Հայերեն   English   Русский  

Քոչարյանն ինչ-որ բան է ծրագրել


  
դիտումներ: 1395

Անցյալ տարվա սկզբին սպասվող գլխավոր ներքաղաքական իրադարձությունները նախագահական և Երևանի ավագանու ընտրություններն էին: Հենց սրանք էլ ձևավորեցին անցյալ տարվա գոնե առաջին կիսամյակի քաղաքական օրակարգը:


Երկու ընտրությունների արդյունքում ընդդիմությունը չեզոքացվեց: Եվ հասարակությունը սկսեց որոնել իր քաղաքական պատվերը հնչեցնելու այլընտրանքային ճանապարհներ` շրջանցելով քաղաքական կուսակցություններն ու գործիչներին: Այսինքն` մեր երկրում սկիզբ առան քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, հասարակական-քաղաքական բողոքի դրսևորումներ` քաղաքացիական ակտիվություն:

Դրա առաջին լուրջ դրսևորումը եղավ ամռանը հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ հասարակության ընդվզման ժամանակ, երբ քաղաքացիական ակտիվությունը գրանցեց իր առաջին լուրջ հաջողությունը: Իսկ գործող իշխանությունները, հավանաբար հանգստանալով ընդդիմության նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո, սկսեցին քայլեր անել, որոնք էլ ավելի բորբոքեցին քաղաքացիական ակտիվությունը: Նախ` երկրի արտաքին քաղաքական կուրսի ընտրության վերաբերյալ որոշման կայացումը, ապա «գազային» զարգացումները, իսկ տարեվերջին իշխանությունները ԱԺ-ում «անցկացրեցին» նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքների փաթեթը, որով անմիջականորեն դիպան ավելի քան 250 հազար քաղաքացու դրամապանակին, հետևաբար նաև սոցիալ-կենցաղային պայմաններին: Եվ հասարակության համբերության բաժակը լցվեց:

Մի խոսքով, Հայաստանում արդեն հասարակության քաղաքական պատվեր կատարողը ոչ թե քաղաքական ուժերը կամ գործիչներն են, այլ հասարակական նախաձեռնությունները, ակտիվիստները` քաղաքացիական հասարակությունը: ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը միացան հենց քաղաքացիական հասարակության սկսած շարժմանը: Հենց սրանով էլ խոստանում էր սկսվել 2014 թվականը: Համենայն դեպս, նախորդ տարվանից մնացած կնճռոտ հարցերի շուրջ բողոքող հանրույթների ներկայացուցիչները խոստացան և ներկայումս էլ վերահաստատում են, որ շարունակելու են անցյալ տարի սկսած բողոքի ակցիաները ավելի գործուն, լուրջ ու ավելի լայնածավալ դրսևորումներով:

Բայց այս տարին էլ սկսվեց մեկ այլ քաղաքական իրադարձությամբ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով` կոշտ քննադատության ենթարկելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, կառավարության գործունեությունը, գազային պայմանագրերն ու կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Ինտրիգը ստացվեց:

Ամենևին էլ պատահական չէր, որ անցյալ տարեվերջին երկրորդ նախագահը հանդես եկավ իր հայտնի հարցազրույցով: Սակայն անսպասելի էր ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, այլ այն հրապարակելու ժամանակը: Նախ` անցյալ ամբողջ տարվա ընթացքում պտտվեցին Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները: Դա, բնականաբար, իշխանության որոշ սուբյեկտների սրտով չէր, և տրամաբանական է, որ նրանք պետք է պատրաստվեին հակադարձելու: Դրա մասին չէր կարող չիմանալ Ռոբերտ Քոչարյանը, որ գործող իշխանության մեջ, ինչպես նաև երկրի քաղաքական կյանքում դեռ շատ լծակներ ունի: Ու, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Մինչ Քոչարյանի հակառակորդները նրա դեմ ինչ-ինչ քայլեր կձեռնարկեին, Քոչարյանն ինքը նախաձեռնություն ցուցաբերեց ու հարցազրույցով խառնեց բոլորի խաղաքարտերը:

Հայաստանի երկրորդ նախագահի ու գործող վարչապետի միջև բանավեճը, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, խոսում է ամեն ինչի մասին, բայց ոչ լուրջ քաղաքական գործընթացի: Ըստ նրա` քաղաքական բաղկացուցիչը դուրս է եկել ներքին քաղաքականությունից, և Քոչարյանի հարցազրույցներն ընդամենը փորձ են ցույց տալու, որ ինքը դեռ կա երկրի ներքաղաքական կյանքում: Իսկ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճին, նշեց, որ աշխարհում ընդունված է` նախկին նախագահները ներկա իշխանություններին փնովում են, գործողներն էլ փորձում են իրենց ձախողումները արդարացնել նախորդների սխալներով: «Հայաստանում ներքաղաքական կյանքն այնպիսին է, որ անգամ սուպերմարկետի բացումը կարող է քաղաքական ինտրիգ համարվել»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանն ընդամենը միջոց է, ոչ նպատակ

Բայց Ռոբերտ Քոչարյանը պրիմիտիվ քաղաքական գործչի տպավորություն չի թողել երբեք, ու դժվար է նրանից էժանագին ինտրիգներ սպասել, եթե անգամ նրա գործողությունները նման են դրան: Վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես թիրախ ընտրելն էլ պատահական չէր: Վերջինս իր վարչապետության ընթացքում այդպես էլ չկարողացավ իր դիրքն օգտագործել ու քաղաքական կշիռ ձեռք բերել, առավել ևս` գործոն դառնալ, նաև իր թիմում: Զուտ քաղաքական կշռի` տրամաչափի առումով էլ երկրորդ նախագահն ու գործող վարչապետը բոլորովին տարբեր տիրույթներում են, տարբեր քաշային կարգերում:

Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Եվ չնայած հայտարարեց, թե չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել «անհույս» վարչապետի հետ, իրականում հենց նրա հետ էլ բանավիճում էր: Սակայն Քոչարյանի իրական ասելիքն ուղղված էր իշխանության իրական կրողին` Սերժ Սարգսյանին: Բայց իր ասելիքը Սերժ Սարգսյանին հասցնելու համար Քոչարյանը թիրախավորեց վարչապետին` նրան դարձնելով Սերժ Սարգսյանին դիմելու «կապուղի»: Դրանով երկրորդ նախագահն արհեստականորեն իր և ներկայիս վարչապետի կարգավիճակներն ինչ-որ չափով հավասարեցրեց, որից ավելի շատ հենց ինքը տուժեց:

Հիմա արդեն հեռակա բանավեճը շարունակում է ոչ թե նույնիսկ Տիգրան Սարգսյանը, այլ ՀՀԿ-ական «ջահելությունը»: Սերժ Սարգսյանն այդպես պատասխանեց. նա իր ասելիքը Քոչարյանին հասցրեց ՀՀԿ մամուլի խոսնակի, ԱԺ փոխնախագահի, ինչպես նաև կուսակցության երիտթևի ղեկավարի միջոցով` ցույց տալով, որ եթե նախկին նախագահը որոշել է խոսել միջնորդավորված, ուրեմն ստիպված է համակերպվել այն միջնորդների հետ, որոնց ինքը դեմ կտա:

Մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ի համար քաղականության մեջ բանավեճն ընդունելի տարբերակ է, բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաև` վիրավորական արտահայտություններով, իսկ վիրավորական տոնայնությունը խոսում է փաստերի բացակայության մասին: «Քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս` պաշտոնաթող նախագահին»,- հայտարարել է ՀՀԿ խոսնակը` Քոչարյանի վերլուծություններն ընդամենը «անցյալում մնացած քաղաքական գործչի ժամանակավրեպ վերլուծություններ» որակելով:

Շարմազանովի միջոցով պատասխանելով` Սերժ Սարգսյանը թերևս փորձեց հասկացնել, թե ով է երկրի նախագահը: Այսինքն` սա նաև Քոչարյանին լռեցնելու նպատակ էր հետապնդում, որովհետև, եթե Քոչարյանը փորձի շարունակել երկխոսությունը, ապա, կամա թե ակամա արձագանքելու է արդեն Էդուարդ Շարմազանովին կամ Կարեն Ավագյանին, որ Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին` գրելով. «Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի: Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը: Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել` ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից: Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք` մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում: Անկեղծ ասած` Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին: Բայց նման ոչ մի բան, փոխարենը` օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով: Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել: Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում»:

Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, չի մտնի այս մակարդակի բանավեճի տիրույթ: Նշանակում է` կա՛մ պետք է ուղղակի ավարտի իր իսկ սկսած խաղը, կա՛մ փոխի այդ խաղի ուղղությունը`անմիջականորեն իր ասելիքն ուղղելով կոնկրետ հասցեատիրոջը: Դատելով Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի նախորդ վարքագծից` կարելի է ենթադրել, որ նա առաջին ճանապարհով չի գնա, չի նահանջի: Ամեն դեպքում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, քաղաքական իրողությունները հնարավորություններ դեռ կընձեռեն երկրորդ ուղիով շարունակելու համար, քանի որ Քոչարյանը, վստահաբար, պատկերացնում է, որ եթե քաղաքականություն չվերադառնա հենց այս պահին, երբ քաղաքական օրակարգը ձևավորում են քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք դեռևս չեն հասցրել կազմակերպվել, հանդես գալ միասնական օրակարգով, բայց մեծ ռեսուրսներ ունեն, ապա շատ դժվար կլինի հետագայում վերադառնալ որպես լուրջ քաղաքական գործոն: Ամեն դեպքում նրա «բանավեճի» թեմաներն էլ` գազային համաձայնագրեր, կենսաթոշակային համակարգի փոփոխություն, տնտեսական անկում և այլն, որոնք նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության ուշադրության կիզակետերն են, հուշում են, որ դեռևս չկազմակերպված և առաջնորդ չունեցող այդ քաղաքացիական հասարակության ռեսուրսից անպայման կփորձի օգտվել:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: