Հայերեն   English   Русский  

​Օրգանական պարարտանյութեր արտադրող հայկական ընկերությունը տարածաշրջանում առաջատարը դառնալու նպատակ է որդեգրել


  
դիտումներ: 21625

Լուսակերտի բիոգազի կայանում գազի ստացումից հետո առաջանում են օրգանական թափոններ, շուրջ 95 տոկոս խոնավությամբ հեղուկ, որը և՛ գարշահոտ է, և՛ փոխադրունակ չէ,

բայց նաև սննդատարրերով հարուստ է: Սա հիանալի հումք է կենսահումուսի, օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության համար, բայց մինչ 2009-2010 թթ. որպես թափոն կորչում էր: 2009 թ. մի նորվեգացի առաջարկությամբ դիմում է մասնագիտությամբ ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանին, որ կարելի է այդ թափոնները վերամշակել ու ստանալ կենսածին պարարտանյութեր: Եվ Լուսինե Նալբանդյանը խնդիր դրեց, թե ինչ անել, որպեսզի այդ թափոններից հնարավոր լինի ինչ-որ արժեք ստանալ: Երկու տարվա գիտական ուսումնասիրություններից հետո հաջողվեց ստանալ որակյալ կենսածին պարարտանյութեր, դրա հիման վրա էլ 2011 թ. Աբովյանում ստեղծվեց օրգանական պարարտանյութեր արտադրող ՕՌՎԱԿՕ (ORWACO) ընկերությունը:

«Դա իմ մասնագիտական երազանքներից մեկն էր, երբ թուղթ էի տեսնում կամ օրգանական այլ թափոն, օրինակ՝ ծաղկի խանութներում, երբ տերևներն առանձնացնում էին, որ թափեին, մտածում էի՝ վա՛յ, սրանից ինչ լավ հումուս կստացվի, ի՜նչ ափսոս է, որ թափում են: Ու մեր նորվեգացի գործընկերոջ առաջարկը շատ ոգևորեց, որոշեցինք ուսումնասիրել: Շուրջ երկու տարի հետազոտություններ իրականացրինք ագրարային համալսարանի հետ, փորձերը հաջողությամբ պսակվեցին և արդյունքում հնարավորություն ունեցանք ստանալու որդակոմպոստ: Աշխարհում նման փորձ չկար, որ զուտ թռչնաղբային զանգվածից պարարտանյութ ստանային, իսկ մենք կարողացանք ստանալ: Ի՞նչ ենք անում. ստեղծում ենք այնպիսի միջավայր՝ խառնուրդ, որ որդերը կարողանան ուտել: Սովորական անձրևորդերը հողի միջով անցնում են, խոռոչներ են բացում, հողն իրենց ստամոքսաղիքային տրակտով անցկացնում են ու պարարտացնում, ու մենք ասում ենք՝ այն հողը, որտեղ անձրևորդ կա, լավն է: Նույն սկզբունքն է, մարդը տեսել, դիտարկել ու հասկացել է, որ կարելի է որդակոմպոստ ստանալ: 1957 թվականին ԱՄՆ-ում տրամախաչել են անձրևորդերն ու ստացել կալիֆոռնիական կարմիր որդ ասվածը, որը սովորական անձրևորդից տարբերվում է նրանով, որ «ագահ» է՝ շատ է սիրում ուտել: Այդ որդերն ուտում են գոմաղբ, թռչնաղբ, օրգանական մնացորդներ և արտաթորում են հումուս՝ կենսապարարտանյութ: Մեր պարարտանյութերն էլ ստացանք այդ սկզբունքով: Մեր փորձերը հաջողությամբ պսակվեցին, և մեր նորվեգացին գնաց Նորվեգիա, փորձեց գործընթացում ներգրավել օրգանական պարարտանյութեր արտադրող նորվեգական խոշորագույն ընկերությանը՝ «Հոսթ»-ին, և այդ ընկերությանը հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու մեր գործընթացներին»,- «Անկախին» պատմեց ընկերության համահիմնադիր, տնօրեն Լուսինե Նալբանդյանը:

Այսպես մի քանի ընկերությունների ու երեք հայ երիտասարդ գիտնականների համատեղ ջանքերով հիմնադրվեց ՕՌՎԱԿՕ-ն (ORWACO)՝ օրգանական թափոնների մշակման գործարանը, որն արտադրում է կենսածին, օրգանական պարարտանյութ: Սկզբում միայն կենսահումուս էին արտադրում, ժամանակի ընթացքում ավելացավ ևս 5 արտադրատեսակ:

Սկզբում արտադրում էին շուրջ 1.5 տոննա օրգանական պարարտանյութ, ներկայումս ամեն արտադրատեսակի ծավալները հասնում են շուրջ 500 տոննայի, իսկ օրգանոմիկսից կարող են արտադրել շուրջ 10 հազար տոննա, բայց արտադրում են 10 անգամ ավելի քիչ: Ծավալները կախված են սպառումից: Այս ընթացքում գործարանի արտադրական հզորություններն ավելացել են շուրջ 10 անգամ: ՕՌՎԱԿՕ-ի արտադրանքը հիմնականում սպառվում է Հայաստանում, այն հիմնականում օգտագործվում է մասնագիտացված տնտեսությունների, հատկապես՝ օրգանական սննդամթերք արտադրողների կողմից: Այս պարարտանյութերն օգնում են, որ բույսերն աճեն առողջ, տան բարձր բերք և ունենան լավ համա-հոտային հատկանիշներ, ինչպես նաև ստացված մթերքները չունենան վնասակար նյութերի, մասնավորապես նիտրատների բարձր պարունակություն:

«Մենք երկրում ունենք նիտրատներով գերպարարտացման լուրջ խնդիր, ինչը նպաստել է քաղցկեղածին հիվանդությունների տարածմանը: Դա առաջին խնդիրն է, որ լուծում է մեր պարարտանյութը: Երկրորդ՝ մեր պարարտանյութը մասնակցում է հողակազմավորման պրոցեսին: Այսինքն՝ բոլոր հյուծված, տանջված հողերին ռեկուլտիվացիայի շատ լավ հնարավորություն է տալիս,այս պարարտանյութերով հողերին երկրորդ կյանք տալու լավ հնարավորություն կա: Մեր պարարտանյութերը սերտիֆիկացված են և՛ ամերիկյան, և՛ եվրոպական օրգանիկ ստանդարտներով և թույլատրվում են օրգանական գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Այդ սերտիֆիկացված լինելը մեզ օգնում է նաև սպառում գտնելու օրգանական մթերքներ արտադրողների մոտ»,- նշում է Լուսինե Նալբանդյանը:

Հայկական այս օրգանական պարարտանյութերի նկատմամբ մեծ պահանջարկ ու հետաքրքրություն կա արտերկրի շուկաներում, ՕՌՎԱԿՕ-ն արդեն իսկ պայմանագիր ունի կնքված Արաբական Միացյալ Էմիրություններում պարարտանյութեր վաճառող ընկերության հետ: Աշխատանքներ են տարվում նաև հարևան Վրաստանի շուկա մուտք գործելու ուղղությամբ: Հատկապես ԱՄԷ-ն ունի կանաչապատման ռազմավարություն, իսկ օրգանիկ պարարտանյութերին նրանք մեծ տեղ են տալիս, և Էմիրություններում մեծ հնարավորություններ են բացվում հայկական ընկերության համար:

ՕՌՎԱԿՕ

Այս ընկերության ստեղծման գաղափարն էլ ֆիլանտրոպիկ է եղել՝ վերցնել մի արտադրության թափոնն ու ստանալ հումք մեկ այլ արտադրության համար՝ բնապահպանական խնդիրներից ելնելով, որ չստեղծվի նոր թափոն, այլ հոգ տարվի արդեն իսկ առկա թափոնների մասին: Երկրորդ խնդիրն ընդհանրապես Հայաստանում կայուն գյուղատնտեսությանը նպաստելն էր:

«Մենք ընդհանրապես շատ լավ պատկերացնում էինք, որ հեշտ չի լինելու, բայց իրականում անհամեմատ ավելի բարդ էր ամեն ինչ: Որովհետև մեծ խնդիր ունենք Հայաստանում, և առաջին հերթին այդ խնդիրը մտածելակերպն է, երբ մարդը երկու տասնամյակից ավելի միայն սելիտրա է օգտագործել ու մնացել է մենակ, իրեն ոչ ոք ո՛չ նորմալ խորհուրդ է տվել, ո՛չ օգնել է, ինքն էլ ինչ մատչելի է եղել, վերցրել է ու հիմա հայտնվել խնդիրների առջև: Շատ դժվար է նրան ասել, որ պետք է օգտագործի օրգանական ծագման պարարտանյութեր, որ անցնի օրգանիկ գյուղատնտեսության: Բայց մեր կողմից երբեք չի դիտարկվել այն տարբերակը, որ ուղղությունը սխալ է ընտրված, մշտապես եղել է վստահությունը, որ լավ գործ ենք անում: Դա գալիս էր նրանից, որ երբ մարդիկ օգտագործում էին մեր արտադրանքը, գոհ էին մնում ու պարտադիր էլի էին գալիս»,- նշում է ՕՌՎԱԿՕ-ի համահիմնադիրը:

Միայն արտադրական հզորությունների ու արտադրանքի ծավալների տասնապատիկ աճն արդեն հուշում է, որ նրանց այս համարձակ ձեռնարկումը հաջողված է: Իսկ բոլոր դժվարությունները, ինչպես նշում է մեր զրուցակիցը, հաղթահարել են նվիրումի շնորհիվ: Անձամբ Լուսինե Նալբանդյանն իր ստեղծած արտադրությանը վերաբերվում է, որպես հարազատ երեխայի ու նաև դա է համարում իրենց հաջողության գրավականներից մեկը: Հաջողության մեկ այլ գրավական է այն, որ ընկերության աշխատակիցները միշտ զբաղվել են մարդկանց կրթելով, միշտ տարածել են տեղեկատվություն, միշտ օգնել են, միշտ կանգնած են եղել գյուղացու, ֆերմերի կողքին անշահախնդիր, առանց վճարի:

«Եվ մարդն արդեն ի դեմս մեզ տեսնում է գործընկերոջ, որին կարելի է վստահել, որի առաջնահերթ ու միակ նպատակը ապրանք վաճառելը չէ: Պետք է փորձել կիսել մարդկանց խնդիրները»,- շեշտում է Լուսինե Նալբանդյանը:

Բիզնեսով, հատկապես արտադրությամբ զբաղվելը դժվար է, ու հաջողելու համար օգնում է մարդու՝ մինչև վերջ գնալու պատրաստակամությունը, համառությունն ու անգամ ընկճվելու դեպքում շուտ ոտքի կանգնելու ունակությունը, ճնշող հանգամանքները հաղթահարելու ունակությունը: ՕՌՎԱԿՕ-ի համահիմնադիրն առաջնորդվում է մի կարգախոսով. «Ցանկացած խնդիր ունի լուծում, այն էլ՝ երկուսը, պարզապես պետք է փնտրել տարբերակներ»: Լուսինե Նալբանդյանն ասում է, որ բիզնեսում չպետք է խաբես, խաբելու շնորհիվ ձեռք բերված արդյունքը կարճաժամկետ է:

Իսկ ՕՌՎԱԿՕ-ն երկարաժամկետ ու հեռուն գնացող պլաններ ունի: Մոտ ապագայի համար ՕՌՎԱԿՕ-ն իր առջև նպատակ է դրել` դառնալ ամբողջ տարածաշրջանում օրգանական պարարտանյութեր արտադրող խոշորագույն ձեռնարկություն: Այս ուղղությամբ ընկերությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում, ու դրանցից մեկն էլ նոր պրոդուկտի՝ սուպերկոմպոստ պարարտանյութի ստեղծումն է, որն ընդամենը մի քանի ամիս է, ինչ հաճախորդները սկսել են օգտագործել և արդեն շատ լավ արդյունքներ ունեն՝ ռեկորդային մատչելի արժեք ու խիստ բարձր արդյունավետություն: Եվ կարծում են, որ հենց նման պրոդուկտների շնորհիվ կկարողանան հասնել իրենց նպատակին: Մեկ այլ նպատակ է ընկերության համար հայկական՝ պարարտանյութերի ներքին շուկայում օրգանական ծագման պարարտանյութերի տեսակարար կշիռը մեծացնելը: Դա, ինչպես շեշտում է ՕՌՎԱԿՕ-ի տնօրենը, բացի բիզնեսից, ունի նաև բնապահպանական լուրջ նպատակ: Մեր հողերը շատ են հյուծվել, պետք է երկրորդ կյանք տանք հողին, որ հողն էլ մեզ պահի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: