Հայերեն   English   Русский  

Հայտնի են Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության այցի մանրամասները


  
դիտումներ: 631

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: