Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը ՀՀ վարչապետի վերջին արտահայտություններին


  
դիտումներ: 547

«Հարցը ոչ թե Ադրբեջանի «ագրեսիվ հռետորաբանությունն» է, այլ Հայաստանի ագրեսիվ գործողությունները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե Ադրբեջանը «ագրեսիվ հռետորաբանություն» է կիրառում և բնակչությանը պատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի:

Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:

Ըստ Աբդուլլաևայի՝ չնայած իր տարածքների 20 տոկոսի գրավմանը և մեկ միլիոն հարկադրված վերաբնակեցվածներին՝ Ադրբեջանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: «Կոնֆլիկտի կարգավորումը խաղաղություն և տարածաշրջանի զարգացում կբերի: Ինչքան շուտ Հայաստանի վարչապետը հասկանա դա, և որոշակի ինչ օգուտ կլինի իր երկրին կարգավորումից, այնքան արագ նա կկարողանա իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը»,- ասել է Աբդուլլաևան:

Նա կոչ է արել Հայաստանի վարչապետին չխտացնել իրավիճակն իր հայտարարություններով, այլ հող ստեղծել բանակցությունների համար, ինչպես որ ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում:

«Լեռնային Ղարաբաղը և նրան հարող շրջաններն Ադրբեջանի անքակտելի մասն են, որոնք ընդունված են միջազգային մակարդակով ու ներկայումս գրավված են Հայաստանի զորքերով, և միջազգային ողջ հանրությունն այնտեղ ապրող հայկական համայնքի անդամներին համարում է Ադրբեջանի քաղաքացի»,- ավելացրել է Աբդուլլաևան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: