Կառավարման մեջ շատ պարզ օրենք կա. եթե չգիտես ինչ անես` ոչինչ մի արա
Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ըստ հիշյալ փաստաթղթի, տեղական ինքնակառավարման համակարգի մասնատվածության բարձր աստիճանն է` փոքրաթիվ բնակչությամբ գյուղական համայնքների գերակշռող թվով:
ՏԿՆ-ում հարցի լուծում են համարում համայնքների խոշորացումը:
Անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումներին` տարեսկզբին տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողներին ասաց, որ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել է համայնքների խոշորացման պիլոտային երկու տարբերակ` ծրագրային և վարչական: Առաջինը ենթադրում է համայնքների խոշորացում որևէ ծրագրի, օրինակ` արդյունավետ բյուջետավորման շուրջ: Իսկ վարչականը ենթադրում է համանքների միջև կարճ հեռավորությունը, բնակիչների համատեղելիությունը և այլ հանգամանքներ հաշվի առնելը:
Կառավարությունը պիլոտային ծրագիր է անցկացնելու, և Մեղրին դիտվել է որպես ստրատեգիական կարևոր ուղղություն: Առաջարկվել է Մեղրի քաղաքը, Ագարակը, հարակից բնակավայրերը մեկ խոշոր համայնք դարձնելու գաղափարը:
Մեղրու տարածաշրջանի բնակիչները դժգոհ են, որ Մեղրին, Ագարակը և տարածաշրջանի գյուղերը պետք է միավորվեն մեկ համայնքում, և հայտարարել են, որ պատրաստավում են բողոքի ակցիաներ անցկացնել:
Այս հարցերի առնչությամբ «Անկախը» դիմեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին:
Մեզնից անկախ` դարձանք անկախ
- Պարո՛ն Մեսրոբյան, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞մոտեցում է համայնքների խոշորացումը:
- Կառավարման մեջ իրոք կա այնպիսի մոտեցում, որ չի կարելի կառավարման համակարգը շատ մանրացնել, առավել ևս, երբ խոսքը տարածքային կառավարման մասին է: Բայց կա նաև մյուս կողմը` շատ էլ չի կարելի խոշորացնել: Երբ շատ է մանրացված, այդ տարատեսակ, տարբեր կառավարման օղակները, անձնակազմի տեսանկյունից, դառնում են բյուրոկրատացված համակարգեր: Իսկ ցանկացած բյուրոկրատացված համակարգ շարունակում է աճել: Այսինքն` տարածքները փոքր են, բայց այն անձնակազմը, որը պետք է տարբեր հարցերով սպասարկեր այդ տարածքները, քայլ առ քայլ մեծանում է: Մյուս կողմից` շատ խոշորացնել էլ պետք չէ, որովհետև այդ դեպքում էլ կառավարման տեսադաշտից դուրս են գալիս տեղային` լոկալ խնդիրները, սկսում են ավելի գլոբալ, իբր ստրատեգիկ հարցեր լուծել: Ես նշեցի կառավարման մեթոդաբանությունը:
- Կառավարման օպտիմալության տեսանկյունից Հայաստանում տարածքային կառավարման մեխանիզմները, կառուցվածքն ու պատկերն ինչպիսի՞ն են:
- Բավականին անհաջող: Եթե զրուցենք այս կամ այն համայնքի բնակիչների հետ, կպարզվի, որ խախտվել են պատմականորեն ձևավորված կապերը: Օրինակ` դիտարկենք Արագածոտնի մարզը: Այդ մարզում` Երևան-Ապարան ճանապարհին, որոշ գյուղերում մարդիկ իրենց համարում են ապարանցի, բայց վարչական այդ տարածքները ենթարկվում են Աշտարակին: Եվ այստեղ արդեն որոշակի խնդիրներ են սկսում առաջանալ: Օրինակ` նույն տարածքում գյուղացիները կարծես բաժանված են Աշտարակի և Ապարանի միջև կոնկրետ կենսական խնդիրները լուծելու իմաստով:
Այն վարչական բաժանումները, որոնք կան, չեն արտահայտում պատմականորեն ձևավորված միջհամայնքային կապերը: Եթե մենք կարողանանք վարչատարածքային բաժանումը ճիշտ կատարել` առավելագույնս մոտեցնելով պատմականորեն ձևավորված այդ կապերին, իհարկե, շատ լավ կլինի: Ես միայն մեկ օրինակ բերեցի, նման բան մենք ունենք նաև Սյունիքում և այլ մարզերում:
- Նման խնդիրներ լուծելու համար ինչպիսի՞ մոդելներ կան:
- Վարչատարածքային բաժանման աշխատանքներին պետք է մասնակցեն պատմաբաններ, սոցիոլոգներ և այլք, մարդիկ, որոնք տիրապետում են Հայաստանում պատմականորեն ձևավորված ներքին համայնքային ու միջհամայնքային կապերին և աշխատում են տարածքային կառուցվածքը մաքսիմալ մոտեցնել այդ իրական կապերին: Հակառակ դեպքում ամենաառօրյա հարցերում մարդն ունենում է խնդիրներ, պատկերավոր ասած, հոգով-սրտով կապված է մի կենտրոնին` քաղաքին, բայց պետք է հարցեր լուծի այլ կենտրոնի հետ: Այս իմաստով մենք պետք է ուշադիր լինենք:
- Համայնքների, այսպես ասած` «աշխարհագրական չափերի» առումով Հայաստանում ի՞նչ խնդիրներ կան:
- Սարսափելի մեծ տարբերություններ չկան: Բայց, օրինակ, շատ հավանական է, որ եթե մենք պատմականորեն ձևավորված ավանդույթների ու կապերի մոտեցումը կիրառենք, որոշ փոփոխություններ ունենանք վարչատարածքային կառուցվածքի մեջ: Ես էլ չեմ ասում, որ բավականին լուրջ խնդիր ունենք Արցախում, այնտեղ ունենք շատ ավելի սարսափելի վիճակ, քան այստեղ` Հայաստանում:
- Կառավարությունը, ինչպես գիտեք, իրականացնում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր: Դրանք այժմեակա՞ն են, դրանց կարիքը կա՞:
- Կրկնում եմ` վարչատարածքային բաժանումը պետք է համապատասխանի պատմականորեն ձևավորված կապերին: Չի կարելի միայն մի խնդիր դնել` խոշորացնել կամ ընդհակառակը` տրոհել: Պետք է համապատասխանեցնելու խնդիր դնել, մենք ուզում ենք ստեղծել տարածքային օպտիմալ կառավարման համակարգ:
Երկրորդ խնդիրն այն է, որ ես բավականին սկեպտիկ եմ վերաբերվում ցանկացած փոփոխության, եթե պետության կառավարման համակարգն անհաջող է: 1991 թ. մենք պետական կառավարման իմաստով ստեղծեցինք շատ անհաջող պետություն, որը, որպես կանոն, աշխատում է իրավիճակային խնդիրներ լուծել «յոլա գնալու» կարգավիճակով: Իսկ եթե ամբողջական կառավարման համակարգն անհաջող է, այս կամ այն հարցում ուղղել կառավարման համակարգը անհնարին է, գոյություն չունի այդպիսի լուծում: Պետք է ամբողջովին փոխել կառավարման համակարգը, դրա շնորհիվ զուգահեռ լուծել նաև մյուս խնդիրը:
- Ճի՞շտ հասկացա, համայնքների խոշորացման ծրագիրն իրավիճակային լուծո՞ւմ եք ամարում:
- Ես դա չեմ կարող ասել, բայց հստակ կարող եմ ասել, որ դա ստրատեգիկ լուծում չէ: Որովհետև ստրատեգիկ լուծումը սկսվում է ամբողջական կառավարման համակարգը փոխելուց, ոչ թե պետական կառավարման համակարգը մի կողմ դնելով` տարածքների կառավարումն առանձնացնելուց: Եթե փորձում ես մասնավոր դեպքով լավացնել ընդհանուրը, անհնարին է: Ես սկզբունքն եմ նշում: Մարդկությունը հազարամյա պատմության ընթացքում դա ապացուցել է: Կառավարման տեսությունն էլ է դա ասում` մասնավորից չի լինում շտկել ու կարգավորել ընդհանուրը: Միշտ պետք է ընդհանուրը փոխել: Իսկ մեզ մոտ, փաստորեն, 1991 թ. փորձ արվեց Խորհրդային Միությունից եկած կառավարման համակարգը հարմարեցնել անկախ պետության կառավարման համակարգին: Նման բան չեն անում:
- Պարո՛ն Մեսրոբյան, իսկ ինչպե՞ս են անում:
- Ամբողջական պետական կառավարման համակարգը պետք է փոխվի` վերից վար: Հայաստանում, ըստ իս, մի քանի մահացու վտանգներ կան: Առաջին` մեր պետական կառավարման համակարգը վարակված է այսպես կոչված Պարկինսոնի հիվանդությամբ, այսինքն` ստեղծվում են բազմաթիվ նոր կառավարող օղակներ, գերատեսչություններ, կոմիտեներ, հանձնաժողովներ և այլն, որոնք ծանրացնում են ամբողջ կառավարման համակարգը: Եթե նայենք 1991-ից առ այսօր ինչքանով է մեծացել մեր պետական կառույցների ու չինովնիկների թվաքանակը` կսարսափենք: Սա նշանակում է, որ մեր կառավարման համակարգը շատ ծանր հիվանդ է: Երկրորդ վտանգն այն է, որ նույնպես 1991-ից մեզ մոտ հաղթեց այսպես կոչված «բացասական ընտրասերումը»` negative selection-ը: Ինչքան բարձր է պաշտոնը, այնքան մեծ է հավանականությունը, որ այդ պաշտոնը կզբաղեցնի ոչ արժանի թեկնածուն: Եվ երրորդ վտանգն այն է, որ որպես կանոն, նոր ստեղծվող կառույցները պարտադրված են լինում դրսից, կոպիտ ասած, «քոփի-փեսթ» ենք անում: Նման ձևով կառավարման համակարգ չեն ստեղծում: Եթե հարցերի լուծումը սկսվի իմ նշած եղանակով, դա կլինի ճիշտ ճանապարհը:
- Իսկ տարածքային ու տեղական ինքնակառավարման հարցերում Հայաստանն ի՞նչ պետք է անի, ո՞րը կլինի ամենաօպտիմալ տարբերակը կամ լուծումը:
- Նախ` պետք է հասկանանք, որ իրականում Հայաստան հասկացության տակ չպետք է հասկանանք միայն Հայաստանի Հանրապետությունը, նաև Արցախը` իր ազատագրված տարածքներով, և չպետք է վախենանք, թե միջազգային հանրությունը չի հասկանա և այլն: Ում որ պետք է, թող աշխատի, որ հասկանա… Ու չի կարելի դե ֆակտո եղած ընդհանուր հանրագումարը տրոհել մասնիկների ու փորձել միայն մի տեղում լավացնել իրավիճակը, իսկ մյուս տեղին ձեռք չտալ: Չի կարելի վերցնել ու վերափոխել Հայաստանի Հանրապետությունն ու համապարփակ մոտեցմամբ դա չանել Արցախում:
Երկրորդ` մենք պետք է պարզ սահմանագիծ տանենք, թե որոնք են այն հարկատեսակները և տուրքերի տեսակները, որոնց եկամտային մասը մնում է տեղական ինքնակառավարման մարմիններին, ու ավելացնել ՏԻՄ-երի պատասխանատվությունը: Այսինքն` հզորացնելով տեղային բյուջեները` մենք նաև, որպես տրամաբանական շարունակություն, պետք է տեղական իշխանություններից պահանջենք ավելի մեծ պատասխանատվություն ու ավելի մեծ խնդիրների ցանկ: Այս դեպքում ստացվում է, որ կենտրոնական իշխանությունը, որը գտնվում է Երևանում, ավելի շատ վերահսկողական դեր պետք է կատարի` տարածքների զարգացման իմաստով: Իսկ երբ կենտրոնական իշխանությունն աշխատում է ամեն ինչ կենտրոնացնել պետբյուջեում, իսկ հետո մասհանումներով բաժանել, դա փողի լրացուցիչ պտույտ է, բացի այդ, տեղերում ավելի լավ գիտեն իրենց խնդիրները, քան այստեղ` Երևանում: Միայն մի խնդիր է առաջանում նման մոտեցման դեպքում` կենտրոնական իշխանությունը պետք է շատ արդյունավետ վերահսկողություն իրականացնի: Գործողությունները տեղափոխվում են դեպի տեղերը, իսկ վերահսկողությունը կենտրոնանում է կենտրոնական իշխանությունների մոտ:
- Եթե Ձեր նշած մտահոգությունները, մոտեցումները համադրենք այսօրվա առաջարկվող համայնքների խոշորացման ծրագրերին, ի՞նչ կարող են քաղել. դադարեցնե՞ն այդ ծրագրերն ու ավելի ընդգրկուն ու լուրջ ծրագրեր մտածեն, թե՞...
- Առաջարկը հետևյալն է. մենք մի խնդիր ունենք, մնացած խնդիրները դրա ածանցյալներն են: Հայաստան պետությունը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Հայաստան պետությունը վերադիրքավորել որպես ժամանակակից, ագրեսիվ զարգացող և մրցունակ պետություն: Եթե դնում ենք նման նպատակ, հիմնովին պետք է փոխենք մեր պետական կառավարման համակարգը; Այդ խնդիրը լուծելուց հետո նոր Ձեր ասած հարցերն են: Նորից եմ ասում` չի կարելի ամբողջությմաբ հիվանդ օրգանիզմ ունեցող մարդու միայն ձախ ոտքը բուժել, նման բան չեն անում, եթե ամբողջ օրգանիզմն է վարակված, հիվանդ: Գտնում են հիվանդության պատճառներն ու դրանք են վերացնում, ոչ թե վերցնում են մարդու առանձին օրգան և սևեռվում դրա վրա: Այդպես մարդը կմահանա:
Կառավարման մեջ մի շատ պարզ օրենք կա. եթե չգիտես ինչ անել` ոչինչ մի արա: