Հայերեն   English   Русский  

Շարժական առևտրի կետերի սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց


  
դիտումներ: 377

Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում շարժական առևտրի կետերի սեփականատերերն ու աշխատակիցները:

Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ թույլ չեն տալու նոր շարժական կրպակներ ստեղծվեն՝ այն էլ ավտոկայանատեղիներում: Նրա խոսքով` իրենք քաղաքը տանում են առաջ, այլ ոչ թե հետ՝ 90-ականներ, որ ով, որտեղ, ինչ ուզում դնում էր և սկսում էր վաճառել:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ՝ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը, ինչից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հոսանքազրկել է շարժական սրճարանները, քանի որ առաջացել են կասկածներ, որ դրանք իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ:

Շարժական սրճարանների նորաստեղծ հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Մելիքյանը պնդում է, որ ՀԷՑ-ի աշխատանքները անօրինական են եղել:

«Մենք մեր շուրջը հավաքել ենք բոլոր շրջիկ սրճարանների սեփականատերերին և բողոքի ակցիա ենք անում: Ապրիլի 19-ից սկսվել է ուղղորդված շրջայց՝ շրջիկ սրճարանների դեմ, նրանց ուղեկցում են ՀԵՑ-ից ներկայացուցիչներ, որպեսզի հոսանքազրկեն առևտրի կետերը: Հոսանքազրկումները ապօրինի են, քանի որ մենք ունենք ՀԵՑ-ից թույլտվություն, պայմանագիր: Նման ձևով խոչընդոտում են մեր աշխատանքին: Երբ քաղաքապետը ասում է, որ մեքենաները կանգնեցնում են իրենց ավտոկայանատեղիներում, պետք է իմանա, որ դա իրենց ավտոկայանատեղին չէ, այլ բոլորինը: Մենք խոսել ենք ավագանու անդամների հետ, առաջարկել ենք, որ շարժական սրճարանների համար նույնիսկ տուրք մտցվի, մի շարք այլ կարգավորումներ անեն դաշտում, բայց ոչինչ չի արվում»,-ասում է Կարեն Մելիքյանը:

Ըստ նրա՝ այս պահին բոլոր շարժական կետերը հոսանքազրկված են, սակայն կան կետեր, որոնք նախկին Կառավարության տված թույլտվություններով են աշխատում ու չեն հոսանքազրկվել:

«Այս պահին բողոքում ենք հոսանքազրկման դեմ, խնդրում ենք, որ Կառավարությունը այլընտրանքային լուծումներ, աշխատելու մեթոդներ առաջարկի: ՀԷՑ-ից թուլտվություն ստանանք, որպեսզի շարունակենք աշխատել և մասնակցենք հետագա քննարկումներին՝ դաշտի կարգավորման վերաբերյալ»,-նշում է Կարեն Մելիքյանը:

Ըստ վերջինիս՝ իրենց ուժերով ապամոնտաժել են շուրջ 9 շրջիկ կետեր, որոնք քաղաքապետարանի կողմից դիտվել են վատ օրինակներ և խախտումներով աշխատողներ: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ պատրաստ են նստել քննարկման սեղանի շուրջ և որոշ զիջումների գնալ, եթե դրա կարիքը լինի:

Կառավարության դիմաց դեռ շարունակվում է բողոքի ակցիան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: