Հայերեն   English   Русский  

Նոր մշակութային քաղաքականություն կամ նոր քաղաքական մշակույթ


  
դիտումներ: 1657

Օրերս ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը մամլո ասուլիս տվեց, որպեսզի ներկայացնի իր վեցամսյա գործունեության հաշվետվությունը,

այսինքն՝ ներկայացնի իր ձեռքբերումները: Պարապ զբաղմունք կլինի խոսել այդ մասին, քանի որ ինչքան էլ ուզենաս լուրջ ձևանալ ու վերլուծության տպավորություն թողնել, միևնույն է, քննության առարկան դեպի կոմիկական ժանրը կթեքի, որ մեր ներկայիս իրավիճակում այնքան էլ շնորհակալ գործ չէ:

Սակայն նրա մի «ձեռքբերմանը» անհնարին է չանդրադառնալ, որ պատմական կարելի է համարել և արդեն վկայում է՝ այսպես կոչված Նոր Հայաստանում հայտնվել ենք ոչ թե կոմիկական, այլ տրագիկոմիկական վիճակում, բայց եթե դրան դիմադրություն չլինի, ապա շատ մոտ ապագայում բոլորիս գլխին կջարդվի իսկական ողբերգությամբ:

Ասուլիսից մի քանի օր առաջ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը մի հայտարարություն արեց, որը բերում ենք ամբողջությամբ:

«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված: Օպերային թատրոնի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքի վրա և պահանջում` խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ: Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»:

Այստեղ մի քանի կարևոր հարցեր կան, որոնք պետք է պարզել, քանի որ, վերջին հաշվով, մտքերի ընթացքը տանելու է յուրաքանչյուր քաղաքացու սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու հիմնարար իրավունքին, լինի նա նախարար, ինչ-որ հաստատության պաշտոնյա թե շարքային քաղաքացի:

Առաջին՝ նախարարի պաշտոնակատարը, «քաղաքական գործունեությամբ զբաղվել և ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրել» ասելով, ի՞նչ նկատի ունի: Օպերային թատրոնի տնօրինությունը պաշտոնապես ժողով է գումարել և քաղաքական հարցե՞ր է քննարկել: Մեր ժողովրդավարական ու բազմակարծության ջատագով երկրում կա՞ այդպիսի իրավական նորմ, որ արգելի դա: Այն էլ այս չափից ավելի քաղաքականացված ժամանակներում: Պարսավելի ի՞նչ կա, եթե մարդիկ քաղաքական հայացքներ ունեն և արտահայտում են դա: Նախարարի պաշտոնակատարը պահանջում է «խստագույնս հետևել օրենքին», սակայն ինչո՞ւ չի նշում՝ ո՛ր օրենքի ո՛ր դրույթին:

Երկրորդ՝ եթե հիշյալ գործողությունները վերաբերում են մասնավոր խոսակցությունների, ապա դարձյալ հանգում ենք ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքին, սակայն այստեղ նաև դեմ ենք առնում «մատնիչի ինստիտուտի» վերակենդանացմանը, որը մեզ հետ է շպրտում մինչև անցյալ դարի 30-ական թվականներ: Ուրեմն տվյալ գերատեսչությանը ենթակա հաստատություններում մարդի՞կ կան, որոնք աչալրջորեն հետևում են, թե քաղաքականությանն առնչվող ինչ խոսակցություններ են տեղի ունենում իրենց հիմնարկի պատերից ներս և հայտնո՞ւմ են վերևներին: Դեռ բավական չէ, այդ վերևից էլ հրապարակավ վարչական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով զգուշացո՞ւմ է հրապարակվում: Սուսուփուս տեղներդ նստեք, և եթե կարծիք ունեք, բերաններդ փակեք, սա՞ է իմաստը: Ինչքա՜ն մարդ պիտի ինքնավստահ, ժամանակակից քաղաքական լեզվով ասած՝ դուխով լինի, որ գրչի թեթև հարվածով չեղյալ հայտարարի երկրում համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունքը:

Ահավասիկ, հիշյալ հայտարարության մեջ նշված Կարինե Կիրակոսյանն արդեն շատ լավ հասկացել է դա: Մենք նրան դիմեցինք ընդամենը մի հարցով՝ Օպերային թատրոնում ժողո՞վ է եղել, թե՞ մասնավոր խոսակցություն: Ոչ մի կերպ պատասխան չստացանք: «Այդ հարցը փակված է,- ասաց նա:- Լիլիթ Մակունցը ձեր հարցին արդեն իր ասուլիսում պատասխանել է: Ինձ այլևս մի զանգահարեք: Խնդրում եմ»:

Նորից դիտեցինք Մակունցի ասուլիսը և դարձյալ մեր հարցի պատասխանը չստացանք: Նա էլ փակագծերը չբացեց, թե վերջապես խոսքն ինչի մասին է, պաշտոնական քննարկմա՞ն, թե՞ մասնավոր խոսակցության: Սակայն նրա հնչեցրած մի արտահայտությունից՝ «ահազանգ ստացանք», կարելի է ենթադրել, որը խոսքը հենց մասնավոր խոսակցության և մատնիչի կամ ավելի մեղմ ասած՝«տեղեկացնողի» մասին է:

Ահա թե ուր հասանք: Նախորդ իշխանությունների օրոք ինչ ասես տեսել ենք, բայց այսպիսի երևույթ, ոչ: Հնարավոր է, որ նախկինում էլ «տեղեկացնողներներ» եղել են, հնարավոր է, որ այն ժամանակ էլ կողմնակի ճանապարհներով հաշվեհարդար տեսել են, նախկինների համբավը ստիպում է ոչինչ չբացառել, բայց որ հրապարակավ, պաշտոնապես, ոչ թե իրավական փաստերի, այլ ինչ-ինչ անորոշ ահազանգերի հիման վրա բառի բուն իմաստով մարդկանց բերանը ծեփեին, չենք հիշում: Փաստորեն մեր մշակույթի նախարարի պաշտոնակատարն իրոք թռիչքաձև «առաջաընթաց» է արձանագրել մեր իրականությունում՝ նոր «մշակութային քաղաքականություն» կամ նոր «քաղաքական մշակույթ», այն է՝ մշակույթի գործիչները քաղաքական հայացքներ ունենալու և արտահայտելու իրավունք չունեն: Եվ այս գործիչը հավակնում է արդեն խորհրդարան մտնել, այսինքն՝ օրենսդիր դառնալ: Դժվար չէ ենթադրել ուրեմն, թե ապագայում ինչ զամանահրաշ օրենքներ են մեր գլխին տեղալու:

Բայց հավանաբար իրավիճակն այսքան տխուր ու հուսահատեցնող չլիներ, եթե փաստացի ականատես չլինեինք խոսքի ազատության համար պայքարող իրավապաշտպանների քար լռությանը:

Անահիտ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: