Հայերեն   English   Русский  

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ


  
դիտումներ: 15755

1918 թվականի գարունը թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր հայոց պատմության մեջ: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի արհավիրքներում անօգնական մնացած հայ ժողովրդի բեկորները` ծվատված ու բզկտված հավաքված Արևելյան Հայաստանում, սպասում էին օրհասին:

Հեղափոխությունից հետո ռուսական բանակը լքեց ճակատային գիծը և վերադարձավ Ռուսաստան: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից` թուրքերը ռազմաճակատի ողջ երկայնքով հարձակման անցան:

ՄովսեսՍիլիկյան

Անդրկովկասյան Սեյմի և Թուրքիայի միջև Տրապիզոնի հաշտության բանակցությունների տապալումից հետո թուրքական բանակը վերսկսեց հարձակումը: Թեև թուրքերի հարձակման նպատակը ողջ Անդրկովկասի նվաճումն էր, մի քանի հարյուր կիլոմետր ձգվող ռազմաճակատի գիծը պաշտպանում էին միայն հայկական փոքրաթիվ ուժերը: Վրացիներն ու ադրբեջանցիները ոչ միայն հրաժարվեցին թուրքերի դեմ կռվելուց, այլև իրենց պառակտիչ գործունեությամբ քայքայում էին հայկական ճակատը:

Մարտին թուրքերը գրավեցին Սարիղամիշը: Հայերի հույսը լավ ամրացված Կարսն էր, սակայն քաղաքը երկար չդիմադրեց` Անդրկովկասյան Սեյմի ղեկավարության ապաշնորհության պատճառով: Ճանապարհը դեպի Կովկաս թուրքական զորքերի համար այլևս բաց էր: Հայության գլխին կրկին կախվեց ոչնչացման սպառնալիքը:

Մայիսի 15-ին թուրքական զորքերը գրեթե առանց դիմադրության գրավեցին Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտավայրը: Այստեղից թուրքական բանակը բաժանվեց երեք մասի: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ արշավեց դեպի Արարատյան դաշտ և Երևան, մյուս մասը, շրջանցելով Արագած լեռը, Երևանի վրա արշավեց Բաշ-Ապարանի ճանապարհով, երրորդ մասն արշավեց Լոռի` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը: Երևանի և Թիֆլիսի գրավումից հետո թուրքերը տարբեր ուղղություններով պիտի արշավեին Բաքվի վրա:

Բնականաբար, թուրքական բանակն իր ճանապարհին կողոպտում ու սպանում էր հայ ժողովրդին: Հայության արևելյան հատվածի գլխին ևս կախվեց ցեղասպանության սպառնալիքը:

ուրքերին դիմագրավելու համար հայությունը լարեց բոլոր ուժերը: Հայ քաղաքական միավորումները համախմբված գործի անցան: Հիմնական ծանրությունն ընկավ Հայկական կորպուսի երևանյան զորախմբի վրա, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը: Արարատյան երկրում պաշտպանության կազմակերպումը ստանձնեց Արամ Մանուկյանը:

Զարգացնելով հաջողությունը` թուրքական զորքերը մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատը: Հայկական զինուժը թուրքերին դիմավորեց Սարդարապատ կայարանի մատույցներում: Սարդարապատի ճակատամարտի հրամանատարությունը հանձն առավ գնդապետ Դանիել բեկ Փիրումյանը: Առաջին իսկ օրը հրետանային համազարկից հետո հայկական բանակը հակահարձակման անցավ և հետ գրավեց Սարդարապատ գյուղն ու կայարանը: Թուրքերը նահանջեցին Արաքսկայարան, ապա համախմբելով ուժերը` կրկին գրոհի անցան: Մի քանի օր տևած կռիվների արդյունքում թուրքական 15000-ոց բանակը գլխովին ջախջախված փախուստի դիմեց դեպի Ալեքսանդրապոլ:

ՄԱՅԻՍՅԱՆՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ

Սարդարապատի ճակատամարտը, բացի ռազմական հաղթանակ լինելուց, կարևորվեց նաև նրանով, որ ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Սարդարապատն այսօր նաև հայոց միասնության խորհուրդն է ամփոփում:

Սարդարապատի հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց հայ ժողովրդի մեջ ու քաղաքական շրջանակներում: Առաջին անգամ ողջ պատմության ընթացքում թուրքական կանոնավոր բանակի դեմ հայերը բաց դաշտում ճակատամարտ տվեցին ու հաղթեցին:

Սարդարապատից զատ միաժամանակ ճակատամարտ էր ընթանում Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում:

Բաշ Ապարանում թուրքական բանակի 9-րդ դիվիզիայի նպատակն էր արագ երթով ջարդել հայկական զինված խմբավորումները, շրջանցելՍարդարապատի զորախումբը թիկունքից, աքցանի մեջ առնել հայկական բանակն ու ոչնչացնել: Թուրքերի մտահղացումը կռահելով` գեներալ Սիլիկյանը Բաշ-Ապարան ուղարկեց Դրաստամատ Կանայանին 6000-ոց զորախմբով: Հայկական զինուժին հաջողվեց նախ Ալի-Քուչակում ջախջախել թուրքական առաջնապահ ուժերին և ոչնչացնել հրետանին, ապա Դրոն, կազմակերպելով նաև տեղական աշխարհազորը, հակահարձակման անցնելով, ջարդեց թուրքական բանակի հիմնական ուժերը, կասեցրեց թուրքերի առաջխաղացումն ու հզոր հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն, որ դարձյալ նահանջեց Ալեքսանդրապոլ: Պետք է նշել, որ Բաշ-Ապարանի ճակատամարտում մեծ աջակցություն ցուցաբերեց նաև եզդի աշխարհազորը` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:

Փոքր-ինչ այլ էր իրավիճակը Ղարաքիլիսայում: Թուրքական բանակը Ղարաքիլիսային մոտեցավ երկու ուղղություններով: Հիմնական ուժերըերկաթուղու ուղղությամբ Շիրակի դաշտավայրից մոտեցան Ղարաքիլիսային, իսկ մյուս զորաբանակը մտավ Դաշտային Լոռի, գրավեց Ջալալօղլին ևՎորոնցովկան (Տաշիր) և մայիսի 20-ին երկու բանակները մոտեցան Ղարաքիլիսային: Մայիսի 24-28-ը տևած արյունահեղ կռիվների ընթացքում հայերը հերոսաբար դիմադրեցին մեծաքանակ թշնամուն` փակելով Լոռվա ձորի մուտքը և ճանապարհը դեպի Թիֆլիս, որտեղ կենտրոնացած էր հայության մեծագույն հատվածը: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր: Ճակատամարտի ընթացքում թուրքական բանակին օգնում էր նաև տեղի թուրք-մահմեդական բնակչությունը: Թուրքերի գերազանց սպառազինության դեմ հայկական կողմն ուներ 6000 կռվող` 10 հրանոթներով և 20-ից պակաս գնդացիրներով: Ավելորդ չէ նշել, որ Ղարաքիլիսային շատ մոտ` Դսեղում էր գտնվում զորավար Անդրանիկն իր մարտունակ զորաջոկատով, սակայն նա հրաժարվեց մարտի բռնվել թուրքերի դեմ և ճակատամարտից հետո անցավ Դիլիջան: Իսկ Ղարաքիլիսայի ճակատամարտի հրամանատարը հայկական բանակի գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանն էր: Ղարաքիլիսայում աչքի ընկան Գ.Նժդեհը, գնդապետՆ.Ղորղանովը և ուրիշներ...

Ճակատամարտն ահեղէր: Երկուստեք մեծ կորուստներ եղան: Հայերն առաջին օրերին հակահարձակման անցան և թուրքերին հետ քշեցին ելման դիրքերը: Սակայն թուրքերին, այնուամենայնիվ, համալրում ստանալուց հետո հաջողվեց գրավել Ղարաքիլիսան: Թշնամին քաղաքում իսկական նախճիր սարքեց: Մի քանի օրվա ընթացքում Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրքական յաթաղանի զոհ գնացին 5000-ից ավելի հայեր: Չնայած Ղարաքիլիսայում հայկական զինուժի պարտությանը` կասեցվեց թուրքերի առաջխաղացումը: Եվ եթեՍարդարապատի տակ և Բաշ-Ապարանում հայերը փրկեցին Երևանը, ապաՂարաքիլիսայի հերոսամարտի արդյունքում փրկվեց ողջ Կովկասը և Թիֆլիսը` մասնավորապես: Ավելին, մայիսյան հերոսամարտերի արդյունքում մասնակիորեն կասեցվեց թուրքերի առաջխաղացումը Բաքու, ավելի ստույգ` դանդաղեցվեց, որից շահեց Բաքվի կոմունան: Ղարաքիլիսայի ճակատամարտից շատ չանցած` թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան խոստովանեց «Մի խոսքով, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում գոյամարտի ելած հայությունը կարողացավ ոչ միայն խափանել թուրքական հրամանատարության պլաններն ու զենքով ամրագրել ապրելու իրավունքը, այլև հաստատել ապրելու և անկախ պետականություն կերտելու իրավունքը»:

Մնումէր, որ հայքաղաքական ուժերը կարողանային ամրագրել մայիսյան հերոսամարտերի հաղթանակները դիվանագիտության ասպարեզում:

Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին հռչակեց Հայաստանի անկախությունը: Դա այն առավելագույնն էր, որ կարողացավ անել հայ քաղաքական միտքն այդ տարիներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: