Հայերեն   English   Русский  

Անուշ Գրիգորյան. «Բռնցքամարտի շնորհիվ կայացել եմ ու ինքնուրույն դարձել»


  
դիտումներ: 1603

Հոկտեմբերի 27-ին Երևանի <<Դինամո>> մարզադահլիճում կայացավ բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 70 մարզիկ:
Կանանց պայքարում 51 կգ քաշային կարգում մեծահասակների առաջնությունում իր առաջին չեմպիոնական մեդալը նվաճեց Անուշ Գրիգորյանը:

Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով և խոսում սպորտում հաջողության հասնելու և առաջիկա ծրագրերի մասին:
-Շնորհավորում ենք Հայաստանի առաջնությունում չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ:

-Շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մրցման նախապատրաստվում եմ այնպես, որ անպայման հաղթեմ: Վնասվածքից հետո կրկնակի եռանոդով էի մարզվում` ցանկանալով անպայման հաջողության հասնել:
Լավ մարզավիճակում մասնակցեցի Հայաստանի առաջնությանը և 2018 թվականի չեմպիոնի կոչումը նվաճեցի: Ինձ համար ամենակարևորն այն է, որ հաղթանակս ոգևորում է ընտանիքիս անդամներին, հարազատներիս և ընկերներիս: Միշտ ցանկանում եմ իմ ձեռքբերումներով ու հաջողություններով ուրախացնել նրանց:
Հայաստանի առաջնության հաղթողի կոչումը նվաճելն ինձ համար անչափ կարևոր էր: Նշեմ , որ ստուգատեսի արդյունքով որոշվում էր նաև, թե ով կմասնակցի Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայանալիք աշխարհի առաջնությանը: Արդեն վերսկսել եմ մարզումներս, որպեսզի հաջող մասնակցեմ այդ ստուգատեսին:
-Ինչպե՞ ս սկսեցիք զբաղվել ոչ այնքան հեշտ մարզաձևով. բռնցքամարտը բարդ մարզաձև է, հատկապես աղջիկների համար:
-9 տարեկանից եմ սկսել մարզվել` իմ ցանկությամբ: Վիկ Դարչինյանի մենամարտերը դիտելով` ոգևորվեցի և բռնցքամարտով հետաքրքրվեցի:Ամեն գնով փորձում էի մարզվել, քանի որ սկզբնական շրջանում ընտանիքիս անդամները դեմ էին իմ որոշմանը: Մեծ ջանքեր գործադրելով` ինձ հաջողվեց համոզել նրանց: Սկզբնական շրջանում Արամայիս Մնացականյանի գլխավորությամբ զբաղվել եմ քիք բոքսինգով: Երբ կանանց բռնցքամարտը դարձավ օլինպիական, հայրիկիս հետ որոշեցինք, որ պետք է զբաղվեմ օլիմպիական մարզաձևով: Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ մարզվում եմ մինչ օրս: Մարզիչս ինձ համար և՛ ծնող է, և՛ ընկեր և՛ լավագույն խորհրդատու:
Ժամանակի ընթացքում, երբ սկսեցի հաջողություններ գրանցել, կարծրատիպը կոտրվեց: Հաղթանակներից հետո վերաբերմունքը փոխվեց: Քննադատության, քարկոծության փոխարեն շնորհավորանքներ էի լսում: Այժմ մարզվող աղջիկների համար, կարելի է ասել, դարձել եմ իդեալ: Նրանք ցանկանում են մարզվել և նմանվել Անուշ Գրիգորյանին: Ուրախ եմ, որ կարողացա ճանապարհ հարթել նաև նրանց համար: Այժմ անցկացվում են աղջիկների Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնություններ: Կա մրցակցություն:
-Բռնցքամարտում հաճախ մարզիկները պայքարում են ոչ միայն մրցակցի, այլև մրցավարների կողմնակալ վերաբերմունքի դեմ: Ինչպե՞ս եք հաղթահարում անարդար որոշումները և շարունակում առաջ շարժվել:

Անուշ Գրիգորյան

-Ինձ համար կյանքը պայքար է` անկախ նրանից` մրցավարն է ինձնից խլում հաթանակը, թե լինում են վնասվածքներ կամ թե որևէ բան այնպես չի ստացվում:
Եթե ես ընտրել եմ այս ճանապարհը, ապա մինչև վերջ պայքարելու եմ իմ նպատակին հասնելու համար` անկախ նրանից, թե իմ պայքարն ուր կտանի: Մրցավարության պատճառով պարտվելիս գիտեմ, որ ունեմ ժամանակ այսօր ու վաղը իմ սխալների վրա աշխատելու համար: Ես հավատում եմ, որ կարող եմ հասնել իմ երազանքին, ուստի ջանք ու եռանդ չեմ խնայում և մինչև վերջ պայքարում եմ:
Իմ կարիերայում եղել են հիասթափություններ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ եթե մեռնեի ու նորից ծնվեի, դժվարությունները գիտակցելով անգամ, նորից ու նորից կընտրեի բռնցքամարտը: Բռնցքամարտի շնորհիվ կայացել եմ ու ինքնուրույն դարձել: Ես գիտեմ, թե ինչի համար եմ ապրում, ուր եմ ցանկանում հասնել: Աշխտասիրության և հավատի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության: Ես ցանկանում եմ կրկնել այն հաջողությունները, որոնք ունեցել եմ երիտասարդների տարիքային խմբում և դառնալ օլիմպիական չեմպիոն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: