Հայերեն   English   Русский  

ՀԱԿ ներկայացուցչի հայտարարությունը ազգային շահերին քաղաքական դավաճանություն է. Ստեփանակերտ


  
դիտումներ: 1882

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային շահերին քաղաքական դավաճանություն:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Զոյա Թադեւոսյանը նախօրեին մամուլի ասուլիսում ենթադրություն էր հայտնել տարածքների դիմաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորության մասին, որոնք, տիկին Թադեւոսյանի կարծիքով, բուն հայկական չեն:

«Ոմանք հրաշալի են խոսում հայերեն, բայց արդյոք նրանք հայերե՞ն են մտածում: Նշված տիկնոջը լսելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր առջեւ ոչ թե հայկական կուսակցության ներկայացուցիչ է, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի: Զարմանալի է, որ հասարակության մեջ մարդիկ կան, որոնք նման կարծիք են հայտնում: Սա սարսափելի է: Սա ազգային շահերին քաղաքական դավաճանություն է, բարոյական դեգրադացիայի դրսեւորում»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Միաժամանակ, նա բոլոր նրանց, ովքեր նման կարծիք ունեն, հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը ձգտել է անկախություն ձեռք բերել բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ պատերազմը Ադրբեջանն է պարտադրել: «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի՝ մենք ստիպված էինք ազատագրել հայկական պատմական հողերը: Հակառակ պարագայում Ղարաբաղի ժողովրդին բնաջնջում էր սպառնում: Իմանալով, թե ինչով է սպառնում Արցախի անվտանգության համակարգի թուլացումը՝ ոչ միայն հանրապետության, այլեւ Հայաստանի եւ ամբողջ հայության համար անթույլատրելի է նման հայտարարություններ անելը: Մնում է միայն հույս ունենալ, որ այդ հայտարարության հեղինակի գլխի հետ մի բան այնպես չէ: Հակառակ դեպքում անհրաժեշտ է իրադարձությունների նման զարգացում թույլ չտալ»,- նշելէ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը:

Դավիթ Բաբայանը նաեւ նշեց, որ Ադրբեջանն, ըստ էության, իրեն ավելի ազնիվ է պահում՝ բացահայտ հայտարարելով Արցախը ոչնչացնելու մտադրության մասին, իսկ նման անձանց հայտարարությունները արդարացում չունեն. «Այդպիսի մարդիկ պիտի ամաչեն փողոց դուրս գալ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: