Հայերեն   English   Русский  

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը 65 տարեկան է


  
դիտումներ: 1936

65 տարի առաջ` դեկտեմբերի 10-ին, ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որում ասված է, որ «բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»:


ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակագիրն ընդունել է 1948 թ. դեկտեմբերի 10-ին` երրորդ նստաշրջանի ժամանակ, 217A (III) որոշմամբ, Փարիզի Շայո պալատում, որին կողմ են քվեարկել 48 պետություն, ոչ մի դեմ չի եղել, ձեռնպահ են մնացել 7-ը` ԽՍՀՄ-ը, Ուկրաինական ԽՍՀ-ն, Բելառուսական ԽՍՀ-ն, Հարավսլավիան և Լեհաստանը, նաև Սաուդյան Արաբիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: 1950 թ. Ընդհանուր վեհաժողովի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն այն փաստաթուղթն է, որը բովանդակում է մարդու հիմնական իրավունքների համակարգված շարադրանքը: Վաղուց արդեն շրջանառվում են մարդու իրավունքներ հասկացության սահմանման տարբեր մեկնաբանություններ: Ամենապարզ բացատրություններից մեկը հետևյալն է. իրավունքների այն խումբը, որն անհրաժեշտ է մարդուն արժանավայել և ստեղծագործ կյանքով ապրելու համար, ընդունված է անվանել մարդու իրավունքներ: Այսօր` XXI դարում, մարդը տեխնիկական, գիտական հզոր նվաճումների է հասել, սակայն դեռևս խնդիր են մնում արդար դատավարությունը, խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքը, արժանապատիվ ապրելակերպը և հռչակագրով ամրագրված շատ այլ իրավունքներ:

Հռչակագրի ընդունմամբ խնդիր դրվեց, որի կատարմանը պետք է ձգտեն բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները և հասարակական կազմակերպությունները՝ նախապատվություն տալով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը խրախուսելուն և զարգացնելուն՝ առանց ռասայի, սեռի, դավանանքի խտրականության:

Հռչակագիրը դարձավ կարևոր փուլ համաշխարհային հանրության քաղաքակրթության առաջընթացում, անձի հավասարության, իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային նորմերի հարգման և պահպանման աստիճանի որոշման գործում: Այդ փաստաթղթերի սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ն ընդունել է միջազգային մի շարք պայմանագրեր, որոնք, ի տարբերություն հռչակագրի, ունեն ոչ թե հանձնարարական, այլ պարտադիր բնույթ ստորագրած պետությունների համար: Հատկանշական է, որ առաջադեմ երկրների սահմանադրությունները հիմնականում համապատասխանեցված են հռչակագրի դրույթներին:

Հարկ է նկատել, որ հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով` դրանով իսկ մտնելով Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես առաջատար տարբեր լեզուներով թարգմանված տեքստերի մեջ: Այն բաղկացած է 30 հոդվածներից և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ գործող օրենսդրությամբ: Իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ. հոկտեմբերի 21-ին:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: