպանող անձինք պատճառաբանում են, թե նրա արարքները դատապարտելի չեն, քանի որ նա արցախյան ազատամարտի մասնակից է ու Արցախի հերոս: Նույն տրամաբանությունն է գործել և նախորդ տասնամյակներում: Ազգի, իսկ ավելի ճիշտ` իշխանությունների համար մի բան արած «լավ տղերքը» վեր են դասվել օրենքից:
«Կյանք ու կռիվ 2» ֆիլմում հերոսներից մեկը մի հարց է հնչեցնում. «Եթե մարդը հինգ տարի ազգի հերոս է եղել և 20 տարի ազգի տականք, ապա ո՞վ է նա»: Թերևս այս մարդկանց պետք է հիշեցնել, որ հայրենիքի համար արածը չեն հաշվում, ու արածի համար էլ հայրենիքին հաշիվ-ապրանքագիր չեն ներկայացնում:
Ավելին, Արցախյան ազատամարտին մասնակցել է շուրջ 20 հազար մարդ: 2016-ի քառօրյայի մասնակիցների ստույգ թիվը հայտնի չէ: Այս տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա այս մարդիկ բոլորն էլ օրենքից վեր պետք է լինեին, այս երկիրը պետք է լիներ միայն նրանցը, մյուսներս էլ երևի պիտի հեռացած լինեինք կամ դառնայինք նրանց հպատակները: Բայց ոչ, այդպես չէ: Քանի որ իրականում մարդկանց արտոնություններ շնորհելու չափանիշը եղել է ոչ թե հայրենիքին, այլ իշխանություններին մատուցած ծառայությունները: Հետևաբար, մանվելները ոչ թե ազգային, այլ համակարգի հերոսներն են, համակարգի ստեղծած գազանները, որոնք քաղցկեղ են դարձել Հայաստան պետության համար: Եվ որքան շուտ իրերն իրենց անուններով կոչվեն, որքան շուտ իրադարձություններն ու արարքները համապատասխան գնահատականներ ստանան, այնքան ավելի հավանական կդառնա քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարը: Սակայն այստեղ պետք է զգոն լինել, որ քաղցկեղի մի տեսակը մեկ այլով չփոխարինենք, որ չլինեն նոր արտոնյալ «ազգային հերոսներ»՝ ըստ նրանց թիմային պատկանելության: