Հայաստանի պետական պարտքերը համահունչ չեն մեր ներքին հնարավորություններին. Արամ Սարգսյան
Այսպիսով ներկայումս ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի 41,6%-ի չափով է, իսկ արտաքին պետական պարտքը` 35,6%-ի: Շատ ուսումնասիրողներ ու մասնագետներ նման ցուցանիշը վտանգավոր են համարում, որոշներն ու պետական պաշտոնյաները` ոչ: Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վերաբերյալ բազմաթիվ ելույթներ է ունեցել ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Նրա գլխավորած կուսակցությունը, ի դեպ, հանդիպել է նաև ՀՀ վարչապետի հետ ու ներկայացրել ՀՀ պետպարտքի, մասնավորապես` արտաքին պետական պարտքի առնչությամբ իրենց մտահոգությունները: Այդ մտահոգություններից մի քանիսի մասին Արամ Սարգսյանը զրուցեց նաև մեզ հետ, որը ներկայացնում ենք ստորև:
- Պարո՛ն Սարգսյան, խնդրում ենք ներկայացնել Հայաստանի արտաքին պետական պարտքի կապակցությամբ Ձեր դիտարկումներն ու մտավախությունները:
- Դրանք համաչափ չեն մեր ներքին հնարավորություններին: Եվ երբ այդպիսի ահռելի պարտքեր են վերցվել, հատկապես` վերջին տարիներին, դրանք չեն ուղղվել տնտեսության ռեալ զարգացմանը: Սա ունի շատ հիմնավոր «պատճառ». նրանք, ովքեր տալիս են այդ պարտքերը, նրանք էլ թելադրում են պայմանները: Այսինքն` մենք 1991-ից սկսած, երբ ՀԲ-ն ու ԱՄՀ-ն, այսպես ասած, իրենց պրոտեկտորատի տակ վերցրեցին Հայաստանի տնտեսությունը, մենք թելադրանքով ենք աշխատում: Այիսնքն` հայտարարվեց, որ մենք պետք է լինենք ընդամենը սպասարկող երկիր, չպետք է ունենանք զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն ու բավարարվենք այն պայմաններով, որ թելադրում են այդ երկու ֆինանսական կառույցները: Միայն Հայաստանը չէ այդ դերում, նրանք, ովքեր ենթարկվել են այդ կազմակերպությունների պայմաններին, այդպիսի ծանր վիճակում են գտնվում:
- Երբ նայում ենք հատկապես արտաքին պետական պարտքի աճի դինամիկային, պարզ է դառնում, որ այն ինչ-որ ծավալներով աճել, աճել, իսկ 2004 թ. հետո սկսել է համեմատաբար ավելի խոշոր չափերով աճել մինչև 2009 թ.: Իսկ 2009-ից այն միանգամից գրեթե կրկնապատկվել է, ու այս հանգամանքը պետական մարմինների ներկայացուցիչները բացատրում են համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամով: Ձեր դիտարկմամբ, դա արդարացված չէ՞:
- Ճգնաժամը` ճգնաժամով, իրոք այդպիսի իրավիճակ էր ստեղծվել, բայց դա նշանակում էր, որ պետությունը պետք է մտածեր դիվերսիֆիկացիայի մասին: Այսինքն` ներքին խնդիրներն ինչպես պետք է լուծվեն, արդյունաբերական որ ճյուղերը պետք է զարգացնել, որպեսզի սեփականն ունենանք, ինչպես պետք է գյուղատնտեսական ոլորտը դարձնել ագրոհամալիր, ինչպես պետք է օգտագործել հումքային հնարավորությունները… Իսկ հումքի հետ կապված` դա մի առանձին խոսակցության նյութ է. մեր ներքին հարստությունն ահռելի մեծ է և մեր երկրին հսկայական օգուտներ կարող է բերել, եթե մենք այդպես անմիտ ձևով այն չնվիրեինք մասնավորին: Ընդ որում, ոչ մայն հանքերը, այլև դրանցից ստացվող շահույթը: Այդ պարագայում Հայաստանը կարող էր օգտվել ֆինանսական այդ հնարավորություններից: Բայց ցանկին նայենք, թե ինչ անվանումներով ու ինչու են վերցվել այդ գումարները:
- Դուք ունե՞ք համապատասխան դիտարկումներ:
- Ես մի քանի ագամ և՛ մամուլով, և՛ հեռուստատեսությամբ բերել եմ օրինակները. կարող ենք պարզապես վերցնել ցանկն ու նայել, թե անուններն ինչ են, դրանք խայտառակություն են: Պարզվեց ամենազավեշտալին, որ հիմնականում այդ վարկերը վերցվել են, որպեսզի բյուջեի դեֆիցիտը փակեն: Այսինքն` իրենց ապաշնորհ գործունեության պատճառով ձևավորված այդ դեֆիցիտը իշխանությունները փակում են նոր վարկերով: Պարտքը ավելացնում ենք ու հետո դրա տակից դուրս չենք գալու: Ինչի՞ համար են վերցնում վարկը, ես ուզում եմ այդ պրիմիտիվ բանը հիշեցնել. վերցնում են, որպեսզի ճիշտ օգտագործեն, ստանան համապատասխան շահույթ, փակեն այդ վարկն ու մի մասն էլ իրենց պահեն, զարգացնեն այն, ինչ ուզում են զարգացնել: Այստեղ լրիվ ուրիշ վիճակ է. վերցնում են վարկը, որպեսզի դեֆիցիտը փակեն կամ մսխեն:
Հստակ կարելի է ասել, որ այդ գումարների 1/3-ը հետ է վերադարձվում, դա ատկատի մի ձև է, երբ վարկատուներն այդ գումարները հետ են քաշում, իբր մեր պետական պաշտոնյաներին տված խորհրդատվությունների ձևով, ու դրա պատճառով 1/3-ն են տանում: Առնվազն 1/3-ն էլ իրենք են մսխում: Չկա մի հաշվետվություն, կարող եք նայել բոլոր գերատեսչությունների կայքէջերում, չկա որևէ հաշվետվություն, որտեղ հստակ ասված լինի, թե ինչ արդյունավետություն է ունեցել այսինչ վարկը: Կան դիագրամներ, ինչ-որ երկարաշունչ խոսակցութուններ, բայց չկա, թե դա ռեալ ինչ է տվել: Եվ եթե 200 մլն դոլարից ավելի գումարը գնացել է միայն իրենց այսպես կոչված համակարգչային փոփոխությունների վրա, որը ուղղակի հասկանալի չէ, թե ինչ է տվել, ուրեմն ինքներդ եզրակացրեք, թե այսօր ինչ վիճակ է:
Այս հարցի հետ կապված` կուսակցությունը դիմել էր վարչապետին, որպեսզի կառավարությունը հաշվետվությամբ հանդես գա հանրության առջև, հետո մենք հանդիպեցինք նրա հետ, և մեր բոլոր դիտարկումներն ու մտահոգությունները ներկայացրեցինք: Մոտ 2,5 ամիս է անցել, բայց ես դեռ այդ հաշվետվության նշույլն անգամ չեմ տեսնում կամ թեկուզ հաշվետվությամբ հանդես գալու ցանկությունը:
- Պարո՛ն Սարգսյան, Դուք էլ նշեցիք, որ Հայաստանի ռեսուրսները բավարար են, որպեսզի զարգացման ծրագրեր իրականացվեն, պետական պաշտոնյաների պարզաբանմամբ էլ Հայաստանի վերցրած վարկերը չեն վնասում մեր երկրի տնտեսական անվտանգությունը, քանի որ Հայաստանն ի վիճակի է դրանք զարգացնել, դեպի կայուն զարգացում տանել մեր տնտեսությունը, և արտաքին պարտքերն ընդամենը մեր ՀՆԱ-ի 35-36%-ն են կազմում, ու վտանգավոր չէ, երբ մեր ՀՆԱ-ի 35-36%-ի չափով արտաքին պարտքեր ունենք:
- Դա պետք է դեռ հատուկ հաշվարկել, անկախ աուդիտ պետք է կատարել` տեսնելու համար, թե արդյոք դա 35-36% է՞, թե՞ արդեն ՀՆԱ-ի 50%-ն է: Ի դեպ, բերեմ օրինակը` Ուկրաինայում արտաքին պարտքն արդեն անցնում է 60%-ի շեմը և երկրին սպառնում է դեֆոլտը, մենք էլ հեռու չենք այդ իրավիճակից: Ուղղակի ես կարող եմ ասել, որ նրանք իրենց հին վարկերը սպասարկում են` նոր վարկեր վերցնելով: Որովհետև տեղական ռեսուրսները ռեալ չեն օգտագործվում: Հայաստանի դեպքում խոսեցինք հումքի մասին: Պարզվում է, որ հումքի արտահանման համար ոսկին, մոլիբդենը, շինարարական նյութերն են, պղինձն է և այլն, արտահանման մաքսատուրքը համարյա զրոյական է, պատկերացրե՛ք: Ինչո՞ւ: Իրենք ասում են, թե դրանով ուզում էին արտահանումը խրախուսել: Հարց եմ տալիս` եթե դուք արտահանումն էիք ուզում խրախուսել, խրախուսեիք, օրինակ, կոշիկի արտադրությունը, տեքստիլի արտադրությունը, այն, ինչ ձեզ մոտ ձևավորվում է որպես արտադրություն, ու դրա վրա ծախս եք կատարում: Ինչո՞ւ եք մեր հարստությունը նվիրում օտարին կամ մասնավորին: Ես միշտ Նորվեգիայի օրինակն եմ բերում, այնտեղ, երբ հումքն արտահանում են, շահույթի 80%-ը պետությունը վերցնում է, 20%-ը թողնում մասնավորին: ՄԵնք 0,1 կամ 0,2 տոկոսն ենք վերցնում ու 99%-ը տալիս ենք մասնավորին. որտե՞ղ է այդպիսի բան լսվել... Այսինքն` սա ուղղակի բացարձակ թալան է` երկրի և մեր այն հարստության, որը կարող էր օգտակար դեր խաղալ տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Այնպես որ մենք այստեղ գործ ունենք հանցագործ քաղաքականության հետ: