Նրանք զոհվեցին, քանի որ քրիստոնյա էին․ Շրի Լանկայի ահաբեկչությունը խոշորագույններից է աշխարհում
8 պայթյուններից 3-ը տեղի են ունեցել հինգ աստղանի թանկարժեք հյուրանոցներում, 3-ը՝ քրիստոնեական տաճարներում, որոնք Հարության պատարագի օրը լեցուն էին հավատացյալներով, մեկ պայթյուն տեղի է ունեցել մայրաքաղաք Կոլոմբոյի կենդանաբանական այգու մոտակայքում, որը հանգստյան օրերին լեցուն է այցելուներով, ևս մեկը բնակելի շենքում։ Իրավապահները նույն օրը՝ ապրիլի 21-ին, պայթուցիկ են հայտնաբերել և չեզոքացրել օդանավակայանի մոտակայքում։ Իսկ ապրիլի 22-ին պայթուղիկներով բեռնված մի բեռնատար է հայտնաբերվել ու չեզոքացվել։
Ըստ երկրի իրավապահ մարմինների՝ ահաբեկչությունն իրականացվել է մահապարտների միջոցով։ Հայտնի է, որ զոհերի թվում առնվազն 7 մահապարտ կա։ Ահաբեկչության կազմակերպման կամ դրա հետ առնչություն ունենալու կասկածանքով արդեն իսկ բերման է ենթարկվել 24 մարդ։ Նրանք բոլորն էլ Շրի Լանկայի քաղաքացիներ են։
Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Ջամաթ ալ Թաուհիդ-ալ-Վաթանիա» /Ազգային միասնություն/ ահաբեկչական խմբավորումը։ Սա ծայրահեղական իսլամիստների ահաբեկչական խմբավորում է, որը հայտնի է կղզու շրջանակներում, բայց ոչ աշխարհում։
Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել են, որ չեն հավատում, որ տեղական փոքր ահաբեկչական խմբավորումը կարող էր պլանավորել և իրականացնել ահաբեկչությունների շարքը։ Նրանք համոզմունք են հայտնել, որ գործողություններն իրականացրել է միջազգային որևէ ահաբեկչական իսլամիստական խմբավորում։
«Մենք չենք հավատում, որ հարձակումները իրականացրել է մեր երկրում գործող խմբավորումը։ Գործել է որևէ միջազգային խմբավորում, առանց որի աջակցության այդ հարձակումները չէին կարող իրագործվել»,- հայտարարել է Շրի Լանկայի կառավարության մամուլի խոսնակը։
Երկրի իշխանությունները նաև հայտարարել են, որ այլ երկրների աջակցության կարիք կունենան՝ ահաբեկչության օտարերկրյա հետքը բացահայտելու համար։
Տեսակետ է հնչում, որ ահաբեկչությունների շարքում կարող է դերակատարում ունենալ Իսլամական պետությունը, կամ էլ իրագործողները ահաբեկչական այս խմբավորման նախկին զինյալներ են։ Վերլուծաբանները շեշտում են, որ Սիրիայում և Իրաքում Իսլամական պետության պարտությունից հետո շատ զինյալներ իրենց նախնական բնակության երկիր են վերադարձել, որտեղ և կարող են ներգրավվել ահաբեկչական գործողություններում։
Ուշագրավ է, որ ըստ լուրերի երկրի հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել սպասվող ահաբեկչությունների շարքի մասին․ նրանց այդ մասին իրազեկել են այլ երկրի հատուկ ծառայությունները։ Հարց է, թե ինչու կանխարգելիչ գործողություններ չեն ձեռնարկվել՝ գուցե չեն հասցրել, կամ էլ ահազանգը լուրջ չեն ընդունել։
Հարցը բարձրացնում են նաև Շրի Լանկայի քաղաքացիները։ Այսպես՝ այդ երկրի հեռահաղորդակցությունների նախարար Հարին Ֆերնանդոն համացանցում հայտարարել է, թե հատուկ ծառայությունները տեղյակ են եղել սպասվող ահաբեկչությունների մասին։ Իր հայրն էլ հատուկ ծառայությունների աշխատակցից է լսել քրիստոնեական տաճարների վրա հարձակման հնարավոր վտանգի մասին։ «Պետք է պարզել, թե ինչու են զգուշացումն անտեսել»,- գրել է նախարարը։
Ովքե՞ր են զոհերը
Ահաբեկչության զոհերի գերակշռող մասը քրիստոնյաներ են։ Այս փաստը և հարձակումների համար ընտրված վայրն ու ժամանակը թույլ են տալիս ենթադրել, որ կրոնական հողի վրա իրականացված ահաբեկչություն է, իսկ հիմնական թիրախը եղել են քրիստոնյաները։ Շրի Լանկայում քրիստոնյաները կրոնական փոքրամասնություն են կազմում՝ երկրի 22 մլն բնակչության 7-8 տոկոսն է միայն քրիստոնյա։ Այստեղ բնակչության 70 տոկոսը բուդայական է, 12 տոկոսը՝ հինդուիստ, 9 տոկոսը՝ մահմեդականներ։
Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմը 2009-ից սառեցված վիճակում է, ինչը հնարավորություն էր տվել քիչ թե շատ մեղմել լարվածությունը տարբեր կրոնական համայնքների ու խմբավորումների միջև։ Ահաբեկչության պատճառով կրոնական խմբավորումների միջև նոր լարվածության ալիք կարող է բարձրանալ։
Հնարավոր անցանկալի զարգացումներից խուսափելու համար իշխանությունները Շրի Լանկայում արտակարգ դրություն են հայտարարել, իսկ մուտքը սոցնանցեր արգելափակվել է։ Պատճառաբանվում է, թե այսպիսով փորձում են կանխել ապատեղեկատվության տարածումը, ինչպես նաև ահաբեկիչների հաղորդակցությունը և հետագա գործողությունների պլանավորումը։
Զոհվածների թվում 39 օտարերկրացիներ են՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Նիդեռլանդների քաղաքացիներ։ Հայտնի է, որ ահաբեկչության զոհ են դարձել Դանիայի ամենամեծահարուստ մարդու երեք երեխաները։
Անդերս Հոլխ Պովլսենը Bestseller միջազգային ցանցի սեփականատերն է և Asos ընկերության խոշորագույն բաժնետերը, նրա կարողությունը գնահատվում է շուրջ 5,7 մլրդ դոլար։ Նա կնոջ և 4 երեխաների հետ Շրի Լանկա էր մեկնել՝ այնտեղ անցկացնելու հանգստյան օրերը։
Զոհերի թվում, բարեբախտաբար, Հայաստանի քաղաքցիներ կամ հայեր չկան․ այսպիսին են ԱԳՆ տվյալները։
Միջազգային արձագանքը
«Դաժան վայրագությունը» դատապարտել է Հռոպի պապ Ֆրանցիսկոսը։
Շրի Լանկայում տեղի ունեցած ողբերգությանն արձագանքել են մի շարք երկրների առաջնորդներ, միջազգային կառույցների ղեկավարներ, տարբեր մակարդակի պաշտոնյաներ։
Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․ «Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ակնեղծորեն ցավակցում եմ Շրի Լանկայի ժողովրդին: Մենք պատրաստ ենք մեր օգնությունն առաջարկելու»:
«Խորապես վշտացած եմ Շրի Լանկայի եկեղեցիներում ու հյուրանոցներում իրականացված ահաբեկչական գործողությունների առնչությամբ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ զարհուրելի գործողությունները: Զատիկի օրը Ֆրանսիան իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին»,- թվիթերում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Իր ցավակցություններն է հղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ «Մենք պետք է համախմբվենք, որպեսզի թույլ չտանք, որ որևէ մեկը երկյուղի մթնոլորտում հետևի իր հավատի սովորություններին»,- ասել է նա։
Տեղի ունեցածը դատապարտել է նաև ՀՀ ԱԳ նախարարը։ «Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը: Շրի Լանկայի կառավարությանը և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»,- ասված է Զ․ Մնացականյանի թվիթերյան գրառման մեջ: