Սկսեցին ավտոլվացման կետից ու հասան լուրջ արտադրության
«Միշտ հետաքրքրել է, միշտ մտածել եմ, որ անպայման պետք է բիզնեսով զբաղվեմ, և ինձ երբեք չի ձգել այն միտքը, թե պետք է դրսից ինչ-որ բան բերեմ ու վաճառեմ, ավելի շատ հետաքրքրել է արտադրության ոլորտը: Ոչ թե փող աշխատելն է հետաքրքիր, այլ նոր բան ստեղծելու, եղածին ինչ-որ նոր բան ավելացնելու պրոցեսը: Ճիշտ է, բիզնեսի նպատակը գումար աշխատելն է, բայց անգամ այդ ընթացքն էլ պետք է հաճելի լինի, դու էլ քո արածից պետք է գոհ ու բավարարված մնաս: Իմ պատկերացումներով՝ բիզնեսի նպատակը ոչ նյութական արժեք ստեղծելն է»,- «Անկախի» հետ զրույցում նշեց «Կարմանդ» ընկերության համահիմնադիր Կարեն Հովհաննիսյանը:
Սկզբում եղբայրներով որոշեցին հիմնել իրենց առաջին փոքրիկ բիզնեսը, որը ընդհանուր բան չուներ նրանց ներկայիս գործունեության հետ: Դա ավտոլվացման կետ էր: Այդ ժամանակ, ինչպես պատմում է Կարեն Հովհաննիսյանը, հայրը օգնեց, հատկացրեց անհրաժեշտ գումարը պահանջվող սարքավորումները ձեռք բերելու համար: Բայց հայրը չէր խառնվում տղաների գործին՝ թողնելով, որ ինքնուրույն հմտանան բիզնես գործունեության մեջ: Այդ առաջին բիզնեսն էլ, ինչպես հիմա ժպտալով նշում է եղբայրներից ավագը՝ Կարեն Հովհաննիսյանը, ավելի շատ պրակտիկա էր, քան շահութաբեր գործ: Առանձնապես շահույթ էլ չէին ստանում, ստացված եկամուտը հազիվ բավականացնում էր ինչ-ինչ առօրեական ծախսերին միայն:
Ավտոլվացման կետը հիմնելուց մեկուկես-երկու տարի հետո՝ 2007-2008 թթ. նրանք որոշեցին ավելի լուրջ բան սկսել: Այդ ժամանակ Հայաստանում լայն թափով զարգանում էր այսպես կոչված եվրոդուռ-եվրոլուսամուտների արտադրությունը: Եվ եղբայրները որոշեցին, որ դա ավելի լուրջ ոլորտ է, որտեղ արդեն կային հաստոցներ ու արտադրության պրոցես: Եվ հոր անմիջական աջակցությամբ հիմնեցին իրենց առաջին արտադրամասը, որը, ինչպես նշում է «Կարմանդի» համահիմնադիրը, արդեն որոշակի ֆինանսական էֆեկտ էլ սկսեց տալ:
«Սկզբից էլ որոշել էինք, որ եթե ընկերությունը հիմնում ենք, ուրեմն այն պետք է երկար կյանք ունենա, պատմություն կերտի, սիմվոլիկ անունն էլ (ընկերության անունը ծագել է երկու եղբայրների և հոր անունների համադրությունից), որպես սիմվոլիկ բրենդ պետք է զարգացնենք: Այդ ժամանակ, մտածում էինք, թե դուռ-լուսամուտների արտադրամասին զուգահեռ էլ ի՞նչ կարելի է անել, ու չեմ էլ հիշում, թե ինչպես առաջացավ մետաղական իրերի արտադրություն հիմնելու գաղափարը»,- պատմում է Կարեն Հովհաննիսյանը:
Այդ ժամանակ մեծ ներդրումներ էլ չպահանջվեցին: Անհրաժեշտ գումարներն էլ տրամադրեց հայրը: Ամեն դեպքում, նշում է մեր զրուցակիցը, դրանք մեծ գումարներ չէին, և առհասարակ «Կարմանդում» երբեք միանվագ մեծ ներդրումներ չեն արվել: Փոքր-փոքր ներդրումներ արվել են ընթացքում՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: Բացի այդ, իրենք սկսնակ բիզնես էին, ինչը ռիսկ է, իսկ այդ ռիսկի դեպքում մեծ ներդրումներ չէին կարող լինել:
Սկզբում գնեցին հին, սովետական ժամանակաշրջանի հաստոցներ, աշխատանքի ընդունեցին մեկ հոգու, և տրվեց ներկայիս «Կարմանդի» բուն գործունեության մեկնարկը: Հիմա արդեն 10-15 հոգի են աշխատում «Կարմանդում», բայց աշխատակիցների ոչ այնքան մեծաթիվ լինելը պայմանավորված է արտադրության ամբողջ ցիկլի ավտոմատացմամբ ու ժամանակակից տեխնոլոգիաների ու գերժամանակակից սարքերի ու հաստոցների կիրառմամբ: Ընթացքում փակվեց դուռ-լուսամուտի արտադրամասը, քանի որ այդ շուկան արդեն լուրջ անկում էր ապրել: Եվ 2009-2014 թթ. այդ արտադրամասին զուգահեռ էլ ստեղծվեցին թիթեղյա ու մետաղական իրերի արտադրամասերը:
«Սկզբում պատվիրատուները ստաբիլ չէին, դժվար էին առաջ գնում գործերը: Կարգին հաստոցներ չունեինք, որ ստանայինք այն որակը, որը մենք էինք ցանկանում, որովհետև ստեղծման առաջին իսկ օրվանից մեր գործունեության հիմքում դրել էինք այն, որ մեր արտադրանքը պետք է լինի խիստ բարձր որակով: Այդ շրջանում շատ կազմակերպություններ կային, որոնք հին, մաշված մետաղական պահարաններ, արկղեր ունեինք, որոնք օգտագործվում էին նրանց տնտեսություններում: Սկզբում դրանք էինք վերցնում, նորոգում, թարմացնում, վերամշակում: Հետո միտք առաջացավ, որ ինչ-որ բաներ մենք սկսենք արտադրել»,- ասում է «Կարմանդի» համահիմնադիրը:
Ներկայումս ընկերության արտադրատեսակների թիվն անցնում է 100-ից: Արտադրում են էլեկտրականության ու էլեկտրամոնտաժի մեջ կիրառվող տարբեր արտադրանք՝ պահարաններ, արկղեր, հրդեհային անվտանգության համակարգերի պահարաններ, արկղեր, բանալիների տուփեր, կախիչներ, հագուստի պահարաններ արտադրությունների համար, ամբողջը՝ թիթեղյա: Արտադրվում են նաև տարբեր նշանակությունների դարակաշարեր: Հետագայում որոշեցին էլեկտրատաքացուցիչներ արտադրել:
«Մենք ինքներս ամեն տարի նման տաքացուցիչներ էինք գնում, որոնք մեկ տարի գործածելուց հետո փչանում էին, հաջորդ տարի նորն էինք գնում: Զգացինք, որ մեզ նման շատ մարդիկ կարող են լինել, որոնք այդ խնդրին կարող են առնչվել: Գտանք համապատասխան գործարաններ, որոնք համապատասխան արտադրանք թողարկելու համար սարքավորումներ էին արտադրում, ներմուծեցինք ու սկսեցինք նաև տաքացուցիչների արտադրությունը: Բարձր որակի արտադրանք էր ստացվում, որն ուներ մի լուրջ խնդիր. բարձր որակի հաշվին վերջնական ինքնարժեքն էլ էր բարձր ստացվում, ինչը նման արտադրանքը դարձնում էր քիչ նախընտրելի: Ժամանակի ընթացքում տարբեր արտադրատեսակներ ենք փորձել, որոնց մի մասը հաջողվել է, մյուս մասը՝ ոչ: Սկսելով մի քանի հնամաշ հաստոցներով՝ 2013-2014 թթ. հասկացանք, որ այդպես լուրջ գործունեություն չենք կարող ծավալել ու հեռու էլ չենք գնա: Հաշվարկներ արեցինք ու եկանք եզրակացության, որ երկու տարբերակ ունենք՝ կա՛մ պետք է ամեն ինչ դադարեցնենք ու փակենք, կա՛մ պետք է սկսենք հերթով հաստոցային պարկը փոխել՝ արդիականացնել: Աստիճանաբար անցանք նոր տեխնոլոգիաներին»,- պատմեց «Կարմանդի» համահիմնադիրը:
Արդիականացնելուց հետո, արդեն 2014 թ. սկսած, լուրջ առաջընթաց ունեցան: Իսկ ներկայումս «Կարմանդը» սկսել է նաև զբաղվել էներգախնայող լամպերի արտադրությամբ:
«Ուսումնասիրեցինք արտադրությունը և հասկացանք, որ դա բարդ պրոցես է, ու որոշեցինք, որ եթե ներմուծում ենք, ուրեմն միայն հումքը: Ու քանի որ ցանկանում էինք նաև աշխատատեղեր ստեղծել, թեկուզ սիմվոլիկ, ուրեմն այդ լամպերի ստեղծման ու իրացման փուլում մի որևէ օղակը պետք է լիներ Հայաստանում: Մտածում էինք, որ եթե մի քանի հոգի էլ ավելի աշխատող ունենանք` էլի ձեռքբերում է: Իհարկե, մեզ մոտ հավաքված լամպերի ինքնարժեքը շատ ավելի թանկ էր նստում, քան պատրաստի արտադրանքը ներմուծելն ու վաճառելը, բայց այսպես ասած` «քաղաքական որոշում» ընդունվեց, որ գոնե հավաքումն այստեղ պետք է կազմակերպել»,- ասաց մեր զրուցակիցը:
Բայց հենց Հայաստանում այդ լամպերի հավաքումը կազմակերպելը մի քանի առավելություններ տվեց «Կարմանդին». նրանք արդեն կարողանում էին արտադրանքի կրկնակի ստուգում անել, ինչպես նաև երաշխիք տալ ու երաշխիքային սպասարկում ապահովել: Այս նոր ոլորտում էլ նրանք հեռուն գնացող ծրագրեր ունեն:
«Բիզնեսը բավականին մեծ ջանք է պահանջում, աշխատասիրություն, կարգապահություն ու մեծ համառություն: Ամեն ինչ չէ, որ հալած յուղի պես է: Միշտ էլ կան խնդիրներ, միշտ էլ կան խոչընդոտներ: Որոշում կայացնելու ունակություն է պահանջվում: Ասում են, թե մեր երկրում բիզնես անելը խնդրահարույց է, դժվար է, բայց ես չեմ կարծում, թե այն որևէ երկրում հեշտ է: Միշտ էլ պիտի չարչարվես, որ արդյունք ստանաս: Ես, օրինակ, առավոտյան շատ շուտ եմ զարթնում, երեկոյան էլ շատ ուշ եմ քնում, ու այդ ամբողջ ընթացքում անդադար աշխատում եմ»,- սեփական փորձից ելնելով՝ շեշտում է Կարեն Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ՝ բիզնեսում չձախողվելու համար մարդ պետք է միջինից ավելի համառ լինի: Եթե մի բան փորձում ես ու չի ստացվում` չպետք է հետ կանգնես, այլ միշտ պետք է առաջ գնաս: Պետք է անընդհատ պրպտել, անընդատ ինչ-որ նոր բան անել, փորձել ու երբեք չսահմանափակվել: Պետք է անընդհատ շարժվել առաջ, քանի որ բիզնեսը չի սիրում կանգ առնել:
«Ամեն դեպքում արածի համար չեն փոշմանում, չարածի համար ավելի շատ են փոշմանում: Պետք է անհաջողության դեպքում հասկանալ, թե որտեղ սխալ գործեցիր: Եթե անգամ համոզված ես, որ սխալի պատճառն ուրիշն էր, միևնույն է, քո սխալն էլ կա: Պետք է լրիվ պատասխանատվություն ստանձնել: Եվ չեմ կարծում, թե հաջողության գաղտնիք կա: Ուղղակի երբ մարդուն շանս է տրվում, պետք է այն անպայման օգտագործել, պետք է հայտնվել ճիշտ վայրում ու ճիշտ ժամանակին, իսկ դա հասկանալու համար փորձ ու գիտելիք է պետք: Բախտին այնքան էլ չեմ հավատում, հաջողությունն ավելի շատ մաթեմատիկական խնդրի տեսքով եմ պատկերացնում, ոչ թե բախտի»,- եզրափակում է «Կարմանդի» համահիմնադիրը: