Հայերեն   English   Русский  

Հատուկ քննչական ծառայությունում մոտ 20%-ով աճել է քրեական գործերի թիվը


  
դիտումներ: 1460

Օրերս Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն և ամփոփեց 2013-ի կատարած աշխատանքները: Ընդլայնված նիստը նախագահում էր ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը:



Նա դրական գնահատեց անցնող տարին ու բացման խոսքում նշեց. «2013-ին մեր ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ, որոշակի աշխատանքներ է կատարել իրավակարգի և օրինականության ամրապնդման ուղղությամբ»:

Անցած տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերի ընդհանուր պատկերը հետևյալն է. կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ 3 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` 2 անձի վերաբերյալ:

«Եղել են նաև խախտումներ՝ ուղղված մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ, սեփականության, տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության, պետական ծառայության, կառավարման կարգի, արդարադատության, զինվորական ծառայության կարգի դեմ»,- իր ելույթում ասաց ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը:

Նա տեղեկացրեց, որ ավարտված քրեական գործերով ձերբակալվել է 38 անձ, ձերբակալումից ազատվել են երկուսը: Նրանցից մեկը ձերբակալումից ազատվել է արգելանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
«Այս դեպքն ուշագրավ է այնքանով, որ տվյալ քրեական գործը հարուցվել է ոստիկանության տարածքային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ քաղաքացի Կարեն Հարությունյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Բակուր Ավետիկյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Նշված արարքը կատարելու կասկածանքով Կարեն Հարությունյանը ձերբակալվել է, և նկատի ունենալով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր ընդունվելիս վերջինիս մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն,- ասաց Ա. Նադիրյանը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ իրականում Կարեն Հարությունյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն չի գործադրել, ընդհակառակը` Բ. Ավետիկյանը նրանից կաշառք է վերցրել նրա հարևանի օգտին ակնհայտ անգործության համար, իսկ այնուհետև պահանջել է ավելացնել կաշառքի գումարը, և նրանց միջև առաջացած վիճաբանության ժամանակ Ավետիկյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ ու բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո զեկուցագիր է ներկայացրել իր ղեկավարությանը, թե Կ. Հարությունյանը չի ենթարկվել իր օրինական պահանջին և բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Կարեն Հարությունյանն ազատվել է ձերբակալումից, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրեց քննված քրեական գործերի վիճակագրությունը. «ՀՔԾ-ի հատկապես կարևոր գործերի քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ` նախորդ տարվա 204-ի դիմաց, փաստորեն քննված քրեական գործերի թիվը 2012-ի համեմատ աճել է 17 տոկոսով»:
ՀՔԾ պետի տեղակալը տեղեկացրեց, որ ծառայությունում քննված քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է այն, որ դա բացառիկ խափանման միջոց է, և յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել ոչ միայն կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այլև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայությունը: «Գործնական աշխատանքում արմատավորված այս մոտեցումը շարունակվելու է նաև հետագայում»,- ասաց Վ. Հովհաննիսյանը:

ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանն էլ արձանագրեց ՀՔԾ-ում
ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը: Ըստ Հովհաննիսյանի` պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, իրավաբանական անձանցը՝ 154 մլն դրամ և ֆիզիկական անձանցը՝ մոտ 300 մլն դրամ: «Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 95,9 տոկոսը, իրավաբանական անձանց պատճառված վնասի` 100 տոկոսը, ֆիզիկական անձանց վնասի` 40,5 տոկոսը»,- նշեց Ա. Նադիրյանը:

Հատուկ քննչական ծառայության պետն արձանագրեց, որ իրենց վարույթում անցած տարի քննված 239 քրեական գործից 77-ը եղել է կոռուպցիոն բնույթի, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ` կոռուպցիոն դեպքերի բացահայտումներն աճել են: 2012-ին ՀՔԾ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ, հետևաբար 2013-ին նման դեպքերի բացահայտումներն ավելացել են 31-ով: Դատի տրված 26 պաշտոնատար անձանցից 15-ը եղել են ոստիկանության, 5-ը` ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակից, 2-ը` մարզպետարանի վարչության պետ, 2-ը` ՀՀ ԱԻՆ աշխատակից` փրկարարական ծառայության վարչության բաժնի պետ և հրշեջ-հրահանգիչ, ինչպես նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայազորային քննչական բաժնի բաժանմունքի պետը և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը:

Շահինյանը հատուկ ընդգծեց, որ հաշվետու տարում ՀՔԾ-ում քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի աճը պայմանավորված է ոչ թե այդ բնույթի հանցագործությունների, այլ դրանց բացահայտման աճով, ինչը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների արդյունավետ աշխատանքով և վերջիններիս ու հատուկ քննչական ծառայության համագործակցության ամրապնդմամբ:

Դրական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ անդրադարձ եղավ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի թերություններին ու չլուծված խնդիրներին: Ա. Նադիրյանը չլուծված խնդիրների շարքում ընդգծեց ծառայությունը փորձառու և որակյալ կադրերով համալրելու խնդիրը: «Դեռևս չի լուծվել ՀՔԾ ծառայողների աշխատանքային պայմանները բարելավելու խնդիրը: Չնայած այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերին` 2013-ին, չունենալով վարչական շենք, գործել ենք անբարենպաստ պայմաններում, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել և՛ աշխատանքների կազմակերպման, և՛ քննության որակի վրա»,- ասաց Նադիրյանը՝ հավելելով, որ սրա հետ մեկտեղ գոհունակությամբ պետք է նշել, որ երկրի ղեկավարությունը տեղյակ է խնդրին և ջանքեր է գործադրում հարցը լուծելու ուղղությամբ:

Արման ԲԱԲԱՅԱՆ






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: