Հայերեն   English   Русский  

«Խիստ մտահոգիչ է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածությունը». Արման Թաթոյան


  
դիտումներ: 1415

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածությունը:

Այս մասին տարածված հաղորդագրությունում ասված է.

«Նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունը շարունակում է արժանանալ անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը կամ դա արվում է միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով: Այս վիճակը շարունակվում է արդեն տևական ժամանակ և վտանգավոր է երկրում համերաշխության ու հանդուրժողականության և ի վերջո՝ մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

Մեր երկիրը ներկայում կանգնած է համակարգային բնույթի հիմնարար փոփոխությունների ու մարդու իրավունքների տեսանկյունից մարտահրավերների առաջ: Մենք պետք է բոլոր խնդիրների լուծումն ապահովենք համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում. սա է մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և առկա խնդիրները լիարժեք լուծելու գլխավոր գրավականը: Դարձյալ հարկ եմ համարում արձանագրել, որ պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը կամ այդ սկզբունքներով առաջնորդվելը:

Բոլորին խնդրում եմ նկատի ունենալ այս դիտարկումները:

Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանցից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: