Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովում այսօր լարված է եղել


  
դիտումներ: 1141

Այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էր 20 հարց: Օրակարգում էին Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջարկվել Գոռ Հովհաննիսյանը, որի ընտրությունը իրականացվելու է փակ և գաղտնի եղանակով:

Մինչ քննարկման առաջին հարցին անցնելը, պատգամավորները քննարկում էին, թե պետք է լիագումար նիստերի օրակարգ անցնեն այն նախագծերը, որոնք բացասական եզրակացություն են ստացել թե´ կառավարության, թե´ հանձնաժողովների կողմից: Նման նախագծեր ունեին և´ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, և´ Լուսավոր Հայաստանը: Այս կուսակցությունների պատգամավորները պնդում էին, որ այդ նախագծերը պետք է մտնեն նիստերի օրակարգ և լայն քննարկումների առարկա դառնան:

«Արդեն զարմանալու չէ, որ մեր ներկայացրած նախագծերը բացասական եզրակացությամբ Կառավարությունից գալիս են Ազգային ժողով, առանց լուրջ պարզաբանումների, իսկ Ազգային ժողովն էլ հավատարիմ է մնում նախկին ավանդույթներին ու կատարում է Կառավարության պահանջը: Մենք ներկայացրել էինք նախագիծ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարվի, համաձայն որի պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար սահմանվի պատասխանատվություն տուգանքի ձևով: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու, նոտարների գործունեությանը խոչընդոտելու համար գործում են օրենքներ, մենք էլ առաջարկում ենք որ Վարչական օրենսդրությունում լրացումներ կատարվեն ու պատասխանատվություն սահմանվի նաև պատգամավորի գործունեությանը խոչընդոտելու համար»,- ԲՀԿ-ի նախագիծը ներկայացրեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Իմ քայլը» կուսակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը իր ելույթի ընթացքում ԲՀԿ-ին մեղադրեց սաբոտաժ անելու, հասարակությանը հաճոյանալու ու հանրությանը հաճելի, բայց անօգուտ նախագծեր ԱԺ բերելու մեջ:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Համազասպ Դանիելյանին կոչ արեց հետ նայել ու տեսնել, թե նախկինում ով ինչ է խոսել:

«Ես ու Նիկոլ Փաշինյանը նախորդ խորհրդարանում ներկայացրել էինք մի նախագիծ՝ պատգամավորների քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու և դրան արգելք հանդիսացող խոչընդոտների վերաբերյալ, որը մերժվել էր: Այժմ այդ նույն նախագիծը բերվել է խորհրդարան, ու դուք դա պոպուլիզմ եք համարում: Լավ կլինի քաղաքական հետագիծ ունենաք ու ձեր կենսագրությունը չվիճարկեք ԱԺ ամբիոնից»,-ասաց Մարուքյանը:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Համազասպ Դանիելյանին կոչ արեց զուսպ լինել:

«Նախ այն ինչ արել է «Բարգավաճ Հայստանը», Ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տա գնահատելու ու հասկանալու համար, և երկրորդ մի ամբողջ խմբակցության առաջարկած նախագծին տրվում է անհեթեթ որակում, որը խոսում է ձեր քաղաքական դաստիարակության, ձեր քաղաքական վարքագծի բացակայության մասին: Մի եղեք այդքան մեծամիտ, շնորհակալ եղեք Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և ևս մի քանիսին, որ դուք այսօր այստեղ նստած եք զուտ պատահականորեն»,-ասաց Զոհրաբյանը:

Նոր ձևավորված Ազգային ժողովում նման բանավեճեր դեռ տեղի չէին ունեցել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքելով բուռն քննարկումներին ու լարված իրավիճակին՝ հորդորեց պահպանել սահմանված կարգը և պրովակացիաների չդիմել: Ազգային ժողովի նիստը դեռ չի ավարտվել:

Լիանա Եղիազարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: