Մի խումբ առևտրականներ իրենց բողոքը ներկայացրեցին նաև Վազգեն Մանուկյանին (լրացված)
ՀՀ կառավարության շենքի դիմաց շարունակվում է բողոքի ցույցն՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի:
Հարյուրավոր առևտրականներ պահանջում են կասեցնել օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պարտավոր են իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել հարկային մարմիններ, իսկ չներկայացնելու դեպքում կենթարկվեն տուգանքների:
Առևտրականները հայտարարում են, որ պայքարելու են մինչև վերջ, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել: Նրանցից շատերն ասում են, որ փետրվարի 1-ից, երբ օրենքը պետք է ուժի մեջ մտնի, կասեցնելու են իրենց գործունեությունը:
«Կառավարության նպատակը մեզ դաշտից հեռացնելն է, ուրիշ բան չկա,-մեզ հետ զրույցում ասաց շուրջ 25 տարի տոնավաճառում առևտրով զբաղվող Մկրտիչ Բարսեղյանը,-դա նույն բանն է, որ թակարդում պանիր դնեն ու ասեն՝ արի վերցրու: Կարող ա՝ 5-10 տարի հետո էս օրենքը գործի, բայց հիմա՝ չէ: Մարդ, որ աստիճաններով բարձրանում ա, միանգամից հինգերորդ աստիճանին ոտքը չի կարող դնել»:
Առևտրականները վիրավորված են հատկապես ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից, թե ինչպես է արհամարհանքով ասել, որ 500 հոգու համար օրենքը չեն փոխի: «Թող դուրս գա, տեսնի, թե քանի հոգի է էստեղ հավաքված»,-ասում են ցուցարարները:
Կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ցուցարարների 15 ներկայացուցիչ հանդիպման գնաց իր մոտ: Իսկ դրսում իրավիճակը գնալով ավելի է լարվում, մարդիկ սպասում են պատասխանի: Ցուցարարաների մի խումք նստացույց է հայտարարել: Ժամանակ առ ժամանակ նրանք վանկարկում են. «Կասեցում»:
Այդ ընթացքում ցուցարարներին մոտեցավ նաև ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը: Նա առաջարկեց բողոքի ցույցի մի խումբ ներկայացուցիչների իր հետ գնալ Հանրային խորհուրդ և հարցը քննարկել նաև ՀԽ նախագահի հետ:
Միաժամանակ Վազգեն Սաֆարյանը ներկաներին հայտնեց, որ Հանրային խորհուրդը հարցը քննարկել է դեռևս նախորդ տարի, երբ օրենքը նոր էր ընդունվել:
«Մենք մեր կարծիքը հայտնել ենք. պետք է տնտեսվարողին հնարավորություն տալ, որպեսզի ինքը որոշի,թե ինչ ձևով է ուզում աշխատել՝ ելնելով իր տնտեսության շահեկանությունից,-ասաց Վազգեն Սաֆարյանը,-այդ 60-70 000 հոգու կողմից մուծած հարկերը մեր հարկային մուտքերի շատ չնչին տոկոսն են կազմում՝ մոտ 20 միլիարդ դրամ: Դա կարելի է հավաքել հենց հաստատագրված վճարներով, ու դրանով կարելի է մեծացնել տնտեսվարողի տնտեսական ազատությունը»:
Այնուհետև մի քանի առևտրականներ Վ. Սաֆարյանի հետ միասին հանդիպեցին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ և ներկայացրեցին իրենց հուզող հարցերն ու առաջարկությունները: Առևտրականներն առաջարկում են, որպեսզի նոր օրենքի հետ միասին ուժի մեջ մտնի նաև հարկերի վճարման հին տարբերակը՝ հաստատագրված վճարը:
Հանրային խորհրդի նախագահը, լսելով առևտրականների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները, հանձնարարեց ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովին այսօր ևեթ կազմակերպել նիստ և դրանք քննարկել, որից հետո ՀԽ դիրքորոշումը կներկայացվի ՀՀ կառավարություն:
Լրացված
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ելած առևտրականները հայտարարեցին, որ իրենց պայքարը թևակոխում է նոր՝ հրաժարման փուլ: "Մենք թքած կունենանք օրենքի վրա, կհրաժարվենք օրենքից և այդ ձևով կներկայացնենք մեր անհնազանդությունը: Մինչև փետրվարի 2-ը բոլորս մի մարդու պես պետք է ներկայացնենք մեր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումներ: Մենք չենք ընկրկելու, չենք վճարելու, արդեն մենք ենք սկսում կպնել իրենց գրպաններին, ինչպես իրենք են վարվում մեզ հետ",-հայտարարեց ցուցարարներից մեկը:
Այնուհետև ցուցարարները պահանջեցին, որ հրաժարական տա ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
Ցուցարարները ևս մեկ անգամ պահանջեցին, որպեսզի իրենց պարզաբանումներ տա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հակառակ դեպքում, նրանք կպահանջեն նաև վարչապետի հրաժարականը: