Հայերեն   English   Русский  

Գոռ Երիցյան. «Punch Boxing Promotions-ի ուժեղ և հզոր թիմով ամեն ինչ անում ենք առաջ շարժվելու և նորանոր գոտիներ նվաճելու համար»


  
դիտումներ: 1526

Փետրվարի 9-ին Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը 10-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ անցկացնելով 10-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկը մենամարտեց արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ և առաջին իսկ ռաունդի 1.18 րոպեին նոկաուտի ենթարկեց մրցակցին:

Անկախի հետ զրույցում Գոռը պատմում է անցկացրած արդյունավետ մարզումների, մենամարտից ստացած տպավորությունների, ԱՄՆ-ում մենամարտի մանցկացնելու հնարավորության և առաջիկա ծրագրերի մասին:


-Շնորհավորում ենք Ձեզ. 1 րոպեից քիչ ավել պահանջվեց մրցակցին պարտության մատնելու համար:


-Շատ քիչ, շուրջ մեկ ամիս ժամանակ ունեի նախապատրաստվելու համար: Ինչպես միշտ, Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հրաշալի մարզումային շրջան անցկա, լավ նախապատրաստվեցի և ներկայացա մենամարտին: Հակառակորդիս մասին գրեթե ոչինչ չգիտեինք: Նրա մենամարտերի տեսաձայնագրությունները չկային համացանցում: Տեղյակ էինք , որ 16 հաղթանակ ունի և միայն 3 պարտություն: Սա բարձր ցուցանիշ է, ուստի մարտականորեն էինք տրամադրվել մենամարտին: Սակայն մենամարտը շատ հեշտ ընթացավ: Ընդամենը 2 հարված, որոնք և նպատակին ծառայեցին: Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ այդքան շուտ կավարտվեր պայքարը: Արգենտինացին թույլ մարզիկ չէր, պարզապես հարվածը շատ ուժեղ էր և նպատակին ծառայեց, անգամ ձեռքս էր վնասվել:


-Յուրաքնչյուր մենամարտից առաջ լուրջ նախապատրաստական շրջան եք անցնում: Հաճախ մենամարտը շատ կարճ է տևում և ողջ ուժերն ու կարողությունները ցույց տալու հնարավորություն չի ընձեռվում. չե՞ք ափսոսում:


- Մենք շուրջ 2 ամիս մարզվում ենք, օր ու գիշեր պատրաստվում` Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ ամեն պահ ու վայրկյան բռնցքամարտի մեջ լինելով: Այնքան էլ ցանկալի չէ, երբ մենամարտն ընդամենը 1 րոպե է տևում, քանի որ ցանկանում ես ամեն ինչն ցույց տալ: Իհրակե, նմանատիպ հաղթանակները շատ կարևոր են թե՛ վարկանիշների, թե՛ կարիերայի համար. 10 մենամարտում 9 նոկաուտը լուրջ արդյունք է: Որպես բռնցքամարտիկ, իհարկե կցանկանայի ավելի երկար մենամարտել` իմ հնարավորություններն ու կարողությունները ցույց տալու համար: Երբ մրցակիցը ուժեղ է, մարզիկը շահում է: Երբ հաղթում ես բարդ մրցակցի, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ կրկնապատկվում է: Իմ կարիերայում այդ առումով հատկապես հիշարժան է անվանի բռնցքամարտիկ Ալի Ֆունեկայի հետ մենամարտը, որից հետո նոր հեռանկարներ բացվեցին:
Ես կյանքս նվիրել եմ բռնցքամարտին և միայն այս հաղթանակներով չեմ սահմանափակվում: Մարդիկ կան, որոնք թույլ մրցակիցների հետ են ռինգ դուրս գալիս և չնայած հաղթանակներին` ցածր վարկանիշ ունեն. դա ինձ համար չէ: Ինձ համար շատ կարևոր են դժվարությունների հաղթահարումը, անգամ վնասվածքների գնով պատվաբեր հաղթանակները և մեծ գոտիների նվաճումը:


-Վերջերս նվաճած երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին հավանաբար չեք պաշտպանի. մրցակիցները խուսափու՞մ են մենամարտից:


- Ինքնագովեստ թող չլինի, սակայն Ռուսաստանում ոչ ոք չի ցանկանում մենամարտել ինձ հետ: Սկզբից համաձայնում են, հետո` ինչ-ինչ պատճառներով հրաժարվում: Կարծում եմ արդեն իմաստ էլ չունի պաշտպանությունը, քանի որ մենք շատ ավելի լուրջ նպատակներ ունենք: Մեր վարկանիշը բարձրացել է,

Գոռ Երիցյան

լավագույնների շարքում ենք ընդգրկվել, և մեզ ավելի մեծ ռինգեր են սպասվում: Ռուսատանում չեն ցանկանում ռիսկի դիմել և մեզ հետ մենամարտել, քանի որ վախենում են ընդհատել հաղթանակների շարքը: Իսկ ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է, այնտեղ բռնցքամարտով ապրում են, ամեն մի մենամարտ կարևոր նշանակություն ունի և մեծ իրադարձություն է:
Արդեն վերսկսել եմ մարզումներս Արամ Ավագյանի և Նարեկ Աբգարյանի հետ միասին: ԱՄՆ-ում մենամարտեր անցկացնելու նպատակներ ունենք: Մարտին հավանաբար կմեկնենք ԱՄՆ: Հարկավոր է շատ լավ մարզավիճակում լինենք, սպարինգներ անենք, որպեսզի խնդիրներ չառաջանան: Punch Boxing Promotions-ի ուժեղ և հզոր թիմով ամեն ինչ անում ենք առաջ շարժվելու, բոլոր ուժերը ներդնելու մեր նպատակները իրագործելու նորանոր գոտիներ նվաճելու համար:


-Punch Boxing Promotions-ը հիմնադիր Արամ Դավթյանը հայտարարեց, որ մտադիր են ստեղծել WBC գոտի հայ բռնցքամարտիկների շրջանում լավագույններին որոշելու համար:


-Սա հրաշալի նախաձեռնություն է: Նման բան ձեռնարկելը հեշտ չէ, սակայն մեր պրոմոտոր Արամ Դավթյանն ամեն ինչ անում է պրոֆեսիոնալ բռնցքամարտը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ: Սա հրաշալի հնարավորություն է մեր բռնցքամարտիկների համար. նրանք կմենամարտեն պրոֆեսիոնալ ռինգում ոչ թե վարկանիշ ձեռք բերելու, դեբյուտ ունենալո, այլ WBC չեմպիոնի գոտին նվաճելու համար:
Մենք կունենանք հայ բռնցքամարտիկների պրոֆեսիոնալ չեմպիոն: Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար նաև համաշխարհային առումով: Բացի այդ, սպորտն ունի կարևորագույն հատկություն` մարդկանց միավորելու և դրական հույզեր պարգևելու: Հայ ժողովուրդը հաղթանակների կարիք ունի:
Անկախ ամեն ինչից բոլորը դիտում են, ոգևորվում և սրտանց ցանկանում, որ հայ մարզիկները հաջողության հասնեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: