Էդգար Ղուկասյան. «Շատ եմ սիրում բռնցքամարտը և երբեք ռինգ դուրս չեմ գա միայն գումար վաստակելու համար»
տոնելով 6-րդ հաղթանակը և նվաճելով ПРО БОКС ամսագրի վարկածով 1-ին կիսամիջին քաշային կարգի պրոֆեսիոնալների Ռուսաստանի չեմպիոնի գոտին:
Անկախի հետ զրույցում Էդգարը պատմում է մենամարտի նախպատրաստական աշխատանքների, բռնցքամարտի կարևորության, սպորտում հաջողության հասնելու գրավականի մասնի:
-Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ . մենամարտի 7-րդ ռաունդում մրցակցին տեխնիկական նոկաուտի ենթարկեցիք: Գրեթե 2 տարի ռինգ դուրս չէիք եկել . կկիսվե՞ ք տպավորություններով:
-Մարտական էի տրամադրված, քանի երկրպագուների մեծ բանակ էր եկել ինձ աջակցելու`ընկերներս, հարազատներս, սաներս հարազատներս: Ինձ խորհուրդ էին տալիս մենամարտել թույլ մրցակցի հետ, սակայն ես որոշեցի ավելի լուրջ հակառակորդի հետ մրցել, քանի որ գիտակցում էի, որ լավ եմ պատրաստվել: Բացի այդ, թույլ մրցակցի հետ գոտին չէին հաստատի: Հակառակորդս փորձառու մարզիկ էր. սիրողական ռինգում անցկացրել էր 150 մենամարտ, որից 120-ում հաղթել էր: Մենամարտից առաջ ծանրաբեռնված մարզվել եմ շուրջ 2 ամիս, սպարինգներ եմ անցկացրել փարձառու մարզիկների հետ: Մենամարտին պատրաստվեցի փորձառու մասնագետներ Սերգեյ
Կուբիշևի ու Նատալյա Կուբիշևայի գլխավորությամբ, որոնք աշխատում են անվանի մազրիկների հետ: Նրանք ճիշտ ու գրագետ նախապատրաստեցին ինձ:
Կարողացա հաղթել մրցակցիս: Նշեմ, որ եղան պահեր, որոնք ինձ չգոհացրին, սակայն կարևորն արդյունքն է: Այս հաղթանակն ինձ համար շատ կարևոր էր հետագա մենամարտերում իմ պոտենցիալը ներդնելու և ռինգում նոր նվաճումների հասնելու համար: Չեմ պատրաստվում եղածով սահմանափակվել: Սա մեկ աստիճան վերեև էր ավելի լուրջ նպատակներ իրագործելու համար:
-Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եք գալիս 2014 թվականից: 2017 թվականի ապրիլից հետո ռինգ դուրս չէիք եկել, ինչու՞:
-Ես ռինգ դուրս չէի գալիս մենեջեր չունենալու պատճառով: Պարզապես գումարի համար մենամարտել չէի ցանկանում: Շատ եմ սիրում բռնցքամարտը և միայն գումար վաստակելու համար երբեք ռինգ դուրս չեմ գա: Իմ սանը` Ալեքսնադր Վոլովիկը, ինձ ոգևորեց, որպեսզի ռինգ դուրս գամ և մենամարտեմ գոտու համար: Առանց նրա չէր լինի այս մենամարտն ու հաղթանակը: Այժմ նա որպես մենեջեր կողքիս է և ամեն կերպ աջակցում է ինձ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալեքսանդր Վոլովիկին, ծնողներիս, հարազատներիս, սաներիս, Ուկրաինայի և Հայաստանի մարզիչներիս, որոնք սպասում էին հաղթանակիս և իսկապես ուրախացան ինձ համար:
-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բռնցքամարտով, մարզաձևի ընտության մասին կպատմե՞ք:
- Շատ պատահական, 12 տարեկանից սկսեցի զբաղվել բռնցքամարտով: Ինձ համոզեցին ընկերս և կրտսեր եղբայրս: Մինչ այդ, շուրջ 6 տարի հաճախել եմ մարմնամարզության: Մարմնամարզությունը կարելի է ասել մարզաձևերի հիմքն է, որի շնորհիվ մարզիկն իրեն լավագույն կողմերով կարող է դրսևորել ցանկացած մարզաձևում: Նշեմ, որ որպես մարմնամարզիկ բավական հաջողություններ եմ գրանցել, Կիևի քաղաքային առաջնությունների հաղթող եմ դարձել: Բռնցքամարտի դահլիճում հասկացա, որ այս ոլորտում ոչինչ չեմ կարողանում անել.ես ֆիզիկապես ուժեղ էի, այնինչ տեխնիկապես ոչինչ չգիտեի:
Սկզբնական շրջանում զիջում էի հասակակիցներիս, սակայն ոչ մի պարագայում պարտվել չեմ սիրում և իմ համառության հաշվին ապացուցեցի նախ ինձ, հետո`բոլորին, որ կարող եմ հաջողության հասնել: Ժամանակի ընթացքում սկսեցի հաղթել այն մարզիկներին, որոնց պարտվել էի:
-Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու որոշումն ինչպե՞ս կայացրիք:
- Ես տեղափոխվել եմ Մոսկվա աշխատանք գտնելու նպատակով: Թեև աշխատում էի, և ամեն ինչ շատ լավ էր, սակայն ինձ լիովին ներդաշնակ չէի զգում: Կարծում եմ` ամեն մարդ պետք է աշխատանքից հաճույք ստանա և ոչ թե պարտադրված ինչ-որ բան կատարի: Սպորտից հրաժարվել չկարողացա, քանի որ բռնցքամարտն ինձ համար ապրելակերպ էր և, միևնույն ժամանակ, երազանք:
Մինչ Մոսկվա տեղափոխվելս, համացանցով ծանոթացել էի աշխարհի չեմպիոն, անվանի մարզիկ Անդրեյ Կուրնյավկայի հետ: Նրա հետ կապ հաստատեցի` ասելով, որ ցանկանում եմ ուժերս փորձել պրոֆեսիոնալ ռինգում: Նրա օգնությամբ կապ հաստատեցի ոլորտի ներկայացուցիչների, պրոմոութերների հետ և 2014 թվականին դուրս եկա պրոֆեսիոնալ ռինգ: Դեբյուտս պրոֆեսիոնալ ռինգում ամենից շատ է տպավորվել:
Նշեմ, որ միաժամանակ աշխատում եմ նաև Մոսկվայի լավագույն մարզական ակումբներից մեկում, ունեմ բազմաթիվ սաներ: Կարողանում եմ համատեղել պրոֆեսիոնալ ռինգն ու մարզչի գործունեությունը: Ռուսաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտն այսօր այն զարգացումը չունի, որ հնարավոր լինի կյանքի լավ պայմաններ ապահովել:
-Սպորտում հանդես գալու երկար տարիների փորձ ունեք. ի՞նչ է հարկավոր հաջողության հասնելու համար:
- Համառություն, աշխատասիրություն, նպատակասլացություն, և ձգտում: Տաղանդը կարևոր է, բայց առաջնային չէ: Վստահությունն սեփական ուժերի հանդեպ անչափ կարևոր է: Երբեք չպետք է հանձնվել, պետք է դնել նպատակ և իրագործել այն:
Ինձ ճանաչողները գիտեն, որ իմ համառության շնորհիվ եմ հասել այս ամենին:
Նշեմ, որ ծառայությունս անցել եմ Արցախում: Շատ մարզիկներ Ազգային բանակում ծառայելուց հետո թողնում են սպորտը մի շարք խնդիրների պատճառով:
-Արդեն գիտե՞ք, թե երբ է կայանալու հաջորդ մենամարտը:
-Կան առաջարկներ` ապրիլին մենամարտ անցկացնելու, սակայն, կարծում եմ, ամբողջովին չեմ հասցնի վերականգնվել: Հավանաբար հաջորդ մենամարտս կկայանա մայիսի վերջին: Մինչև տարվա վերջ նախատեսում եմ 3 մենամարտ անցկացնել: Պետք է ռեյտինգս բարձրացնեմ ավելի լուրջ հաջողությունների հասնելու համար: