Հայերեն   English   Русский  

ՍԴ-ն հետաձգել է Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքների սահմանադրականությունը վիճարկող դիմումի քննարկումը


  
դիտումներ: 1516

Սահմանադրական դատարանը հետաձգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքների սահմանադրականությունը վիճարկող բողոքի քննարկումը։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1-րդհոդվածի1-ինմասով` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար ։ Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք:

Բարձրաստիճան նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը, որն էլ քննում է Հայաստանում առաջին անգամ ապօրինի հարստացման հոդվածով հարուցված քրեական գործը։ Վաչագան Ղազարյանի նկատմամբ դատարանը գրավ է կիրառել` 50 մլն դրամի չափով:

2018 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ մեղադրյան Ղազարյանը դիմել է ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Նա կարծում է, որ ինքը հանցագործության սուբյեկտ չէ, հետևաբար՝ հանցակազմը բացակայում է, ինչն էլ բացառում է արարքի հանցավորությունն ու պատժելիությունը։

Դիմումատուն նշել է, որ նշված հանցակազմերի սուբյեկտների կազմը պետք է որոշվի բացառապես 2011թ. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով: Իսկ ինքը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ 2011թ. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ ծառայությունների բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնել ու պարտականություն ունեցող անձ:

Ըստ Ղազարյանի դիմումի՝ իրեն մեղսագրվող արարքների մասնակի ապաքրեականացման արդյունքում ինքը 2018 թվականի ապրիլի 9-ից դադարել է լինել հանցակազմերի սուբյեկտ, ինչը հանցագործության հանցակազմի չորս տարրերից մեկն է, և վերջիններից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի բացակայության մասին։ Իսկ հանցակազմի ապաքրեականացումն ունի հետադարձ ուժ։ Հետևաբար, իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը խախտում է Սահմանադրության 72-րդ հոդվածի երրորդ նախադասությամբ սահմանված դրույթը, այն է՝ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` ՍԴ-ն Վաչագան Ղազարյանի դիմումը քննության ընդունելու որոշում էր կայացրել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին, ըստ որի` գործի դատաքննությունը պետք է սկսվեր 2019 թվականի մարտի 12-ին։ Սակայն, օրեր առաջ Սահմանադրական դատարանը որոշել է փոխել Ղազարյանի բողոքի քննարկումը եւ նիստը հետաձգել մինչև սույն թվականի ապրիլի 16-ը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: