Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր կհանդիպի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ
«Ինչպես գիտեք, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և նրա ղեկավարության:
Բազմիցս հրապարակային առաջարկել ենք հանդիպել և առկա խնդիրները քննարկել, սակայն մնացել ենք անարձագանք: Քիչ առաջ ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարի հետ ունեցել եմ հեռախոսազրույց, և վերջինս առաջարկել է հանդիպել և քննարկել առկա խնդիրները: Ցանկանում եմ նշել, որ հանդիպումներին և քննարկումներին շատ ենք սպասել և միանշանակ ողջունում ենք նման մոտեցումը:
Ավելորդ չեմ համարում նշել, որ հենց Սպորտի նախարարություն և այլ կառույցներ մեր կողմից ներկայացված գրությունները միշտ մնացել են անարձագանք, վերջիններս չեն արձագանքել այդ հանդիպումներին, այնուամենայնիվ ողջունում եմ նորանշանակ նախարարի նման ողջամիտ քայլը:
Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ և վերջապես հնարավորություն կունենանք բոլոր խնդիրները քննարկելու և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար:
Գտնում եմ, որ հանդիպումը պետք է լինի հրապարակային և այդ իսկ պատճառով կհրավիրեմ լրագրողի, ով առցանց կտեսաձայնագրի մեր քննարկումը: Նշեմ, որ Ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, այլ ոչ՝ էմոցիոնալ պահանջների և սաբոտաժի միջոցով»,- գրել է Արթուր Գևորգյանը: