Հայերեն   English   Русский  

Եկամտահարկ. դեռ ոչինչ վերջնական չէ


  
դիտումներ: 4431

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով ներկայացրեց hարկային օրենսգրքի հնարավոր փոփոխությունների որոշ դրույթներ և նշեց, որ եկամտային հարկի մասով առաջարկվում է երկու տարբերակ՝ երկաստիճան համակարգ և համահարթ՝ 23 տոկոս եկամտային հարկ։

Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջին տարբերակով առաջարկվում է հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ: Ըստ այդմ՝ սահմանել, որ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից ավելի աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտային հարկի 25 տոկոսի դրույքաչափով: Երկրորդ տարբերակով, ինչպես նշում էր վարչապետը, առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ և շահութահարկ գումարած դիվիդենդի հարկ։ Այսինքն՝ ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ և՛ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս, և՛ շահութահարկի ու դիվիդենդի հարկի հանրագումարը ևս լինի 23 տոկոս։ Հայտարարվեց նաև, որ կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5 տոկոսով համահարթ եկամտային հարկն իջեցնելու է՝ այդպիսով առաջիկա 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20 տոկոսի։

«Կարծում ենք, որ գործող հարկային համակարգը վատն է, քանի որ խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը»,- ֆեյսբուքով ասաց վարչապետը։

Ի՞նչ ունենք այսօր, և ի՞նչ է առաջարկվում

2016 թ. վերջին ընդունված հարկային օրենսգրքով սահմանվեց եկամտային հարկի եռաստիճան համակարգը։ Այն է՝ մինչև 150 հազար դրամ ստացողների եկամտահարկը կազմում է 23 տոկոս, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողներինը՝ 34 500 դրամ՝ գումարած 150 հազար դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը, իսկ 2 միլիոն դրամից ավելի ստացողների համար՝ 552 հազար 500 դրամ՝ գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

Արդեն նշեցինք, թե փոխարենն ինչ է առաջարկում կառավարությունը: Վարչապետի՝ եկամտահարկի վերաբերյալ ֆեյսբուքյան «պարզաբանումներից» հետո կառավարության պաշտոնական էջն ամփոփ ներկայացրեց առաջարկվող 2 համակարգերի առավելություններն ու թերությունները:

«Առաջին տարբերակի առավելությունները/թերությունները: Այս պարագայում որոշակի չափով կավելանան մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամուտները։ Երկաստիճան համակարգը, ըստ էության, շարունակում է խրախուսել ստվերային աշխատավարձը, որովհետև եթե ունենք երկու սանդղակ և դրանցից մեկը ցածր է շահութահարկ + դիվիդենտի հարկ կոմբինացիայից, գործատուները էլի կարող են շահագրգռված լինել բուն աշխատավարձերը չվճարելու համար, որ պակաս հարկվեն։

Երկրորդ տարբերակի առավելությունները/թերությունները: 1․ Բոլոր պոտենցիալ ներդրողների առաջին հարցը հետևյալն է՝ արդյոք ձեզ մոտ գոյություն ունի՞ եկամտահարկի և շահութահարկի հարթ տարբերակ։ Եվ սա պոտենցիալ ներդրողների համար բավական կարևոր հարց է։

2․ Հարկային համակարգի պարզություն։

3․ Այս տարբերակը, ըստ էության, խրախուսում է, որ աշխատավարձի ստվերային մասերը դուրս գան ստվերից։

4․ Մենք համարում ենք, որ եկամտային հարկի փոփոխությունը լավ կլինի՝ շարունակվի։ Եթե գանք ընդհանուր համաձայնության, ըստ էության, կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5 տոկոսով համահարթ եկամտային հարկը իջեցնելու է՝ այդպիսով առաջիկա 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20 տոկոսի»,- ամփոփում է կառավարությունը:

Իհարկե պարզ է ու բնական, որ յուրաքանչյուրը կողմ կլինի այն տարբերակին, որն իր փաստացի եկամուտն ավելացնելու է: Այսինքն՝ ցածր` մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողները կողմ կլինեն երկրորդ տարբերակին, քանի որ 3 տոկոսով կնվազի իրենց հարկը։ Իսկ բարձր աշխատավարձ ստացողները կողմ կլինեն 23 տոկոս համահարթեցված տարբերակին, քանի որ ներկայիս 28 կամ 36 տոկոսի փոխարեն՝ ավելի քիչ հարկ են վճարելու։

Իսկ թե տնտեսության համար երկարաժամկետ առումով ո՛ր տարբերակն է ավելի ճիշտ՝ առաջի՞նը, երկրո՞րդը, թե՞ կա մեկ այլ՝ ավելի ճիշտ տարբերակ, պետք է պատասխանեն մասնագետները, օրինակ՝ տնտեսագետները:

Տնտեսագետ, տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը մեր խնդրանքով անդրադարձավ այս թեմային ու նշեց. «Երբ պարզապես ասվում է, որ երկրորդ տարբերակը, ըստ էության, խրախուսում է, որ աշխատավարձի ստվերային մասերը դուրս գան ստվերից, տնտեսագետի համար դա բավարար չէ։ Տնտեսագետին պետք է ցույց տաս վերլուծությունը, որտեղ երևում է, թե այդ ստվերային մասերը որքան են, հետո որքան կդառնան և ինչ ժամանակում, պետք է ցույց տաս, թե ինչ մոդելով ես հաշվարկն արել, և այլն։ Կամ էլ պետք է նրան տրամադրես անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նա այդ ամենն ինքնուրույն հաշվարկի։ Գնահատական ունենալու համար տնտեսագետը պիտի, եկամտային հարկից բացի, իմանա նաև, թե մյուս ուղղություններով ինչ փոփոխություններ են նախատեսվում, որովհետև եղած ինֆորմացիան քիչ է ու ամբողջական չէ։ Ու անգամ եթե այս ամբողջ ինֆորմացիան լինի, տնտեսագետին ժամանակ է պետք վերլուծելու համար»:

Իսկ տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով թեմային, նշում է, որ եթե գործարարի մեծ եկամուտը պետությունն է ապահովել՝ մրցակցային հավասար պայմաններ ստեղծելով, ուրեմն եկամտահարկն էլ պետք է բարձր լինի, իսկ եթե հաջողությունը պայմանավորված է գործարարի անձով, ուրեմն պետությանը պետք է քիչ եկամտահարկ տալ: Եվ համահարթեցված մոդել առաջարկելով՝ պետությունը գիտակցում է, որ առայժմ հավասար պայմաններ չի ստեղծել։ Ստվերային՝ ծրարով աշխատավարձերից, վստահ է Մելքումյանը, կարելի է խուսափել, եթե եկամտահարկն ու շահութահարկը նույնը լինեն։

Ամեն դեպքում տպավորություն կա, որ կառավարությունն ավելի հակված է առաջարկվող երկրորդ տարբերակին՝ 23 տոկոս համահարթ դրույքին: Ընդ որում, դա տարեկան կես տոկոսով նվազելու դեպքում մինչև 20 տոկոս իջեցնելու տարբերակին: Նշենք, որ մեր հարևան Վրաստանում եկամտահարկը հենց 20 տոկոս է, և կիրառվում է համահարթեցված տարբերակը։ Իսկ ընդհանուր առմամբ արժի ուշադրություն դարձնել նաև ԵԱՏՄ մեր գործընկերների եկամտահարկերի դրույքաչափերին:

Այսպես, Ռուսաստանում եկամտային հարկի հիմնական դրույքը 13 տոկոսն է, Ղազախստանում և Ղրղըզստանում՝ 10 տոկոսը, Բելառուսում՝ 13 տոկոսը, և այս առումով մենք զիջում ենք մրցունակության տեսանկյունից, քանի որ ստացվում է, որ գոնե հարկման առումով մեր երկրում աշխատողից ստացած եկամուտներից ավելի մեծ պատառիկ է պետությունը հարկում և հարկելու է, քան մեր գործընկերներ պետությունները: Ու հարց է առաջանում՝ մի՞թե հնարավոր չէր էլ ավելի իջեցնել եկամտային հարկի դրույքաչափերը:

Այս առնչությամբ նշենք, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր որևէ հարկի դրույքաչափերը՝ ելնելով իր խնդիրներից, իր առանձնահատկություններից ու առաջնահերթություններից: Եվ պետք է հաշվի առնել, որ նվազագույն հարկային մուտքերը, որ պետք է ապահովել, այն հարկային մուտքերն են, որոնցով պետությունը կկարողանա արդյունավետ իրականացնել իր գործառույթները և չխաթարել տնտեսվարող սուբյեկտների՝ գործունեություն իրականացնելու հետաքրքրությունը, այսինքն՝ բիզնեսով զբաղվելը չդարձնել անբարենպաստ: Միգուցե ներկայումս ՀՀ կառավարությունը չէր կարող եկամտային հարկը 23 տոկոսից իջեցնել՝ պայմանավորված մեր լուծելիք սոցիալ-տնտեսական, արտաքին ու ներքին բազմաթիվ խնդիրներով:

Ամփոփելով նշենք միայն, որ առաջարկվող փոփոխությունները դեռ հարկային օրենսգրքի ամբողջական ու վերջնական տարբերակ չեն, որը հետագայում չի փոխվելու։ Միգուցե ժամանակի ընթացքում հնարավոր կլինի վերանայել եկամտահարկի դրույքաչափերը:

Այս պահին բանավեճը կարող է լինել միայն տեսական դաշտում. մի մասը սկզբունքորեն կարծում է, որ պրոգրեսիվ հարկումն է ճիշտ, մյուս մասը flat տարբերակին է կողմ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: