Հայերեն   English   Русский  

Ինչու՞ է Կառավարությունը ‹‹կտրում այն ճյուղը, որի վրա նստած են բոլորը››,որևէ ողջամիտ պատասխան դժվար է տալ.Խոսրով Հարությունյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 513

Սպայկա ընկերության տնօրենը կալանավորվեց: Հաշվի առնելով այդ փաստի հետ կապված ընկերության աշխատակիցների զանգվածային բողոքի ծավալը,

ամենայն հավանականությամբ առաջիկայում ընկերության գործունեությունը կաթվածահար կլինի:

Այսօր շատերն են հարց տալիս. արդյո՞ք բյուջեի հանդեպ ընկերության պարտավորությունների կատարումն ապահովելու միակ կամ ամենաարդյունավետ միջոցը ընկերության տնօրենին կալանավորելն է: Ո՞ր դեպքում է ավելի հեշտ և հավանական բյուջեի պարտքը ստանալ ընկերությունից՝ երբ այն գործու՞մ է, թե՞ երբ ընկերությունը կաթվածահար վիճակում է:

Եթե այս ամենի նպատակը բյուջեից ընկերության թաքցված գումարները հետ վերադարձնելն է (ինչը վիճելի չի կարող դիտվել), ապա արդյո՞ք դրա լավագույն տարբերակը չպետք է լիներ այն, որ ընկերությանը դատարանի որոշմամբ ներկայացվեր բյուջեի հանդեպ նրա պարտքի չափը և նույն որոշմամբ պարտադրվեր ընկերությանը ողջամիտ ժամկետում մաս մաս փակել այդ պարտքը՝ հնարավորություն տալով նրան անարգել ծավալել իր գործունեությունը:

Մի՞թե պարզ չէ, որ այդ կերպ բավարարված կլինեին բոլոր կողմերը՝թե՛ կոլեկտիվը (նրա անդամները միտինգ և ցույց անելու փոխարեն հնարավություն կունենային աշխատել և եկամուտ ստանալ), թե՛ գյուղացիները (կստանաին երաշխիք, որ իրենց բերքը հաստատ կմթերվի), թե՛ մեր սպառողը և թե՛ կառավարությունը, ընդ որում վերջինս կշահեր կրկնակի՝ ոչ միայն կվերադարձվեր բյուջեի հանդեպ ընկերության նախկին պարտքը, այլև պետբյուջե կմուտքագրվեին ընկերության ընթացիկ գործունեությամբ պայմանավորված հարկերը: Մի՞թե այս մոտեցումը տվյալ դեպքում չպետք է դիտվեր որպես ամենանախապատվելին, առավել ևս, որ մենք միջազգային կառույցների աջակցությամբ և հորդորով որդեգրել ենք, գործնականում իրեն արդարացրած, տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման քաղաքականությունը: Կարծում եմ հարցի պատասխանը տալու համար առանձնապես խորաթափանց պետք չէ լինել:

Ոստի ու՞մ էր ձեռնտու ընկերության գործունեության ձախողման գնով բյուջեի մուտքերի հավաքագրման այս իռացիոնալ մոտեցումը: Ակնհայտ է՝ ոչ մեկին:

Իսկ եթե խնդիրը դիտարկել ոչ թե բացառապես մեկ ընկերության գործունեության համատեքստում, այլ կառավարության հռչակած տնտեսական քաղաքականության լույսի տակ, ապա իրավիճակը ավելի պարադոքսալ է թվում: Ինչու՞:
Եթե մի պահ վերանանք այն խնդիրներից, որոնք առաջանում են Սպայկա ընկերության հանդեպ իշխանությունների մոտեցման արդյունքում աշխատանքային կոլեկտիվի, ընկերության սեփականատերերի, գյուղացիների և սպառողների մոտ, ապա ընկերության նկատմամբ այդ մոտեցումը չի բխում, նախ և առաջ, տնտեսական հեղափոխության, ներդրումներ ներգրավելու, հայրենական տնտեսության մեջ ‹‹հաջողված բիզնես-պատմություններին›› նպաստելու , նոր աշխատատեղեր ստեղծելու, գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը զարկ տալու և վերջապես տնտեսական տպավորիչ աճ ապահովելու վերաբերյալ մեր կառավարության ամենից շատ հնչող խոստումների տրամաբանությունից:

Այդ դեպքում ինչու՞ են իշխանությունները դիմում այնպիսի քայլերի, որոնք կարող են պատճառ դառնալ իրենց իսկ հռչակած տնտեսական քաղաքականության ձախողմանը: Ինչու՞ է Կառավարությունը ‹‹կտրում այն ճյուղը, որի վրա նստած են բոլորը››: Անկեղծ ասած, որևէ ողջամիտ պատասխան դժվար է տալ:

Միգուցէ կայացած ընկերություններից մեկի նպատմամբ նման վճռական քայլերի դիմելով Կառավարությունը փորձում է գործնականում ապացուցել, որ չի կարելի ‹‹իրենց բարեկրթությունը ընկալել որպես թուլությու՞ն››: Բայց այդ դեպքում բնական հարց է առաջանում՝ ИГРА СТОИТ СВЕЧ?





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: