Հայերեն   English   Русский  

Հանրահավաք Մադրիդում ի պաշտպանություն Կատալոնիայի ինքնորոշման


  
դիտումներ: 798

Երեկ երեկոյան հզոր հանարահավաք տեղի ունեցավ Մադրիդում ի պաշտպանություն Կատալոնիայի ինքնորոշման իրավունքի: Տվյալները մասնակիցների թվաքանակի մասին հակասական են.

եթե ոստիկանությունը հայտարարում է 18 հազար մարդու մասնակցության մասին, ապա կազմակերպիչները պնդում են 120 հազար թիվը:

Հիմնական պահանջն է ինքնավար ժողովրդին ինքնորոշման իրավունք տալ: «Մենք չենք եկել սադրելու որևէ մեկին, մենք եկել ենք պաշտպանելու հիմնական իրավունքներն ու ժողովրդավարությունը, որոնց վտանգ է սպառնում»,- հայտարարել է Òmnium Cultural հասարակական կազմակերպության փոխնախագահ Մարսել Մաուրին:

Ցուցարարների ձեռքներին բազմաթիվ էստելադաներ (անկախ Կատալոնիայի ոչ պաշտոնական դրոշը) են եղել: Հանրահավաքն անցկացվել է «Ինքնորոշումը հանցագործություն չէ: Ժողովրդավարությունը որոշելու իրավունքն է» կարգախոսներով:

«Մենք եկել ենք Մադրիդ, որպեսզի ասենք՝ չի կարելի արգելքներ դնել ժողովրդավարության առաջ: Մենք ուզում ենք մեր ապագան որոշելու իրավունք ունենալ: Կատալոնիայի ժողովուրդը վաղ թե ուշ կորոշի՝ ուզում ենք մենք Իսպանիայի հետ լինել, թե ոչ»,- հայտարարել է «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հանրահավաքի մասնակիցներից մեկը, որ Իսպանիայի մայրաքաղաք էր եկել Տերրասայից:

Ընդհանուր առմամբ Իսպանիայի տարբեր տարածաշրջաններից, առավելապես՝ Կատալոնիայից, Մադրիդ է ժամանել ակտիվիստներ բերող 500 ավտոբուս:

Բողոքի ցույցին միացել են հարյուրավոր կազմակերպություններ, ընկերակցություններ ու կուսակցություններ:

Մադրիդ են ժամանել նաև Կատալոնիայի ժեներալիտետի անդամներ, այդ թվում և նրա նախագահ Կիմ Տորրան:

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ «այն ժողովրդավարությունը, որը պաշտպանում է նրանց, ովքեր այսօր հանրահավաք են անում, դատապարտում է նրանց, ովքեր խախտում են օրենքը»:

«Ժողովրդավարությունը և նրա օրենքները պետք է նույնը լինեն բոլորի համար»,- հայտարարել է կառավարությունը՝ ավելացնելով, որ իշխանությունները միշտ էլ «առաջարկել են երկխոսություն կատալոնացիների և բոլոր իսպանացիների նորմալ գոյակցության երաշխիքների համար», սակայն բացառապես սահմանադրության շրջանակներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: