Սահմանադրական կարգի տապալման մի պատմություն
Սակայն քաղաքական գնահատականներից բացի, այստեղ գործ ունենք սահմանադրական կարգի տապալման հետ։ Միայն մամուլում հնչած վկայությունները բավարար են գործի ամբողջական բացահայտման համար։
Հիմա՝ ամեն ինչ հերթով.
- 1996 –ի նախագահական ընտրություններից քիչ առաջ ընդդիմությունը միավորվեց՝ լուրջ հակակշիռ դառնալու եւ ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխություն իրականացնելու նպատակով: Ընդդիմության միասնական թեկնածու դարձավ ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը:
- Ընտրությունների օրը իշխանությունը գնաց բացահայտ կեղծիքների՝ լցոնումներ, քվեատուփերի առևանգում, ահաբեկում և այլն։
- Բազմաթիվ ընտրատեղամասերում տեղի ունեցան արձանագրությունների կեղծում, անգամ նոր արձանագրությունների կազսմում, որոնց մասին բարձրաձայնում էին հանձնաժողովների ընդդիմադիր եւ անկախ անդամները, եւ որի մասին բարձրաձայնել է նաեւ Կարապետ Ռուբինյանը, բայց արդեն 2013-ին:
- Ընտրությունների ավարտից եւ ձայների հաշվարկից հետո պարզ դարձավ, որ նույնիսկ այս պայմաններում նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը չի կարողացել հաղթել, և առնվազն երկրորդ փուլն անխուսափելի է:
- Ընդդիմությունը պահանջեց կատարել վերահաշվարկ՝ ձեռնպահ մնալով Վազգեն Մանուկյանին նախագահ հռչակելու գայթակղությունից:
- Սկսվեցին խաղաղ, բազմահազարանոց հանրահավաքներ: Ընդդիմությունը պահանջում էր կա՛մ երկրորդ փուլ, կա՛մ նոր ընտրություններ։
- Վկայություններ. տարիներ անց, այդ ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Հ1-ով հայտարարեց. «Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լեւոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասկածներ չունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ…»:
- Վկայություններ. «Լ. Տեր-Պետրոսյանի զինակիցներից Կարապետ Ռուբինյանը 2011 –ին գրել է. «Եթե ես եւ մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու...»:
-
Սեպտեմբերի 25-ին բազմահազար ցուցարարները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, քանի որ այնտեղ էր գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վազգեն Մանուկյանը ներս մտավ Ազգային ժողովի շենք, որպեսզի բանակցի ԿԸՀ-ի նախագահի հետ մի քանի քվեատուփ բացելու ու վերահաշվարկ կատարելու հարցի շուրջ: Բանակցության գնալուց առաջ Վազգեն Մանուկյանը դիմեց իր թիմակիցներին. «Եթե 20-30 րոպեից չվերադառնամ, կգաք իմ հետևից»:
- Մթնոլորտը շիկանում էր ծայրաստիճան։ Իշխանությունը որևէ զիջման չէր գնում։ Ակնհայտ է, որ իշխանությունը վճռել էր գնալ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով՝ նախագահ հռչակել մարդու, որը չէր ընտրվել։
- Ցուցարարները մտնում են ԱԺ բակ։
- Իշխանությունները ուժ են կիրառում, Երեւանի կենտրոնում զրահատեխնիկա է հայտնվում, լսվում են կրակոցներ, բարեբախտաբար զոհեր չեն լինում, եւ նաեւ այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը մնաց ժողովրդի կողքին եւ նպաստեց, որ նրանք հեռանան ԱԺ տարածքից: Վ. Մանուկյանը չփակվեց իր տանը, մենակ չթողեց հազարավոր մարդկանց։
- Վկայություն. Պաշտպանության Նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե այս դեպքերից հետո ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն ստանար, ապա նրանց իշխանությունը չէին զիջի, քանի որ ուժային կառույցներն այդ ղեկավարին չէին ընդունի:
- Վկայություն. տարիներ անց 1996թ. ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանն ընդունեց, որ իշխանության կողմից իր եւ հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշումներ են եղել:
- Բանակն առաջին անգամ մտավ Երեւան: Բանակը քաղաք մտնելու եւ քաղաքականությանը խառնվելու իրավունք չուներ: Տեղի ունեցան խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ:
-
Խորհրդարանում ցուցադրաբար ծեծի ենթարկվեցին ընդդիմության ներկայացուցիչ մի քանի պատգամավորներ:
- Բանտերում անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, անմեղ քաղաքացիներ։ Հատկապես դաժան են եղել Կենտրոնի ոստիկանությունում: Ծեծն ու ջարդը շարունակվել են նաեւ բանտերում:
- Սահմանադրական կարգը, զինված ուժերի և ոստիկանության օգնությամբ, հաջողությամբ տապալվեց՝ նախագահ հռչակվեց մարդ, որը չէր ընտրվել։
- Մինչդեռ կային բոլոր հնարավորությունները՝ կա՛մ նոր ընտրությունների, կա՛մ երկրորդ փուլ անցկացման, որից հետո մեծ էր հավանականությունը, որ երկիրը կզարգանար այլ ուղղությամբ ու չէին լինի հետագա ընտրակեղծիքները եւ չէր լինի մարտի 1-ը։
«Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպություն