Հանգիստ նստեք տեղներդ. կառավարությունն ավելացնում է արտասահմանյան գործուղումների միջոցները
որով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախատեսված գործուղումների ծախսերն ավելացրին 40 մլն դրամով:
Պարզվում է, որ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսվել է տարեկան 350 մլնդրամ, առաջին եռամսյակի համար՝ 87.5 մլն. դրամ, սակայն մարտի 12-ի տվյալներով արդեն ծախսվել է 86.9մլն դրամ:
Շատ ավելի հետաքրքիր է այս որոշման հիմնավորումը: Պարզվում է, որ սա պայմանավորված է ոչ թե գերածախսով, այլ «պետական բյուջեում արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարության հետևանքով»:
Որ անցած տարում կառավարության աշխատակազմը չէր զլանում անընդմեջ զարմացնել մեզ իր տեղի ու անտեղի գործուղումներով, այն էլ՝ մեծ շքախմբերով, դեռ թարմ է մեր հիշողության մեջ: Այնպես որ տվյալ հիմնավորման ցինիզմը բնավ չի զարմացնում: Այլապես այս իրավիճակում կփորձեին ոչ թե հավելյալ միջոցներ ներգրավել մեր՝ հարկատուներիս հաշվին, այլ վերանայել գործուղումների կարգը՝ սահմանելով որոշակի չափանիշներ, ասենք՝ դրանց նպատակահարմարությունը, օգտակար գործողության գործակիցը, ընդգրկվող անձանց թիվը, նրանց կատարած աշխատանքի արդյունավետության գնահատման եղանակները և այլն:
Բերենք միայն մի օրինակ: Անցած տարվա նոյեմբերին ՀՀ վարչապետը հրավիրվել էր Փարիզ՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Ինչպե՞ս մեկնեց վարչապետը. ինչպես միշտ, անձնական ինքնաթիռով և 17 հոգուց բաղկացած շքախմբով (բացի վարչապետից, նրա տիկնոջից և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանից, վարչապետի աշխատակազմի 11 աշխատակից և 7 թիկնապահ): Ովքե՞ր էին աշխատակազմի ներկայացուցիչները, կարևոր գործառույթներ կատարող պաշտոնյանե՞ր՝ որոշակի հանձնարարություններով: Ոչ բնավ. օգնական, արարողակարգի բաժնի երեք մասնագետ, ի լրումն մամուլի քարտուղարի՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի երկու աշխատող, ևս երկու օպերատոր և այսպես շարունակ: Հարց է ծագում՝ ինչո՞վ էին զբաղված արարողակարգի հիշյալ մասնագետները, այդ երկու օրում Փարիզում ի՞նչ արարողակարգային հընթացս լուծվելիք հարցեր էին լուծում, կամ ի՞նչ էին անում տեղեկատվության բաժնի աշխատողները, ի՞նչ անգնահատելի տեղեկատվություն էին բերել, որ այդպես էլ չիմացանք: Վերջապես, ո՞ւմ և ինչի՞ց էին պաշտպանում այն 7 թիկնապահները:
Գործուղվածների այդ մեծ ցուցակից ապշած՝ դիմեցինք վարչապետի աշխատակազմին, որպեսզի տեղեկացնեն, թե ինչքան գումար է ծախսվել տվյալ երկօրյա գործուղման համար: Պարզվեց՝ ծախսվել էր 28 874 770 դրամ, որից 5 միլիոնը գործուղման ծախսերն են, 23 միլիոնը՝ հատուկ չվերթի գումարը: Ընդ որում, այս գումարի մեջ չեն մտնում թիկնապահների գործուղման ծախսերը, որոնք կատարվում են համապատասխան գերատեսչության բյուջեից:
Խնդրել էինք նաև, որ նշեն մինչև նոյեմբեր կատարված գործուղումների գումարները: Ահա հայտնի դարձավ, որ 11 մասում միայն վարչապետի աշխատակազմի գործուղումների համար ծախսվել է 298 միլիոն դրամ:
Հայտնի է, որ գալիք տարվա բյուջեում ծախսերի նախատեսումները կատարվում են՝ ելնելով անցնող տարում կատարված ծախսերի չափերից: Եվ նախատեսված 350 միլիոնն ակնհայտորեն ածանցվել է հենց վերը նշված թվից: Բայց եթե հաշվի առնենք, որ անցած տարվա առաջին հինգ ամիսներին հայտնի պատճառներով առանձնապես շատ գործուղումներ չեն եղել, և հաշվի առնենք մանավանդ կառավարության աշխատակազմի աշխատողների ճամփորդելու այս մեծ ախորժակն ու նրանց ղեկավարի հոգատար վերաբերմունքն այդ թուլության հարցում, ապա իհարկե նախատեսված 350 մլն դրամը տարվա համար «անբավարար» էր լինելու: Եվ կասկած չկա, որ այսօրվա որոշման նման որոշումներ կկայացվեն նաև հաջորդ եռամսյակներում:
Իսկ թե ինչի հաշվին կարվեն այդ հավելյալ ծախսերը, ներկայիս կառավարությունը հնարը շատ հեշտ գտել է. կրճատումներն ու հարկերի բարձրացումները կան ու կան: Իսկ մեզ՝ այսպես կոչված հպարտ քաղաքացիներիս, ուղերձը վաղուց է տրվել՝ հանգիստ նստեք տեղներդ և հանեք ձեր գլուխներից աղքատությունը, չե՞ք տեսնում, թե ինչպես են հեղափոխության հայրերը շքախմբերով ու արարողակարգերով պտտվում եվրոպաներում: Մի՞թե կարծում էիք՝ մարդիկ ճանապարհներ էին փակում, որ հետո ժուժկալ, չափած-ձևած կյանքով ապրեն, մարդիկ ճանապարհ էին բացում դեպի պաշտոններ ու արտասահմանյան ուղևորություններ: Առնվազն:
Անահիտ Հարությունյան