Հայերեն   English   Русский  

Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան


  
դիտումներ: 725

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե այն նորմը, որով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել, տեղին չէ։

«Նախագահը անձեռնմխելի է, այն նորմը, որով նրան մեղադրանք է առաջադրվել, տեղին չէ, այդ նորմով նրան մեղադրանք առաջադրել չի կարելի», - ասաց նա։

Ռուբեն Սահակյանն ընդգծեց՝ հիմնավոր կասկածը բացակայում է։

«Ու, ընդհանրապես, դա փաստաթուղթ չէ, որը կայացվել է դատարանի կողմից», - ասաց նա։

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանից պահանջում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի։

Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանի խոսքով, չի մասնակցելու այսօրվա դատական նիստին։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանն ասաց, թե նրանք, ովքեր կարծում են, որ Քոչարյանը անձեռնմխելի չէ, տգետ են։

«Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից», - ընդգծեց Ռուբեն Սահակյանը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: