Հայերեն   English   Русский  

Վարչապետն այցելել է ԵՊՀ մասնաշենք


  
դիտումներ: 1259

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարանի մասնաշենք

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարանի մասնաշենք և հանդիպել Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ:

«Ես հակիրճ կլինեմ, քանի որ կարծում եմ, որ հանդիպումը բուն նպատակին կծառայի, եթե ակտիվ քննարկումների, մտքերի փոխանակության արդյունքում գանք ընդհանուր եզրակացության: Կխոսեմ տնտեսության մեր տեսլականի մասին: Առաջիկա տարիներին մեր երկիրը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիական ոլորտը պետք է դառնա Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը: Եթե փորձենք ավելի հստակեցնել, ապա մենք պատկերացնում ենք, որ առաջիկա 10 տարվա ընթացքում Հայաստանի 10 կամ 20 ամենախոշոր ընկերությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկություններ: Մենք Հայաստանը մոտ ապագայում տեսնում ենք բարձր որակավորման աշխատուժի երկիր: Մեր պատկերացմամբ Հայաստանը պետք է դուրս գա ցածր որակի աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, հետևաբար կրթության ոլորտում պետք է ունենանք շատ լուրջ բարեփոխումներ, և այդ բարեփոխումների հիմնական իմաստը պետք է լինի այն, որ կրթական համակարգը ի վիճակի լինի ապահովել աշխատուժ ՀՀ շուկայի համար, և այն պահին, երբ ուսանողները կլքեն ԲՈՒՀ-ը, նրանք շուկայում պետք է մրցունակ լինեն: ՀՀ Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքակնություն, և դրա կարևորագույն գործիքներից մեկը ՀՀ Հարկային օրենսգրքում համահարթ եկամտահարկի սահմանումն է»,-իր ելույթում ասաց Փաշինյանը:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն ասաց, որ այսօր Հայաստանը դոնոր է արտերկրի համար, լավագույն ուսանողները մեկնում են արտասահման՝ աշխատանք որոնելու: Ըստ նրա՝ արմատական փոփոխություն է պետք կրթության ոլորտում, որպեսզի նպատակային կադրեր պատրաստվեն: Մանասերյանը նշեց, որ հեղափոխության մեկ տավա ընթացքում գիտության ոլորտում ակնկալվում էր լուրջ փոփոխություններ, որոնք, սակայն, չեն կատարվել, ու այսօր մեր գիտությունը չի կարող դիմակայել մարտահրավերներին:

Փաշինյանն ասաց, որ դիտարկումները ճիշտ են, և նման խնդիրների լուծման համար Կառավարությունը կարիք ունի աշխատել տեղի փորձագետների հետ: Հանդիպումը դեռ շարունակվում է, վարչապետը պատասխանում է ներկաների հարցերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: