Կանանց ակումբում կանանց են նվաստացնում
Որ ալիքն էլ միացնես, ինչ հաղորդում էլ լինի, հավանականությունը մեծ է, որ որպես իգական սեռի ներկայացուցիչ քեզ ինչ-որ պահի վիրավորված կզգաս, կնյարդայնանաս ու կանջատես հեռուստացույցը։ Հեռարձակվող թե հնդկական, թե հայկական սերիալներում պատկերում են ամուսնուն ստորադասված, իրավունքներ չունեցող, պարբերաբար ամուսնու կողմից ծեծի ենթարկվող կանանց, որոնց համար առաջնայինը ամուսնուն կամ ամուսնու ընտանիքին գոհացնելն է։ Գովազդներն էլ հետ չեն մնում սերիալներից՝ կանանց ու նրանց մարմինը նույնականացնելով գովազդվող տարատեսակ ապրանքների հետ։ Այս ամենին տևական ժամանակ է գումարվել է նաև «Կանանց ակումբ» կոչվող հումորային հաղորդումը։
Չորս տղամարդ սցենարիստները՝ Գրիգ Գևորգյանը, Աշոտ Աբրահամյանը, Կարեն Սահակյանը և Վահե Հովհաննիսյանը, կանանց մասին իրենց կարծրատիպային պատկերացումներն են պարտադրում մի ողջ սերնդի։ Պարադոքս է, բայց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կանանց ակումբ» հումորային հաղորդումն այնքան էլ կանանց մասին չէ, որքան տղամարդկանց և նրանց երևակայության։ Հաղորդումը գուցե կարելի կլիներ կոչել «Տղամարդկանց մտապատկերած կանանց ակումբ»։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ ակումբում կանանց մասին ոչինչ չկա, այդտեղ ընդամենն ընդգծվում ու էլ առավել են ամրապնդվում կանանց մասին կարծրատիպային պատկերացումները, որոնք, իրականում կանանց հետ այդքան էլ առնչություն չունեն։ Եվ զարմանալի է , որ կանանց ակումբի 7 իգական սեռի ներկայացուցիչները հնչեցնում են իրենց բաժին հասած տողերը, կատարում են իրենց դերերը՝ չվիրավորվելով, չմտածելով, որ իրենց կերտած կերպարներով մի ողջ սերունդ է դաստիարակվում։
Մատաղ սերնդին եթերից աղբ ենք մատուցում, իսկ հետո զարմանում, թե «ինչպես է, որ այսքան անդաստիարակ սերունդ ունենք, ա՜յ մեր ժամանակ․․․․»։
Ի՞նչ պատկերացում կարելի է կազմել այս հաղորդումը դիտելով։ Կարմիր թելով հաղորդման բոլոր էպիզոդներով անցնող միտքը հետևյալն է՝ կանայք նախանձ են, ոչ համերաշխ և չափազանց ինքնահավան։ Բոլոր էպիզոդների մեկնարկին հանդիսատեսն ականատես է դառնում ակումբի կին անդամների «գզվռտոցին» ու լեզվակռվին, միմյանց ուղղված անհարգալից ռեպլիկներին ու նախանձի և չկամության դրսևորումներին։
Հաղորդումներից մեկում հարց է հնչում․ «Առաջինը հա՞վն է եղել, թե՞ նախանձը»։ Հաղորդումն իր բոլոր թողարկումներով կարծես միտված է հանդիսատեսին ու հեռուստադիտողին հուշելու պատասխանը՝ այն է, «ի սկզբանե կանանց նախանձն է եղել»։
Հեռուստատեսությունն, անկախ հեռարձակողների կամքից, կատարում է մի շարք գործառույթներ, որոնցից մեկն էլ կրթադաստիարակչականն է։ Այո, այսօր, ցավոք, մատաղ սերունդը կրթվում է ոչ այնքան գրքերով, որքան հեռուստատեսությամբ և թվային այլ արտադրանքով։ Ի՞նչ է սովորում այս հաղորդումը դիտող երեխան կամ դեռահասը։ Շատ բաներ, որոնցից և ոչ մեկը գովելի չէ։ Օրինակ՝ երեխան կսովորի, որ իր դասընկերուհուն, քրոջը կամ ցանկացած մեկ այլ աղջկա կարող է մականուններ կպցնել՝ պայմանավորված նրա արտաքինով, որ կարելի է ծաղրել իր շրջապատի աղջիկներին իրենց արտաքինի համար։
Հաղորդման շրջանակներում բոլոր էպիզոդներում հնչում են գնահատականներ՝ պայմանավորված կանանց արտաքինով։ Այստեղ կանայք միմյանց կոչում են ոչ թե անուններով, այլ մականուններով՝ պիվի բոչկա, լոբու փետ, անորեքսիկ, դոնդող, դիստրոֆիկ, զակատ արած կարմիր բիբար, դաշտամուկ, ծաղկի բուդկա, թարախ, ծծած մոմպաս, ճարպակալած որմզդեղ, սոված լեմուր և այլն և այլն, այս շարքն անվերջ կարելի է շարունակել, քանի որ սցենարիստների երևակայությունը կարծես սահմաններ չի ճանաչում։ Բայց արի ու տես, որ մականունների առումով սցենարիստների երևակայությունը գործում է միայն կանանց պարագայում, ակումբի տղամարդ անդամները միմյանց մականուններ չեն կպցնում։
Հասարակական և պետական մակարդակով ռեսուրսներ ու ջանքեր են ներդրվում՝ խրախուսելու կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց ինքնուրույնության խրախուսումը։ Բայց արի ու տես, որ հաղորդման հեղինակները վարվում են ճիշտ հակառակ տրամաբանությամբ․ հանրությանը կարծրատիպերով են «սնուցում ։ Այսպես, հումորային համարներից մեկում պատկերաված է մի ընտանիք, որն ունի 4 դուստր, որոնք ամուսնացած չեն։
«4 հատ աղջիկ ունեցար, 4-ն էլ չպսակվան»,- ասում է ընտանիքի հայրը՝ դիմելով կնոջը։ Ի պատասխան, երբ կինն իբրև թե ամուսնու դառնությունը մեղմելու միջոցներ է առաջարկում, հնչում է հետևյալ արտահայտությունը․ «Գլուխդ պիտի դնես մարգանցովկի մեջ, որ 4 հատ աղջիկ ունեցար, 4-ն էլ չպսակվան․․․46 վայրկյան հաճույքը 46 տարի է, թթվել է վրեքս»։ Փաստորեն, ըստ հաղորդման սցենարիստների, չամուսնացած աղջիկը ծանր բեռ է իր ընտանիքի համար, այն էլ 21-րդ դարում, երբ խրախուսվում է կանանց ինքնուրույնությունն ու մասնագիտական կայացումը։
Իհարկե, հաղորդման սցենարիստները կարող են ասել, որ հանրության պահանջարկն է այդպիսին։ Բայց նման շաբլոնային արդարացումները հիմնավորված չեն։ Փորձեք մի քանի անգամ որակյալ հումոր եթեր հեռարձակել և դիտարկեք՝ նվազել, թե ավելացել է հաղորդման լսարանը։ Հարգելի սցենարիստներ, անգամ եթե չեք ուզում որակյալ հումոր եթեր հեռարձակել, ապա գոնե դադարեք շարունակաբար վիրավորել կանանց։ Կամ երրորդ տարբերակը՝ պարզապես ակումբի անունը փոխեք, որպեսզի չստացվի, որ կանանց ակումբում կանանց եք նվաստացնում։
Ի դեպ, քննարկման մեծ թեմա է նաև հաղորդման՝ մայրենին աղավաղող լեզուն։ Բայց այդ մասին մեկ ուրիշ անգամ։
Լուսանկարը՝ Կանանց ակումբի ֆեյսբուքյան էջից